Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը կայունությունն է

Ապրիլ 27,2004 00:00

Կարեւորը կայունությունն է Ապրիլի 24172ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Թեհրանում ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ։ Ելույթում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին։ Ելույթի այդ հատվածը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։ Մեր երկրում կա հուզում, կա մտահոգություն, կա առճակատման մթնոլորտ: Նախքան հարցերի բարդացումը եւ առճակատման մթնոլորտի ձեւավորումը, առաջինը մենք ահազանգ հնչեցրինք՝ հորդորելով կողմերին չգնալ այդ ճանապարհով։ Մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ կարեւորելով երկխոսության անհրաժեշտությունը, առաջարկելով համատեղ ճիգերով լուծել ժողովրդի դեմ ծառացած դժվարությունները՝ հանուն իրական փոփոխությունների: Եվ մենք անկեղծ էինք մեր առաջարկություններում: Նոր սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, կազմակերպված պայքար կոռուպցիայի դեմ, մասնակցություն երկրի կառավարման եւ բարեփոխումների գործընթացներում։ Պայքարը այդ բնագավառներում եղել եւ շարունակում է մնալ մեր հիմնական անելիքը իշխանության դիրքերում: Մենք անկեղծ էինք մեր առաջարկություններում, մենք ընդդիմությանը հրավիրում էինք համագործակցության տվյալ հարցերի վճռահատման խնդրում՝ նրանց վերապահելով վետոյի իրավունք։ Մենք համաձայնության, կոնսենսուսի մթնոլորտում էինք տեսնում յուրաքանչյուրի դերակատարությունը: Ցավոք, ցարդ մեր կոչը ընդունելություն չի գտել ընդդիմության կողմից: Մենք հաջողեցինք ապահովել կոալիցիայի միասնական կեցվածքը՝ ընդդիմության հետ հարցերը երկխոսությամբ եւ ոչ թե առճակատման ճանապարհով լուծելու առումով: Ընդդիմությունը առայժմ մերժում է երկխոսության մեր առաջարկը: Նրանք միայն մեկ բան են ցանկանում՝ իշխանափոխություն։ Սակայն ընդդիմության պայքարը «լավագույն» դեպքում, ճանապարհ է հարթելու ուրիշների, այլ ուժերի համար. թափանցման, ազդեցության մեծացման, երկիրը հավելյալ կախվածության մեջ պահելու հնարավորություն եւ տարբերակներ է մատուցելու օտարներին: Օտար ուժերի խրախուսանքն ու հովանավորությունը այլ նպատակ է հետապնդում. նրանց հոգսն ու մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարության կամ էլ մարդու իրավունքների պաշտպանության հարցը չէ: Ո՞վ չգիտի, որ Հայաստանից դժգոհ են Ղարաբաղի հարցում սկզբունքային կեցվածք որդեգրելու համար: Ո՞վ չգիտի, որ Հայաստանից դժգոհ են Թուրքիայի գիրկը անմնացորդ չընկնելու համար: Ո՞վ չգիտի, որ մեզանից դժգոհ են Հայաստանում ռուսական զորակայանների ներկայության, ՆԱՏՕ-ին չանդամակցելու համար: Դժգոհ են եւ ցանկանում են իրենց կամքը պարտադրել մեզ։ Իսկ որտեղ որ նրանք ծրագրում են իրենց կամքը պարտադրել, ցանկանում են տեսնել թույլ, ներքին հարցեր դիմագրավող իշխանություններ: Պետք է սթափվել եւ ակամա ջուր չլցնել այլոց ջրաղացին: Մենք հավատում ենք մեր ժողովրդի բանականությանն ու հայրենասիրությանը եւ մեկ անգամ եւս դիմում ենք բոլոր կողմերին անխտիր՝ առաջարկելով ընթանալ համերաշխության եւ երկխոսության ուղիով: Այս բեմից մենք մեկ անգամ եւս դիմում ենք բոլորին՝ ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը. Պարոն նախագահ, այո, մեր երկրում կա առաջընթաց, կա զարգացում, կա կյանքի բարելավում, սակայն նույն մեր երկրում դեռ շարունակվում են աղքատությունը, կոռուպցիան, անարդարությունները: Դուք Ձեր նախընտրական եւ հետընտրական ելույթներում հայտարարում էիք, թե պայքարելու եք այդ երեւույթների դեմ, սակայն մենք չենք տեսնում շոշափելի քայլեր, հստակ, կազմակերպված պայքար այդ երեւույթների դեմ: Խոսքը ցնցումների, հեղափոխական գործելաոճի մասին չէ, այլ հստակ, հաշվարկված, բայցեւ ակնառու, հույս ներշնչող քայլերի, միջոցառումների մասին: Պարոն նախագահ, մի հապաղեք այս պայքարում: Մենք Ձեր կողքին ենք հենց այս պայքարը հաջողությամբ պսակելու համար: Մեր երկրում կա աղքատություն, կա անարդարություն եւ այս երեւույթների դեմ կազմակերպված պայքար է պետք, հույս ներշնչող, հավատ պարտադրող պայքար: Մեր մեջ ա՛յդ պայքարն ու կռիվն է, մենք այլ կռիվ չունենք: Դիմում ենք նաեւ ընդդիմությանը՝ ասելով. եթե ժողովրդի մի հատվածը ձեզ հետ է, պատճառն այն է, որ դժգոհ է երկրի սոցիալական վիճակից, որովհետեւ ուզում է արդարություն տեսնել այս երկրում։ Նրանք ձեր շուրջը չեն համախմբվել ձեզ իշխանության հասցնելու համար։ Ժողովրդի այդ հատվածը իր դժվար օրից է համախմբվել ձեր շուրջը, ոչ թե ձեզ համար: Նրանք ձեզ տեսել են նաեւ իշխանությա՛ն դիրքերում, իսկ երկրում առկա աղքատությունը, կոռուպցիան եւ անարդարությունները վերջին շրջանի նորամուծություններ չեն: Եթե վերջին տարիներին դրանք չեն նվազել, սակայն եւ չեն էլ ավելացել: Մի՛ սխալվեք, ժողովրդի արդարացի դժգոհության ալիքի վրա բարձրանալով, մի՛ մտածեք, որ կարող եք լուծել ձեր՝ իշխանությանը վերատիրանալու հարցը: Իսկ որպեսզի ժողովուրդ ունենաք ձեր շուրջը, պետք է հետամուտ լինեք ժողովրդի հիմնական հարցերի լուծմանը: Մեր երկխոսության կոչը այդպիսի հնարավորություն է ձեզ տալիս, այլապես օրըստօրե մղվելու եք ծայրահեղության եւ կորցնելու եք ամեն ինչ: Երկխոսության մեր կոչը տկարության եւ թուլության հետեւանք չէ, թող ոչ ոք այդպես չմտածի։ Ընդհակառակը՝ մեր կոչը մեր հզորության եւ վճռականության արտահայտությունն է: Հանուն մեր կողմից հայտարարված նպատակների իրականացման, բոլոր ժամանակներից առավել, այսօր մենք հաստատակամ ենք ու վճռական: Մենք կոչ ենք անում համախմբվել հանուն ժողովրդի հարցերի, հոգսերի լուծման, հանուն համերաշխ, քաղաքակիրթ, հասարակության ձեւավորման: Մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի մեր երկրի դռները ակամայից չբացվեն օտար ներգործությունների առջեւ, մեր երկրի դիրքերը չտկարանան միջազգային ասպարեզներում՝ ազգային հարցեր քննարկելիս: Նաեւ թող հստակ լինի բոլորին, որ մեր բարյացակամությունը տկարության հետեւանք չէ։ Թույլ չենք տալու ոչ ոքի իր կամքը պարտադրել մեր ժողովրդին: Մենք դեմ ենք առճակատմանը, ներքին թշնամանքին։ Մենք էլ մեր կողքին ունենք ժողովուրդ, ունենք կամք եւ վճռականություն՝ ժողովրդի իրական շահերը պաշտպանելու եւ հաղթելու համար: Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի մեղմացման նպատակով ցարդ ձեռնարկած մեր քայլերը ինքնանպատակ չեն. թե՛ երկխոսության մեր կոչը եւ թե մեր վճռականությունը միայն մեկ նպատակ են հետապնդում՝ հայկական պետականության ամրապնդում եւ հզորացում: Ոչ մի ժողովուրդ հայ ժողովրդից լավ չի կարող գիտակցել, որ ամեն ինչից վեր, յուրաքանչյուրիցս ու բոլոր կուսակցություններից վեր հայկական պետականության անվտանգության, անկախության եւ լինելության հարցն է: Մենք ցեղասպանության ենթարկվեցինք, որովհետեւ չունեինք ինքնապաշտպանություն եւ կազմակերպվածություն, չունեինք պետականություն: Ահա թե ինչու այս նվիրական օրվա առիթով խոսքս ծանրացավ մեր պետականության, մեր երկրում տիրող մթնոլորտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել