Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգ կա, վերահսկողություն չկա

Ապրիլ 27,2004 00:00

Կարգ կա, վերահսկողություն չկա Որդեգրման թեկնածու Հայաստանի փոքրիկ քաղաքացիների մեկ երրորդն իր հասակն առնում է արտերկրում։ Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ Ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով վարչության պետ Լալա Ղազարյանը ներկայացրեց Երեխայի որդեգրման կարգում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են կառավարության թիվ 1936-Ն որոշմամբ։ Գլխավոր փոփոխությունը պայմանավորված է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայով, ըստ որի, այլ երկրում որդեգրումը կարող է դիտվել որպես երեխայի խնամքի նկատմամբ այլընտրանքային միջոց, եթե երեխան իր ծնված երկրում չի կարող հանձնվել որեւէ հարմար ընտանիքի խնամքին ու դաստիարակությանը։ Ըստ այդմ, օտարերկրացիներին կամ Հայաստանից դուրս բնակվող մեր քաղաքացիներին երեխայի որդեգրման հնարավորություն նոր կարգով տրվում է այդ երեխային հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո։ Նախկինում ժամկետ ֆիքսված չէր, չկար նաեւ նույն երեխայի նկատմամբ օտարերկրացի եւ տեղացի «ծնողացուների» առկայության դեպքում վերջիններիս առաջնահերթության տրամադրումը։ Սակայն վարչության պետը, «Առավոտի» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ դիմող ծնողների թիվը 60%-ով ավելի է, քան որդեգրման թեկնածու երեխաներինը։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է որեւէ երեխայի նկատմամբ հետաքրքրություն չառաջանալ, այն էլ՝ երեք ամիս շարունակ։ Պատճառը կարող էր լինել երեխայի մտավոր կամ ֆիզիկական թերությունը, բայց Լ. Ղազարյանի տվյալներով, անցած չորս տարիներին օտարերկրացիների կողմից որդեգրվել է 187 փոքրիկ, որոնցից ընդամենը երկուսն են հաշմանդամ եղել։ Վերջին չորս տարիներին մանկատներից որդեգրվել է 600 երեխա, նրանցից, ինչպես նշեցինք, 187-ը դարձել է արտերկրի քաղաքացի՝ Կանադայի, Ֆրանսիայի եւ այլն։ Վարչության պետի ասելով, այդ երկրների հետ համեմատած, մեզ մոտ որդեգրման գործընթացն ավելի բարդ է ու երկարատեւ։ Սակայն «իմպորտնի» հայրիկ-մայրիկների ձգտումը դրանից չի թուլանում։ Գուցե պատճառն այն է, որ երեխային վերցնելուց հետո, այլեւս անհանգստություն չունե՞ն, թե ինչ-որ ծառայությունների մշտական հսկողության տակ կլինեն։ «Առավոտն» արդեն անդրադարձել է այն խնդրին, որ որդեգրված երեխաների ճակատագիրը մեր իշխանությունների համար մնում է անհայտ՝ հայրենիքի սահմանները լքելուց հետո։ Երեկ Լ. Ղազարյանն այս հարցը փակեց կարճ հայտարարությամբ. «Վերահսկողություն իրականացնելն այս կարգով չի նախատեսվում։ Դրա համար պետք է առանձին օրենք, որը նոր պիտի մշակենք։ Դրսի սոցիալական ծառայությունների հետ համագործակցությունը նույնպես՝ որեւէ օրենքով կամ որոշմամբ չի նախատեսվում»։ Մենք փորձեցինք ճշտել, թե նախարարության տվյալների բանկում բոլո՞ր որբ երեխաներն են ներկայացված որդեգրման համար։ Պարզվեց, հաշվառված են միայն մանկատներում բնակվողները։ Դա նշանակում է, որ ծննդատներում հանգիստ կարող է շարունակվել այն երեխաների առուվաճառքը, ում մայրիկները հրաժարվել են նրանցից՝ պահել չկարողանալու եւ այլ պատճառներով։ «Եթե մեզ չեն դիմում, մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ այդ մասին»,- արդարացավ վարչության պետը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930