Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴԱՌԱՋԵՑ

Ապրիլ 28,2004 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴԱՌԱՋԵՑ

ԱԺ-ն երեկ առավոտյան 79 «կողմ», 2 «դեմ» (Մանուկ Գասպարյան, Էմմա
Խուդաբաշյան) ձայներով 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը: Օրվա երկրորդ կեսին
այն հասցրին քննարկել 3-րդ ընթերցմամբ: Ըստ ամենայնի՝ օրենքն այսօր կընդունեն
ամբողջությամբ: Մինչդեռ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը երեկ էլ «Ազատություն» ռ/կ-ին հայտնեցին,
թե այդ օրինագծում ամբողջությամբ հաշվի չեն առնվել եվրոպական չափանիշները:
Նատալյա Վուտովայի կարծիքով, վերանայման կարիք ունեն օրինագծի մի շարք հոդվածներ:
Ու թեեւ հիմնական զեկուցողներն անընդհատ մեջբերում էին հատկապես ԵԱՀԿ ներկայացուցչի
դիրքորոշումը, թե նախագիծն արմատապես բարելավվել է, երեկ Վլադիմիր Պրյախինը
հայտարարեց, թե օրինագիծը հաշվի չի առնում ազատորեն հանրահավաքներ անցկացնելու
եվրոպական բոլոր չափանիշները:
Այսուհանդերձ, հաշվի չեն առնվի այս գնահատականները, ինչպես հաշվի չառնվեց «Արդարության» առաջարկը՝ հետաձգել օրենքի ընդունումը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց լրագրողներին. «Կառավարությունում առավոտյան քննարկում եղավ այս հարցի շուրջ եւ որոշում կայացվեց այնուամենայնիվ ներկայացնել քվեարկության: Քանի որ դաշտն իսկապես շատ բաց է, եւ հենց դա է տեղիք տալիս ավելորդ լարվածությունների՝ որոշվեց քվեարկել այս նախագիծը, ինչը չի բացառում հետագա ցանկացած աշխատանք օրենքի վրա»:

Ցույցերի մասին օրենքները ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում ընդունվեցին գրեթե զուգահեռ: Սակայն ՌԴ նախագահը ապրիլի 26-ին դիմեց Պետդումային՝ առաջարկելով մեղմել այդ օրինագիծը եւ պահպանել արգելքը՝ բողոքի ցույցեր անցկացնել միայն նախագահի նստավայրի, դատարանների, բանտերի, վտանգավոր ձեռնարկությունների եւ սահմանային գոտիների մոտ: «Ռուսաստանը կարիք չունի բողոքի ցույցերի նկատմամբ անառողջ որեւէ սահմանափակման»,- ասել էր Պուտինը: Հայաստանը թերեւս ունի՞ այդ կարիքը, քանի որ այս օրենքով արգելվում է ցույցեր կազմակերպել պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների (նախագահի նստավայր, ԱԺ, կառավարություն եւ այլն) տարածքներում եւ դրանցից 150 մետրից պակաս հեռավորության վրա: Արդարադատության նախարարը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը. «Եթե համեմատենք ռուսական օրենքի հետ՝ կտեսնեք, որ մեր օրենքում պարունակվող սահմանափակումները շատ ավելի քիչ են»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել