ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴԱՌԱՋԵՑ ԱԺ-ն երեկ առավոտյան 79 «կողմ», 2 «դեմ» (Մանուկ Գասպարյան, Էմմա Խուդաբաշյան) ձայներով 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը: Օրվա երկրորդ կեսին այն հասցրին քննարկել 3-րդ ընթերցմամբ: Ըստ ամենայնի՝ օրենքն այսօր կընդունեն ամբողջությամբ: Մինչդեռ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը երեկ էլ «Ազատություն» ռ/կ-ին հայտնեցին, թե այդ օրինագծում ամբողջությամբ հաշվի չեն առնվել եվրոպական չափանիշները: Նատալյա Վուտովայի կարծիքով, վերանայման կարիք ունեն օրինագծի մի շարք հոդվածներ: Ու թեեւ հիմնական զեկուցողներն անընդհատ մեջբերում էին հատկապես ԵԱՀԿ ներկայացուցչի դիրքորոշումը, թե նախագիծն արմատապես բարելավվել է, երեկ Վլադիմիր Պրյախինը հայտարարեց, թե օրինագիծը հաշվի չի առնում ազատորեն հանրահավաքներ անցկացնելու եվրոպական բոլոր չափանիշները: Այսուհանդերձ, հաշվի չեն առնվի այս գնահատականները, ինչպես հաշվի չառնվեց «Արդարության» առաջարկը՝ հետաձգել օրենքի ընդունումը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց լրագրողներին. «Կառավարությունում առավոտյան քննարկում եղավ այս հարցի շուրջ եւ որոշում կայացվեց այնուամենայնիվ ներկայացնել քվեարկության: Քանի որ դաշտն իսկապես շատ բաց է, եւ հենց դա է տեղիք տալիս ավելորդ լարվածությունների՝ որոշվեց քվեարկել այս նախագիծը, ինչը չի բացառում հետագա ցանկացած աշխատանք օրենքի վրա»: Ցույցերի մասին օրենքները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում ընդունվեցին գրեթե զուգահեռ: Սակայն ՌԴ նախագահը ապրիլի 26-ին դիմեց Պետդումային՝ առաջարկելով մեղմել այդ օրինագիծը եւ պահպանել արգելքը՝ բողոքի ցույցեր անցկացնել միայն նախագահի նստավայրի, դատարանների, բանտերի, վտանգավոր ձեռնարկությունների եւ սահմանային գոտիների մոտ: «Ռուսաստանը կարիք չունի բողոքի ցույցերի նկատմամբ անառողջ որեւէ սահմանափակման»,- ասել էր Պուտինը: Հայաստանը թերեւս ունի՞ այդ կարիքը, քանի որ այս օրենքով արգելվում է ցույցեր կազմակերպել պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների (նախագահի նստավայր, ԱԺ, կառավարություն եւ այլն) տարածքներում եւ դրանցից 150 մետրից պակաս հեռավորության վրա: Արդարադատության նախարարը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը. «Եթե համեմատենք ռուսական օրենքի հետ՝ կտեսնեք, որ մեր օրենքում պարունակվող սահմանափակումները շատ ավելի քիչ են»: Ա. Ի.