«Պլանի» տակ է եւս մեկ կանաչ գոտի Իսկ Երեւանի քաղաքապետն ու հանրապետության նախագահը խոստանում են նոր կանաչ գոտիներ Ազատության պողոտայի 9/3 եւ 9/4 շենքերի բնակիչները երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ստիպված էին դատական կարգով վիճարկել իրենց շենքերի բակում սեփական ուժերով եւ ֆինանսական միջոցներով դեռ 1976 թ. կառուցված կանաչ գոտին եւ խաղահրապարակը անօրինական շինությունից փրկելու հարցը: Հիշյալ երկու շենքերը ներառող «Հայք» համատիրության նախագահ Վորոնցով Հունան-յանի մատուցմամբ, դեռ 1974թ. այս հասցեում գտնվող 6 սեփական տների բնակիչներ՝ 12 ընտանիքներ, միավորվել եւ կոոպերատիվ հիմունքներով երկու շենք են կառուցել: Ընդ որում, Երեւանի երկաթգծի բուժմիավորման կոոպերատիվ շինարարության համար եղել է Երեւանի քաղխորհրդի գործկոմի միանգամայն օրինական որոշումը: Դրա համաձայն, 180 քմ տարածքով հողհատկացում է արվել շինարարության համար եւ շենքերը սկսել են կառուցել: Շենքերը շահագործման են հանձնվել 1976-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: «Սեփական տները քանդելուց եւ շինարարությունն ավարտելուց հետո մեր երկու շենքերի արանքում ազատ տարածք էր մնացել՝ 500 քմ, որը գլխավոր հատակագծով հատկացված է մեր շենքերին: Բնակիչների ուժերով այդ տարածքում շինարարական աղբը մաքրվել, հողալցման աշխատանքներ են կատարվել, եւ այդ տարածքը դարձել է երեխաների համար խաղահրապարակ՝ կանաչ գոտի: Ցանկապատվել է, ծառեր են տնկվել, այդ թվում՝ պտղատու, այսօր խաղողի վազեր կան, խաղասեղաններ եւ նստարաններ են տեղադրվել: 2003-ի օգոստոսին մեկ էլ իմացանք, որ մեր ծանոթ հարեւաններից մեկը՝ Աշոտ Բարսեղյանը, որը սեփական եռահարկ տուն ունի նույն փողոցում, ի դեպ, Զորի Բալայանի հարսի հայրն է, մեր այդ 500 քմ տարածքի վրա աչք ունի եւ գնել է աճուրդով: Տարածքը բնակելի շենք կառուցելու համար վաճառվել է 1քմ-ն 5 դոլարով: Այսինքն՝ Ազատության պողոտայում 500 քմ տարածքը այդ մարդը գնել է ընդամենը 2500 դոլարով, երբ դրա իրական գինը արժե 50-60 հազար դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց Վ.Հունանյանը: Բնակիչներն այս գործարքը ոչ միայն կասկածելի են համարում, այլեւ՝ հակված են կարծելու, որ հայտարարված մրցույթն էլ կեղծ է եղել: Բայց դա ապացուցելու փոխարեն, մարդիկ ուզում են այդ տարածքի նկատմամբ իրենց իրավունքը պաշտպանել: «Հետաքրքրվեցինք, ասացին, որ՝ այո, վաճառվել է: Հենց մենք սկսեցինք բողոքել, գործը, կարծս թե, դանդաղեց: Մենք բնակիչների ստորագրությամբ գրավոր դիմումներ գրեցինք ե՛ւ Երեւանի քաղաքապետի անունով, ե՛ւ քաղաքաշինական վարչություն, ե՛ւ ՀՀ նախագահին: Ե.Զախարյանից այդպես էլ որեւէ գրավոր, պաշտոնական պատասխան չստացանք: Մեզ միայն բանավոր ասում էին, որ այդ տարածքի վրա վերահսկողություն կա, որ վաճառքը կասեցված է եւ այլն: ՀՀ նախագահի աշխատակազմից էլ նամակ ստացանք, թե մեր դիմումն ուղարկված է քաղաքապետարան եւ պատասխանն այնտեղից կստանանք»,- պատմեց պարոն Հունանյանը՝ հավելելով, թե միայն հետո հստակ դարձավ, որ բնակիչներին իշխանություններն ուղղակի հանգստացնում էին, որ հետո ստվերում կնքեն իրենց անօրինական գործարքը եւ մարդկանց կանգնեցնեն կատարված փաստի առաջ: Հունվարի 19-ին Զ. Բալայանի խնամին տարածքը սեփականաշնորհելու վկայական է ստացել: «Արդեն փետրվարին տեսանք, որ մեր հարեւանն իր փեսայի հետ եկել, չափուձեւ են անում: Մարդիկ հավաքվեցին, սկսեցին բողոքել: Բայց պարզվեց, որ սեփականաշնորհման վկայականը կադաստրն արդեն տվել է: Մեզ ուղղակի խաբեցին»,- պատմեց պարոն Հունանյանը: Վրդովված բնակիչները ստիպված են եղել փաստաբան վարձել եւ դատարանների դռներն ընկնել: Դատական առաջին նիստը, որ պետք է կայանար դեռ ապրիլի 13-ին, հետաձգվել էր պատասխանող կողմի բացակայության պատճառով: Երեկ հերթական նիստին Ա. Բարսեղյանը ներկայացել էր հարբած: Դատական նիստը երեկ դարձյալ հետաձգվել է: Թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ «Առավոտը» հետամուտ կլինի: Ն. Մ.