ՕՐԵՆՔԸ ԿԱԶԱՏԱԿԱՆԱՑՎԻ Հույս ունի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը Երեկ փոխնախարարը խոսեց «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքից: Նա ներկայացրեց նաեւ ոլորտը կարգավորող «Պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին» «Պետական սեփականություն համարվող օտարման ոչ ենթակա հուշարձանների մասին» օրենքները եւ Հուշարձանների պահպանության, ամրակայման, ուսումնասիրման, հնագիտական պեղումների իրականացման եւ օգտագործման կարգը: Լրագրողների այն տարակույսին, թե ո՞րն է հրավիրված ասուլիսի նպատակը եւ առիթը, պրն Գյուրջյանը պատասխանեց. «Չեք ուզու՞մ իմանալ՝ ինչ օրենքներ ունենք: Մանավանդ որ համապատասխան օրենքների բացակայության դեպքում՝ անարխիա կլիներ»: Գովելով անկախ Հայաստանում ընդունված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական վայրերի պահպանության ու օգտագործման մասին» ՀՀ օրենքը, փոխնախարարն ասաց, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Հայաստանը նման օրենք ունի: «Օրենքը մատնանշում է հուշարձանների այն տիպերը, որոնք օտարել, վաճառել չի կարելի: Դրանք (միջնադարյան կոթողներ, հնադարյան ամրոցներ, ինժեներական կառույցներ եւ այլն) պիտի մնան իբրեւ պետական սեփականություն: Նոր եւ նորագույն շրջանի որոշ հուշարձաններ (Մատենադարանը, Պատկերասրահը, եկեղեցիներ եւ այլն) եւս չի կարելի օտարել»,- հարկ համարեց հիշեցնել Գ. Գյուրջյանը: Ներկայումս վերանայման փուլում է «Պատմամշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին» օրենքը, որտեղ, փոխնախարարի խոսքերով, հատկապես «կազատականացվեն արտահանման խնդիրները»: Թե ինչպե՞ս, չմանրամասնեց: Պարզվեց, որ չունենք համապատասխան օրենք ոչ նյութական, հոգեւոր արժեքների (ծեսեր, բանահյուսություն, երգեր) մասին: Ի տարբերություն մեզ, վրացիներն այս հարցում մեկ քայլ առաջ են: Նրանք իրենց բազմաձայն երգերը մտցրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հոգեւոր հուշարձանների ցանկի մեջ: Պրն Գյուրջյանը փաստեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ մասնավոր կամ իրավաբանական անձինք շինարարական, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս վնասում են պատմամշակութային հուշարձանները: Իսկ «Հուշարձանների պահպանության մասին» օրենքը հնարավորություն է տալիս այդ ամենի դեմն առնել: Օրինակ, Գյումրիի Բենիամինի հնավայրով (առաջին դար) անցնող ջրատարի տեղը փոխվել է, կանխվել են Կարմիր բլուրում իրականացվող անօրինականությունները եւ այլն: «Վայոց ձորում, Սիսիանում, Արագածոտնի մարզում շատ են դեպքերը, երբ գանձագողության կամ այլ նպատակով փչացնում են հուշարձաններ»,- ասաց պրն Գյուրջյանը՝ հիշեցնելով, թե ինչպես էր «ԱրմենՏելը» Օշականում վնասել հուշարձանը՝ նրա միջով անտենա անցկացնելով: Բանակցություններից հետո հուշարձանները վերականգնելու համար նման ընկերությունները օրենքով պարտավորվել են փոխհատուցում վճարել: «Մեզ մոտ դեռ բարձր մակարդակի վրա չէ տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատելը… Ամեն գյուղապետ կարծում է, թե ինքն է տվյալ տարածքի տերը: Այնինչ, կան հատուկ պահպանվող տարածքներ, ինչպես մեր արգելոցներն են, որոնք տվյալ համայնքինը չեն»,- ասաց փոխնախարարը: Պրն Գյուրջյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջին 5 տարիներին պետության եւ հովանավորների միջոցներով վերանորոգվել է 15 պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ Սաղմոսավանքը, Զվարթնոցը, Կեչառիսի ու Մարմարաշենի եկեղեցիները: Ավարտվել են հուշարձանների անձնագրավորման աշխատանքները 6 մարզերում, աշխատանքները ընթացքի մեջ են Երեւանում, Տաշիրում ու Շիրակում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ