Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությու՞ն, թե՞ շահարկում

Ապրիլ 28,2004 00:00

Պատմությու՞ն, թե՞ շահարկում

Հնարավո՞ր է արդյոք գիտական երկխոսություն ծավալել պատմության առավել
վիճահարույց հատվածների շուրջ, երբ այդ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններն
այս կամ այն կերպ առնչվել են միաժամանակ երկու կամ ավելի ժողովուրդների ճակատագրերին:
Արդարացվա՞ծ է արդյոք որեւէ առանձին վերցրած ժողովրդի կամ երկրի պատմության
այսպես ասած՝ «սեպարատ» մատուցումը: Այսինքն՝ գիտականորեն որքանո՞վ է արժանահավատ
եւ կոռեկտ որեւէ կոնկրետ աշխարհագրական տարածքի եւ պատմական տվյալ պահին
այդ տարածքը զբաղեցրած ժողովրդի պատմության սոսկ տեղային մատուցումը՝ կտրված
զուգահեռաբար ընթացած եւ նույն տարածքի ու ժողովրդի հետ փոխհարաբերված պատմական
այլ գործընթացների համատեքստից: Վերջապես, իմաստ ունի՞ պատմության այս կամ
այն «փափուկ» հանգրվանը մեկնաբանելիս ավելորդ զգացական սրություն հաղորդել
դեպքերին ու փաստերին, երբ դա հաճախ, ժամանակային հետհարվածի տրամաբանությամբ,
կարող է վնասել ժողովուրդների երկխոսությանն այսօր՝ 21-րդ դարում: Այս եւ
թեմային առնչվող բազմաթիվ այլ հետաքրքիր հարցեր քննարկվեցին վրացական Գուդաուրի
կուրորտային կենտրոնում կայացած միջազգային սեմինարի ժամանակ, որը կազմակերպել
եւ հովանավորել էր «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամը:
Որտե՞ղ է գրվում եւ առարկայանում պատմություն կոչվածը, եթե ոչ առաջին հերթին՝ դպրոցական դասագրքերում: Ի՞նչ պատմություն, իսկ ավելի ճիշտ՝ պատմական փաստերի ինչպիսի՞ մեկնաբանություններ են ժամանակին սերտել խորհրդային ժամանակաշրջանի աշակերտները: Վրաց պատմաբան Նանա Ցիխիստավին նկատել է տալիս, որ Թբիլիսիում վերջին տարիներին ստեղծված պատմության նոր դասագրքերում պատմական իրադարձությունները վերաշարադրելիս հաճախ իրեն զգացնել է տվել մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ նետվելու միտումը: Այս առումով, առավել քան բնութագրական է Հարավային Կովկասի ու, մասնավորաբար, Վրաստանի պատմության մեջ Ռուսաստանի գործոնի մեկնությունը: Ասենք՝ նախկինում Ռուսաստանը պատմության դասագրքերում ներկայացվում էր իբրեւ փրկիչ: Մինչդեռ այսօր խնդրո առարկա շրջանի Ռուսաստանը նկարագրվում է որպես կովկասյան ազատատենչ ժողովուրդների նվաճող եւ բռնակալ: Արդյունքում՝ տուժում է պատմական հավաստիությունը: Հայաստանի ներկայացուցիչ՝ պատմաբան, լրագրող Արմեն Բաղդասարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանի պատմության շարադրանքը միանգամայն տրամաբանական կառույց ունի մինչ այն պահը, քանի դեռ այնտեղ չի հայտնվել Ռուսաստանը: Հենց այդ պահից սկսած էլ փաստերի եւ իրադարձությունների տրամաբանական կապը խզվում է, ինչը միանշանակորեն ենթադրել է տալիս, որ այս դեպքում ավելի շատ գործ ունենք քաղաքական-հարկադրական մեկնաբանության, քան բուն պատմության հետ: Իսկ հնարավո՞ր է արդյոք նախկինում հակամարտած ժողովուրդների պատմաբանների գիտական երկխոսություն, հեռահար նպատակ ունենալով ստեղծել «ընդհանուր, չաղճատված եւ օբյեկտիվ» պատմություն: Պարզվում է՝ հնարավոր է: Հիմքում ունենալով գերմանա-լեհական եւ գերմանա-ֆրանսիական հայտնի հարաբերությունների օրինակները, այդ մասին զեկուցումով հանդես եկավ գերմանացի պատմաբան, պրոֆեսոր Արնուլֆ Բարնինգը: Այս իմաստով մենք՝ հարավկովկասցիներս, թերեւս մեծ ճանապարհ ունենք անցնելու:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել