Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սպիվակովցիները մեկնեցին Ամերիկա

Ապրիլ 28,2004 00:00

Վ. Սպիվակովի միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի պատանի երաժիշտները ապրիլի 25-ից մայիսի 8-ը առաջին անգամ հանդես կգան ԱՄՆ-ում՝ տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու հայր սուրբ Անուշավան Թանելյանի հրավերով։

Հանդիպեցինք հրավիրող կողմի ներկայացուցիչ, մեր հայրենակից Քրիստոֆեր Սեւաջյանին, որն, ի դեպ, առաջին անգամ է հայրենիքում։

«Առավոտի»՝ «Ինչպե՞ս է կատարվել երաժիշտների ընտրությունը» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Աշխարհահռչակ ջութակահարի անունը կրող հիմնադրամի գործունեությանը մենք քաջածանոթ ենք։ Տեսաերիզների օգնությամբ ծանոթացել ենք հայ երիտասարդ երաժիշտների ելույթներին Հայաստանում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Ցյուրիխում։ Հայրս՝ Րաֆֆի Սեւաջյանը, քանիցս ելույթներ է ունեցել Հայաստանում, ղեկավարելով Հարություն Թոփիկյանի կամերային երգչախումբը։ Ես օպերային երգիչ եմ, հինգ տարի բեմ եմ բարձրացել Նյու Յորքի «Գրանդ օպերա» թատրոնում։ Ասել կուզեմ՝ երաժիշտների ընտրությունը կատարվել է մեր՝ պրոֆեսիոնալներիս կողմից»։

Արդյունքում ընտրվել են երեք երաժիշտներ՝ ջութակահար Անի Պիվազյանը (Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Ա. Բերբերյան), դաշնակահար Լեւոն Ավագյանը (Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ Հ. Հակոբյան) եւ վոկալիստ Արսեն Ստեփանյանը (Մանկական ձայնի պահպանման թեքումով դպրոց, դասատու՝ Դ. Ղարագյոզյան)։

Ք. Սեւաջյանը հիացմունքով արտահայտվեց օրերս Արմավիրի մարզում կայացած սպիվակովցիների ու տեղի պատանի երաժիշտների միացյալ համերգի մասին. «Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ համերգում տեսած չկայի»։ Ընդգծելով մշակույթի փոխնախարար տիկին Խոդիկյանի ներկայությունը, նա ասաց. «Սա նշանակում է, որ արդեն դպրոցական տարիքից ապագա արվեստագետների հանդեպ կա ամենակարեւորը՝ հոգատարություն։ Տեղեկացված ենք նաեւ, որ արդեն հինգ տարի գործում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ Հայաստանի առաջին տիկնոջ ղեկավարությամբ»։

Ք. Սեւաջյանը Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը գնահատելով պրոֆեսիոնալ, տեղեկացրեց իր եւ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ելենա Սմբատյանի հետ ունեցած զրույցի այն հատվածին, որը վերաբերում է առաջիկա երկու ամիսներին հիմնադրամի կրթաթոշակառուների համերգային եւ մրցութային գործունեությանը։ «Մոսկվայում մայիսի 13-22-ը երիտասարդ երաժիշտները կմասնակցեն Սպիվակովի հիմնադրամի ստեղծման 10-ամյակի առիթով անցկացվող «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» միջազգային փառատոնին։ Վոկալ տրիոն՝ Արման Նիկոլյան, Ալբերտ Սարոյան, Վահան Հարությունյան (դասատու՝ Դ. Ղարագյոզյան), մայիսի 29-ին կմասնակցի Կաունասում կայանալիք միջազգային մրցույթին, իսկ հուլիսի 4-15-ը՝ Կոլմարի (Ֆրանսիա) միջազգային 15-րդ փառատոնին։ Կրկնեմ պիտի՝ այսքան տաղանդներ տեսած չկայի»։

«Առավոտի» դիտարկմանը՝ «Ձեր բեմական կարիերային զուգահեռ, փաստորեն, ծավալում եք նաեւ բարեգործական գործունեությո՞ւն», Ք. Սեւաջյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ սա իմ կողմից հայրենիքիս համար շատ փոքր ներդրում է։ Կհիշեմ, տատս միշտ ինձ ասում էր՝ խոստացիր, որ կգնաս Հայաստան եւ այնտեղ տեւական ժամանակահատված ապրելուց հետո միայն քեզի պիտի իսկական հայ զգաս։ Հայաստանը միշտ կպատկերացնեի դրախտավայր»։ Մեր՝ «Եվ ինչպիսի՞ն է այդ դրախտավայրը ձեր աչքերով» հարցին Ք. Սեւաջյանը պատասխանեց. «Հայաստանցիներդ ջերմ եք, ինչի պակասը մենք ունենք Ամերիկայում։ Այնտեղի մարդկանց սառնությունը պարզապես կազդի վրաներս, չնայած ամեն հարմարությունը կա ապրելու, ստեղծագործելու, վայելելու։ Հայաստան-դրախտավայրը, կարծում եմ, միայն բնությունն ու պատմամշակութային վայրերը չեն։ Այն պայմանավորված է նաեւ մարդկային ջերմ փոխհարաբերություններով, որն անմիջապես աչքի է զարնում»։

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել