Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին վտանգի տակ է

Ապրիլ 28,2004 00:00

Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին վտանգի տակ է Միայն վերջին վեց ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանի եւ մեր երկրում տեղի ունեցող գործընթացների հարցը դառնում է ԵԽ ԽՎ նստաշրջանի քննարկման առարկա: Նման մի քննարկում եղավ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում, որը տեղի ունեցավ հունվարի 26-29-ը: Վեհաժողովը քննարկեց ինչպես ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների հարցը եւ որոշում կայացվեց մինչեւ ապրիլ ամիսը ՀՀ-ին «ուղղվելու» ժամանակ տալ: Ասել է թե, մինչեւ ապրիլ ԵԽ ԽՎ դիտարկման խումբը Հայաստանում անելիք ուներ: Թե որքանով այդ ընթացքում ուղղվեց ՀՀ-ն՝ մասնավորապես երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու իմաստով, արդեն վկայում է ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի հարցը արտահերթ եւ հրատապ կարգով քննարկման դնելու մասին ԵԽ ԽՎ որոշումը, նաեւ այն փաստաթուղթը, որը երեկ երեկոյան քննարկվել է Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում: Փաստաթուղթը դատապարտում է ՀՀ-ում վերջին շաբաթներին տեղի ունեցող իրադարձությունները, բռնությունները, ձերբակալությունները եւ այլն ու պատժամիջոցներ է նախատեսում. «Եթե ՀՀ ղեկավարությունը ընդդիմության հետ երկխոսություն չսկսի՝ կատարելով առաջադրված պահանջները, ապա՝ ս.թ. հունիսին ԵԽ ԽՎ նստաշրջանում կկասեցվի Հայաստանի անդամակցությունն այս կազմակերպությանը»: Իհարկե, մինչեւ փաստաթուղթը Վեհաժողովի լիագումար նիստում քննարկման ներկայացնելը, այն դեռ մոնիտորինգի հանձնաժողովում վերջնական տեսքի պետք է բերվի՝ նկատի ունենալով պատգամավորների կարծիքներն ու շտկումները: Երեքշաբթի երեկոյան փաստաթուղթը պետք է բաժանվեր պատգամավորներին: Հաջորդ 24 ժամում վերջիններիս առաջարկությունները նորից քննարկվելու էին մոնիտորինգի հանձնաժողովում: Բայց՝ ինչպես հայաստանյան պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանն ասաց «Առավոտին», երեկ Երեւանի ժամանակով ժ. 22-ին դեռ այդ նախագիծը բաժանված չի եղել՝ տակավին մշակման փուլում լինելու պատճառաբանությամբ: Բոլոր դեպքերում, փաստաթղթի նախագիծն ու արված առաջարկությունները ԵԽ ԽՎ-ում կքննարկվեն եւ կընդունվեն այսօր, Երեւանի ժամանակով ժ. 21:15-ին: Ըստ ամենայնի, այս հարցով զեկուցողը կլինի մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Երժի Յասկերնյան: Ինչ վերաբերում է ՀՀ-ի անդամակցության կասեցման մասին փաստաթղթի նախնական տարբերակում առկա դրույթին, ապա՝ Ա.Գեղամյանի ասելով, դա, թերեւս, միակ կետն է, որ հավանաբար, վերջնական տարբերակում չի փոփոխվի: Ի դեպ, մոնիտորինգի հանձնաժողովում զեկույցի նախնական տարբերակի քննարկմանը մասնակցել էին ոչ միայն հանձնաժողովի անդամ Ա.Ռուստամյանը, այլեւ՝ Տիգրան Թորոսյանն ու Շավարշ Քոչարյանը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այնտեղ պայքար է ծավալվել հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջեւ: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, բանավեճը եղել է հիմնականում 3-4 հարցի շուրջ: Նախ, կոալիցիայի անդամները հանձնաժողովին փորձել են մոլորության մեջ գցել՝ ասելով, թե ՀՀ ՍԴ-ն վերանայել է վստահության հանրաքվեի անցկացման մասին իր որոշումը: Շ.Քոչարյանն առարկել է եւ բաժանել է որոշման անգլերեն տարբերակը՝ պնդելով, որ ՍԴ-ն նման որոշում չի կայացրել, իսկ 2003-ին ընդունած որոշման վերջին տողում էլ արձանագրված է, որ ՍԴ որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ: Շ.Քոչարյանը հույս է հայտնել, որ ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստին ներկայացվող փաստաթղթում այս կետը կշտկվի: Մեկ այլ դեպքում ընդդիմությունը կասկածի տակ է առել կոալիցիայի անդամների այն մեկնաբանությունը, թե ՀՀ նախագահական եւ ԱԺ ընտրությունների արդյունքները ՀՀ-ում հաստատվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Շ.Քոչարյանը պնդել է, որ միջազգային կազմակերպություններից եւ ոչ մեկը որեւէ նման հաստատող ձեւակերպումներ չի արել: Նրանք միայն արձանագրել են, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Այս առարկությունը հանձնաժողովում ընդունվել է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930