Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԽԱՂԵՐ

Ապրիլ 28,2004 00:00

«Արդարությունը»
երեկ հայտարարեց ԱԺ նախագահի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությանը իրենց
մասնակցությունը դադարեցնելու մասին:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում փոքր-ինչ այլ կերպ ձեւակերպեց, թե որոշել են ժամանակավորապես ընդհատել քաղաքական խորհրդակցությունները, որ «կուսակցությունները կարողանան քննարկել ներկայացված առաջարկությունները»: Նաեւ նշեց, թե պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում շարունակել այդ քննարկումները. «Մի քանի օր հետո ես նորից կհրավիրեմ բոլոր կողմերին քաղաքական խորհրդակցությունների»: ԱԺ նախագահը վստահ էր. «Քաղաքական երկխոսության պաշարը սպառված չէ»:

Սակայն երեկ հազիվ կես ժամ տեւած խորհրդակցությունից հետո, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասուլիսում հայտարարեց, թե «աննպատակահարմար են համարում» իրենց մասնակցությունը քաղաքական խորհրդակցություններին: Թեեւ, նաեւ վերապահում արեց. «Երբ քաղաքական ուժերը պատրաստ կլինեն եւ կդրսեւորեն բարի կամք, նաեւ կնշվեն որոշակի ժամկետներ մեր առաջարկների վերաբերյալ՝ պատրաստ կլինենք մասնակցել այդ քաղաքական խորհրդակցություններին»:

Դադարեցման «Արդարության» պատճառաբանությունն այն էր, որ երկխոսության համար իբրեւ հիմք առաջադրված իրենց 10 առաջարկներից 2-ն արդեն իսկ չեն կատարվել՝ դարձյալ խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, եւ չի հետաձգվել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագծի ընդունումը: Վերջինի առնչությամբ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Նրանք առաջարկությունը ներկայացրել էին 18:00-ին, բայց առավոտյան 10:15-ին ԱԺ-ն ընդունել էր որոշում, որ 2-րդ եւ 3-րդ ընթերցումները պետք է տեղի ունենան այս նստաշրջանում»: «Բայց ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ վերանայվեր այդ որոշումը,- առարկեց Վիկտոր Դալլաքյանը:- Եթե իրոք կար բարի կամք, ապա այդ քվեարկությունը կարող էր այսօր տեղի չունենալ եւ օրենքի նախագիծը կընդունեինք համաձայնությամբ»: Այս հեռակա երկխոսության ԱԺ նախագահի հակափաստարկը հետեւյալն էր. «Բա որ ասում ենք՝ եկեք խորհրդարան… Ընդունվում են առանցքային օրենքներ, որոնք չեն կարող լավը լինել, եթե երկրի ԱԺ դահլիճում օրենսդրական գործընթացից բացակայում է ընդդիմությունը»:

Արշակ Սադոյանն ասուլիսում նշեց, թե իրենց արդեն հայտնի է, որ փորձեր են արվում Եվրախորհրդում ներկայացնել, թե երկխոսություն է անցկացվում, ընթացքը բնականոն է եւ այլն. «Մենք չէ, որ պետք է լինենք շղարշ այսպիսի ոչ գեղեցիկ խաղերի համար: Հստակ տեսնում ենք, որ նպատակ է հետապնդվում երկխոսության տպավորություն ստեղծել, իսկ մյուս կողմից շարունակվում են հետապնդումները եւ բռնությունները: Եվ ոչ միայն բարի կամքի դրսեւորում չկա, այլ հակառակը՝ խստացումներ են: Կարծում եմ, որ բոլորս էլ տեսնում ենք, որ նրանց ոտքերի տակ իսկապես այրվում է հողը»: Փաստորեն երկրորդեց Սուրեն Սուրենյանցի այն արտահայտությունը, որի համար նա այժմ կալանավորված է:

Ավելի ուշ հրապարակվեց «Արդարության» հայտարարությունը, ըստ որի՝ «իշխող կոալիցիայի կողմից քաղաքական խորհրդակցությունների եւ երկխոսության հրավերները կրում են ձեւական բնույթ, եւ ժողովրդավարական շղարշ ստեղծելու, մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն»: Դաշինքը պահանջում է՝ ընդունել իրենց առաջարկները եւ՝ «իրական երաշիքներ տալ ժողովրդին՝ նրա սահմանադրական իրավունքներն ու ազատություններն ապահովելու հարցում»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխան հայտարարություն արեց. «Եթե ծախվածության մթնոլորտով չեք առաջնորդվում՝ շարունակե՛ք երկխոսության գործընթացները, այլապես՝ եթե ոչ այսօր, ապա վաղը ժողովրդի կողմից շատերդ մեղադրվելու եք հայրենադավության մեջ»:

Հայտարարությունների ժամին յուրօրինակ «երկխոսություն» էր ծավալվել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ: Հերթագրվել էին 32 հոգի, հասցրեցին խոսել 14-ը եւ բացառությամբ 1-2-ի՝ հայտարարությունների նյութն էլի ներքաղաքական վիճակն էր: Առավել ուշագրավ էր ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանի հայտարարություններով բանավեճը: Վերջինս հայտարարեց. «Տիզբոններում եւ Հռոմներում իրենց հայրենիքի ներքին խնդիրները լուծելու մեր նախնիների այսօրվա շարունակողները, բոլշեւիկյան վարքագծով՝ Կրեմլին եւ Լենինի դամբարանին դիմելն այժմ փոխարինել են Ստրասբուրգում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի քննարկումն օրակարգի հարց դարձնելով»: Իսկ Ստեփան Զաքարյանն առարկեց. «Ուզում էինք Եվրախորհրդի անդամ դառնալ, դա մեծ նվաճում էր ներկայացնում իշխանությունների համար: Հիշում եք, չէ՞, «հոկտեմբերի 27»-ի հանցագործների մահապատժի հարցում ասում էին՝ դե, Ստրասբուրգը չի ուզում, Եվրախորհրդի անդամ ենք՝ չի կարելի: Ուրեմն՝ երբ ձեռք է տալիս՝ Ստրասբուրգ եւ Եվրախորհուրդ կա: Իսկ երբ սեփական քաղաքացիներին ծեծում են, ապօրինի ձերբակալում, շուրջկալ իրականացնում՝ Եվրախորհուրդն ինչի՜ պիտի միջամտի: Բարի լինեիք՝ չստորագրեիք այդ փաստաթղթերը եւ Եվրախորհրդի անդամ չդառնայիք: Բայց եթե ԵԽ անդամ ենք՝ ուրեմն մարդու իրավունքների հարցն արդեն մեր ներքին խնդիրը չէ: Առիթ մի՛ տվեք, որ դրսից միջամտեն: Իշխանությունն է առիթը տալիս՝ բռնություններով, ծեծուջարդով եւ այլն»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել