Ըստ Արամ Զ. Սարգսյանի, Երեւան բերող ճանապարհը փակվել է «բե-տե-էռ»-ներով
Երեկ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների հրավիրած հանրահավաքից առաջ իշխանությունները բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանք էին իրականացրել։ Կուսակցությունների ակտիվիստների հավաստմամբ, փակվել էին մայրաքաղաք բերող բոլոր մայրուղիները։ Փակվել էին «Կամազ» մեքենաներով, ավտոբուսներով եւ տրակտորներով, իսկ Մարտունու շրջանից Երեւան եկող մայրուղու Երանոս գյուղի հատվածը փակվել էր «բետեէռ»-ով։ Արտաշատի մի շարք գյուղերի ճանապարհը դեպի մայրաքաղաք փակել էին ավտոմատավորները։ «Այսօր Արարատից գալիս եմ, ճանապարհներն այնպես էին փակվել, որ ինձ՝ էսքան բան տեսած մարդուն, զարմացրեց։ Էդ Արտաշատը ոնց որ Գուանտանաման լիներ»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արամ Զ. Սարգսյանը։
Այնուամենայնիվ, հանրահավաքը տեղի ունեցավ։ Թեպետ արեւ էր ու շոգ, եւ խոսափողը մոտ 40 րոպեով խափանվեց, բայց մարդկանց հիմնական զանգվածը մնաց կանգնած եւ բավականին ակտիվ արձագանքում էր հանրահավաքում հնչող ելույթներին։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը մասնավորապես ասաց. «Արդեն մեկ տարուց ավելի է, մենք խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով պայքարում ենք մեր իրավունքների համար՝ կեղծված ընտրություններից հետո (այո՜-արձագանքեցին հավաքվածները.- Մ. Ե.), նույնքան ժամանակ իշխանությունները մեր արդարացի պահանջներին հակադրում են բռնություններ, ապօրինություններ, սադրանքներ։ Բայց, միեւնույն է, այդ ամենը իրենց չի օգնելու։ Ինչքան ցեխ շպրտեն ընդդիմության վրա, դա էլ չի օգնի։ Որովհետեւ այն, ինչ իրենք արել են, այն, ինչ անում են՝ ժողովուրդը չի ներելու»։ Ստեփան Դեմիրճյանը եւ բոլոր ելույթ ունեցողները խիստ կարեւորում էին՝ ԵԽ ԽՎ-ում այսօր քննարկվելիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հարցը։ ՀԺԿ նախագահը այս կապակցությամբ շեշտեց. «ուրեմն հենց այս պահին ամեն մի քաղաքացի պետք է կողմնորոշվի՝ ինքը ժողովրդի հե՞տ է, թե՞ ժողովրդի հետ չէ։ Պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստանում է ուզում ապրել, որովհետեւ խոսքը մեր երկրի ապագայի մասին է»։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց. «այո, ինձ համար էլ շատ տխուր է, որ ՀՀ չընտրված նախագահը պետություն է ներկայացնում, ուզենք, թե չուզենք։ Այսօր բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ, իսկ Հայաստանում հանրահավաք է։ Այո, տխուր է։ Բայց ո՞վ է մեղավոր։ (ի՜նքը- արձագանքեց բազմությունը.- Մ. Ե.)։ Ղարաբաղի հիմնահարցի լուծման առումով ավելի վտանգավոր, ավելի բարդ տարբերակ չկա, քան Ռ. Քոչարյանի միջոցով լուծել այդ հարցը, որովհետեւ իր լեգիտիմությունը կասկածի տակ է, որովհետեւ իրեն չեն վստահում ներսում եւ չեն վստահում դրսում։ Որովհետեւ չունի հստակ հենարան»։ Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը խորապես հասկանալով պահի լրջությունը, իշխանություններին տալիս է յոթ օր ժամանակ. «Մենք խնդիրներ ենք դրել՝ պատասխանեք այդ խնդիրներին, եթե չեք պատասխանի, սպասեք ամսի 4-ին՝ հուժկու հարվածի»։ Արամ Սարգսյանն ասաց, թե այս ամենը արվում է հանուն պետության. «Ես չեմ ուզում, որ Հայաստանը դուրս մնա Եվրախորհրդից»։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաեւ մտավորականներ։ Մաեստրո Օհան Դուրյանը կրկին օգտվեց դիրիժորական փայտիկից եւ հանրահավաքի մասնակիցներին ղեկավարելով, ձեռքերը բարձրացրեց եւ հնչեց՝ «Ռո-բերտ, հեռացի՛ր» ծանոթ ռիթմը։ Դիրիժորական այս գործողությունից հետո մաեստրոն ասաց. «Ամենքդ ալ գիտեք, բայց մեկ բան էլ ասեմ՝ այդ մարդը 10 տարի չի եղել Հայաստանում, եւ ղեկավարում է երկիրը սատանայական մեթոդներով»։
Ընդդիմության երեկվա հանրահավաքին մասնակցում էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։ Վերջինս չհամաձայնեց մեր գնահատականին, թե ինքը «դիտորդի» կարգավիճակով է, պատճառաբանելով, թե իր կուսակիցներից շատերը եւս ծեծվել են ու ձերբակալվել։ Սակայն պրն Կարապետյանը իր հատուկ կարծիքն ուներ ընդդիմության քայլերի մասին. «Ես հենց սկզբից թերահավատ եմ եղել, որ հիմա կարելի է ինչ-որ բանի հասնել։ Համոզված եմ, որ վերջիվերջո օգտագործվելու է ժողովրդի գործոնը, բայց ժամանակի ընտրության խնդիրներ կան եւ այլն։ Ես լիովին համոզված եմ, որ այս ամենը հենց այնպես չի անցնելու»։ Ըստ Արամ Կարապետյանի՝ քաղաքականությունը միայն հույզը չի, կա նաեւ պրագմատիզմը. «Յուրաքանչյուր անդրկովկասյան պետության, եթե որոշի հեղափոխություն անել, տրվելու է մեկ օր՝ առավոտյան պետք է սկսվի, երեկոյան պետք է ավարտվի»։
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կոչ արեց ուսանողությանը, մտավորականությանը, բանվորներին եւ բոլորին. «համախմբվել, եւ միավորվել՝ Քոչարյանի հակաժողովրդավարական ռեժիմը ժողովրդավարական ճանապարհով տապալելու համար։ Մեզանից յուրաքանչյուրի կամքից, վճռականությունից եւ հետեւողականությունից է կախված, թե որքան արագ կտապալենք հակաժողովրդավարական այս համակարգը»։ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ ընդդիմությունը խիստ կարեւորում է ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի այսօրվա քննարկումը, եւ այդ պատճառով երեկ չդիմեց այլ քայլերի, մասնավորապես՝ երթ չանցկացրեց դեպի Բաղրամյան փողոց։ Փաստարկը հետեւյալն էր՝ յոթ օր ժամանակ ենք տալիս կոալիցիային եւ իշխանություններին։ Գլխավոր նպատակը հետեւյալն է՝ Քոչարյանը կամ պետք է հրաժարական տա, կամ՝ վստահության հանրաքվե պետք է լինի մեր երկրում»։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ