Լրահոս
Օրվա լրահոսը

Ներման իրավունքը հաստատվեց կրկնակի

Ապրիլ 27,2004 00:00

Ներման իրավունքը հաստատվեց կրկնակի Իսկ վարչական կալանքը կվերացվի «տեխնիկապես» ԱԺ-ը երեկ քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ օրինագիծը մի քանի խնդիրներ է լուծում։ Ամենակարեւորն այն է, որ «Քրեական օրենսգրքի» ընդունումից հետո փոփոխություն էր մտցվել, որ ցմահ պատժի դեպքում դատարանը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվածներին հետագայում զրկել վաղակետ ազատման հնարավորությունից՝ արգելելով նման հարցով դիմելը. «Առ այսօր այս դրույթը որեւէ մեկի նկատմամբ կիրառված չէ։ Մենք չունենք անձ, որը դատապարտված է ցմահ ազատազրկման եւ որը զրկված է ներման հնարավորությունից»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ ԵԽ Նախարարների կոմիտեի ընդունած հանձնարարականը, որով առաջնորդվել է կառավարությունը «Քրեական օրենսգրքում» վերոնշյալ լրացումը կատարելու համար, հետեւյալն է. «Ազատազրկման վնասակար ազդեցությունը նվազեցնելու եւ ազատազրկված անձանց հասարակության համար վտանգ չներկայացնելու պայմաններում վերաբնակեցնելու համար օրենքը պետք է պայմանական-վաղաժամկետ ազատումը մատչելի դարձնի ազատազրկման դատապարտված բոլոր անձանց, ներառյալ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար»։ Ստացվում է, որ բոլոր ցմահ ազատազրկման դատապարտված անձինք 20 տարի հետո կարող են դիմում ներկայացնել պայմանական-վաղաժամկետ ազատման համար։ Պատասխանելով «Առավոտի»՝ Նաիրի Հունանյանի եւ իր ահաբեկչական խմբի նկատմամբ այս դրույթի կիրառման մասին հարցին, արդարադատության նախարարն ասաց. «Նաիրի Հունանյանի եւ իր ահաբեկչական խմբի նկատմամբ այս դրույթը չի կիրառվել։ Այսօր մենք չունենք որեւէ մեկը, որը զրկված է այդ իրավունքից։ Կարծում եմ, որ նաեւ այս առումով եւ հատկապես, որ այդ քաղաքական խնդրի սրությունը վերացել է, կարող ենք կատարել ԵԽ-ի Նախարարների կոմիտեի հանձնարարականը»։ «Առավոտը» նկատեց, որ հարցն այս պահին ներկայացնելը, այնուամենայնիվ, տարակուսելի է, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ եւ չի կարող որեւէ կերպ ընդդիմանալ այդ հանձնարարականի կատարմանը։ Պրն Հարությունյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ անկախ քաղաքական իրավիճակից, «մենք պետք է լինենք ազնիվ եւ անկախ հնարավոր սրացումներից՝ պետք է լինենք բաց»։ «Առավոտը» նկատեց, որ ԵԽ-ն այլ պահանջներ եւս ունի, այդ թվում նաեւ վարչական կալանքի մասին պահանջը, սակայն դրանք այնքան էլ սրբորեն չեն կատարվում։ Եվ այստեղ «սպիտակ ագռավի» դերից կարծես այնքան էլ չենք խորշում։ Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ վարչական կալանքի մասով թյուրըմբռնում կա. «Տերմինի առումով իրենք շատ ճիշտ են ասում», սակայն ըստ նախարարի՝ վարչական կալանք տերմինը մեխանիկորեն գալիս է խորհրդային տարիներից եւ այն իրականում այժմ պետք է կոչվի դատական կալանք։ Ըստ ամենայնի, ԵԽ-ի պահանջը կկատարվի զուտ տեխնիկապես, այսինքն՝ վարչական կալանք արտահայտությունը կփոխարինվի դատական կալանք արտահայտությամբ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել