Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԲԵԼՅԱՆ՝ ԱՌԱՆՑ ՀՈԲԵԼՅԱՐԻ

Ապրիլ 28,2004 00:00

Ամերիկացի
կոմպոզիտոր Էլիզաբեթ Բելլը դեռ անցյալ տարի որոշել էր ծննդյան 75-ամյակը
տոնել Հայաստանում ու հնչեցնել իր ստեղծագործությունները Արամ Խաչատրյանի
անունը կրող սրահում։
Ա. Խաչատրյան համերգասրահում այսօր կկայանա կոմպոզիտորի հոբելյանական երեկոն՝ առանց հոբելյարի ներկայության։

Կազմակերպիչները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը եւ կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը «Առավոտին» հայտնեցին, որ կոմպոզիտորը Հայաստան չի ժամանել վիրահատության պատճառով։

Կոմպոզիտոր Էդ. Սադոյանի խոսքերով. «Էլիզաբեթ Բելլը ստեղծագործել է գրեթե բոլոր գործիքների համար, կամերային, նվագախմբային ու վոկալ ժանրերում։ Կոմպոզիտորի երաժշտությունը հնչել է բոլոր հինգ աշխարհամասերում, իսկ մեզ մոտ՝ սկսած 1995-ից։ Նշեմ նաեւ, որ տիկին Բելլը Նյու Յորքի «Կին կոմպոզիտորներ» կազմակերպության հիմնադիրներից է, իսկ նրա հեղինակային համերգները տեղի են ունեցել աշխարհի հայտնի սրահներում»։ «Առավոտի» հարցին՝ «Ինչո՞ւ կոմպոզիտորը մեզ մոտ չէր ներկայացվում», պարոն Սադոյանը պատասխանեց. «Այսօր էլ աշխարհում հազարավոր հայտնի կոմպոզիտորներ կան, որոնց մենք պարզապես չենք ճանաչում։ Իսկ իմ ու տիկին Բելլի ծանոթությունը կայացել է 1995-ին՝ Ամերիկայում, սփյուռքահայ կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի միջնորդությամբ»։ (Ի դեպ, վերջինիս հոբելյանական երեկոն, որ տեղի ունեցավ անցյալ տարի Երեւանում, նույնպես կազմակերպել էր Էդ. Սադոյանը- Ս. Դ.)։

Ըստ մեր զրուցակցի, սկսած 1995-ից, հայ երաժիշտները (Գայանե Գեղամյան, Աննա Մանդալյան, Վիկտոր Խաչատրյան եւ այլք) իրենց մեկնաբանություններով ծանոթացրել են Է. Բելլի երաժշտությանը։ «Այս երեկոյի ընթացքում կոմպոզիտորի կամերային, սիմֆոնիկ, վոկալ ստեղծագործությունները կհնչեն ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Գ. Մուրադյան) երգիչներ Արծվիկ Դեմուրչյանի, Սուրեն Խորոզյանի, Լեւոն Ջավադյանի, դաշնակահար Հայկ Միքայելյանի, «Կոնցերտինո» դաշնամուրային դուետի, AUS անսամբլի կատարումներով»,- տեղեկացրեց Էդ. Սադոյանը։

Մեր՝ «Ամերիկացի ուրիշ ի՞նչ կոմպոզիտորներ եք պատրաստվում Հայաստանում առաջին անգամ ներկայացնել» հարցին պարոն Սադոյանը պատասխանեց. «Ջոել Ֆեյգին, Մեթյու Ֆիլց, Բինետ Լիպեր, որն, ի դեպ, ունի մեկ վոկալ երգ՝ Վահան Թեքեյանի խոսքերով. ահա կոմպոզիտորների ոչ լրիվ ցանկը, ովքեր հանրածանոթ չեն մեր ունկնդրին ու որոնց ժամանակի ընթացքում կներկայացնենք»։ Հաջորդ՝ «Առաջինը ո՞վ կհրավիրվի Հայաստան» հարցը մնաց անպատասխան։

«Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ՝ «Կարո՞ղ եք հիմնել հայ-ամերիկյան կոմպոզիտորների հասարակական կազմակերպություն, որը մեզ մոտ եւ Ամերիկայում կներկայացնի երկու ժողովուրդներին էլ առայժմ անհայտ անուններ դիտարկման առնչությամբ» Էդ. Սադոյանը պատասխանեց. «Լավ միտք է, սակայն դա թղթաբանության հետ կապված խնդիր է։ Ես ստեղծագործող մարդ եմ ու հազար ու մի պատկան մարմիններում թղթեր հաստատելու ժամանակ չունեմ։ Կարեւորը գործն է, թե նոր անունները ինչ ճանապարհներով կներկայացվեն, կարծում եմ, հանդիսականին ընդհանրապես չի հուզում ու հարկավոր էլ չէ»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել