Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՄԻՈՒՄՈՎ ՍՈՒՐՃ ԿԽՄԵ՞Ք

Ապրիլ 28,2004 00:00

Միգուցե կապարով կամ օսլայո՞վ եք նախընտրում Շուկայում այս
պարունակության աղացած սուրճի փաթեթներ, իրոք, գոյություն ունեն:
Եվ մի շարք ընկերություններ այսօր սուրճ են արտադրում, իրացնում,
լայնածավալ գործունեություն իրականացնում՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց
արտադրանքը չի համապատախանում ՀՀ պետական ստանդարտներին: Ավելի կոնկրետ՝
սուրճի անվան տակ սպառվող իրենց արտադրածը խմելու ենթակա չէ: Մեր հավաստի
տեղեկություններով, անգամ դա հաստատող փորձագիտական եզրակացություններ կան:
Պետստանդարտը չէ, որ պատվիրել է այդ փորձաքննությունները: Թե ումն է սուրճերը
փորձաքննության ենթարկելու նախաձեռնությունը, առայժմ մեզ հայտնի չէ, սակայն
եզրակացություններն արդեն պատրաստ են, ընդ որում՝ ամենաուշագրավ գնահատականներով:
Այդ փաստաթղթերին, ըստ մեզ հասած տեղեկությունների, համապատասխան ընթացք
է տրվելու: Այդ եզրակացություններում միակ մխիթարական կետն այն է, որ սուրճերը
համապատասխանում են սննդային ապրանքներին ներկայացվող հիգիենիկ պահանջներին,
ինչը տվյալ դեպքում էական նշանակություն չունի: Այսպես՝ մեր աղբյուրի տվյալներով,
փորձաքննության են ուղարկվել քսանից ավելի տեսակի սուրճեր, որոնցից բացասական
եզրակացություններ են ստացվել տասից ավելիի վերաբերյալ: Ավելի ստույգ՝ փորձագետները
որոշել են, որ դրանք ոչ լիարժեք ապրանքատեսակ են եւ սպառման համար ոչ պիտանի
սննդամթերք, ընդ որում դրանցից մի քանիսը՝ բավականին հայտնի ֆիրմաների արտադրության:
Առայժմ խախտումներ թույլ տվող ֆիրմաների անունները չենք նշում: Մեր աղբյուրի
վերլուծությամբ, առկա են մի քանի տեսակի խախտումներ: Դրանցից ամենավտանգավորը
թունավոր նյութերի առկայությունը կամ նորմայի գերազանցումն է: Սուրճերից
շատերում առկա են կապար (Pb) եւ կադմիում (Cd) թունավոր նյութերը, որոնք
նորման գերազանցում են երկու, ութ, տասը, տասնհինգ եւ ավելի անգամ: Մասնագետների
վկայությամբ, այդ թունավոր նյութերի մշտական օգտագործումը առաջացնում է աղեստամոքսային
տրակտի, մարսողության, լյարդի ցիրկուլյացիայի, երիկամների ֆունկցիաների խանգարում,
կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ: Ամենավտանգավորն այն է, որ այդ ծանր
մետաղները մուտագեն հետեւանքներ են ունենում: Փորձագետները հայտնաբերել են
նաեւ օսլա, որի պարունակությունը սուրճերի մեջ ընդհանրապես նախատեսված չէ:
Հասկանալի է, որ օսլան հենց այնպես չեն վերցրել եւ խառնել սուրճին: Պարզ
է, որ այն սուրճի մեջ հայտնվել է որպես հացահատիկ, որը բոված եւ աղացած վիճակում
չի տարբերվում սուրճից: Այստեղից էլ ռեբուսի պատասխանը, թե ինչպես են ֆիրմաները
կարողանում 100 գրամանոց սուրճը վաճառել 150-200 դրամով, եւ եկամտի այդ շրջանակներում
«տեղավորել» ապրանքի ինքնարժեքը, հարկերը, տրանսպորտային ծախսերը, եւ եկամուտ
էլ ստանալ: Սուրճերից մեկում էլ գերազանցել են մոխրայնությունը, պակասեցրել
կոֆեինի զանգվածային մասը: Խախտումների մյուս տեսակը թերի մակնշումներն են.
փաթեթների վրա հիմնականում բացակայում է արտադրման ժամկետը, տեսակը: Մեր
աղբյուրը հաղորդեց, որ այս փորձաքննությունները պատվիրելիս նախաձեռնողները
չեն էլ պատկերացրել կամ ակնկալել, որ նման բացահայտումներ կանեն: Այժմ պարզելով,
որ հայտնաբերվածը յուրաքանչյուրի առողջությունն է վտանգում, պատրաստվում
են անգամ հրապարակել դրանց արդյունքները, ինչը սկանդալ է խոստանում, ընդհուպ
մինչեւ իրավական հետեւանքները:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել