Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ 150 ՄԵՏՐ ՀԵՌՈՒ

Ապրիլ 27,2004 00:00

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ 150 ՄԵՏՐ ՀԵՌՈՒ Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ԱԺ-ին ներկայացրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 2-րդ ընթերցման տարբերակը, որի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հայտնել են բացասական եզրակացություն: Չնայած Եվրախորհրդի այդ դիրքորոշմանը՝ օրենքի նախագիծը երեկ հայտնվեց ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում: Չենք օգտագործի «քննարկում» բառը, քանի որ այն տեղի չունեցավ՝ մերժված առաջարկների հեղինակներից որեւէ մեկը չօգտվեց ելույթ ունենալու հնարավորությունից: Հիմնական զեկուցողներն անընդհատ վկայակոչում էին ԵԱՀԿ գնահատականը, թե նախագիծն արմատապես բարելավվել է, եւ պնդում, որ ընդունվել է այդ կառույցի փորձագետների առաջարկների 90%-ը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցումից հետո իրոք փոխվել է՝ անվանումից սկսած: Եթե առաջին տարբերակում ցույցերի կազմակերպիչները պարտավոր էին ապահովել «հրապարակային միջոցառման տարածքի, գույքի, ծառերի, թփերի, կանաչապատ տարածքների անվնասությունը»՝ այժմ արդեն նրանք պետք է միայն անհրաժեշտության դեպքում այդ ամենի անվնասությունը պահպանելու կոչեր անեն: Եթե սկզբնական նախագծում ցույցերի մասնակիցները պարտավոր էին չխոչընդոտել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի կամ այլ աշխատանքային տարածքների, ինչպես նաեւ քաղաքացիների տների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հիմա նրանք միայն պետք է բաց պահեն հետիոտների համար ճանապարհը: Հանվել է այն պահանջը, թե հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր են «չխախտել հանրության բարքերի պահանջները»: Եթե առաջին տարբերակում երթի մասին պիտի իրազեկվեին բոլոր այն համայնքների ղեկավարները, «որոնց տարածքով անց է կացվելու երթը», այժմ վերապահում է արված, թե Երեւանում երթի մասին պիտի իրազեկվի միայն քաղաքապետը: Արգելվելու են այն երթերը, որոնք կարող են կազմալուծել բնակավայրի ճանապարհային երթեւեկությունը: «Փոքրիկ երթը չի կարող կազմալուծել բնակավայրի ճանապարհային երթեւեկությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը, նշելով, թե նման դեպքում պիտի հիմնավորվի, թե հնարավոր չէ գտնել համարժեք այլընտրանքային ճանապարհներ, որ էապես չտուժի երթեւեկությունը: Մեր հարցին՝ Բաղրամյան պողոտայի մի հատվածի փակումը կարելի՞ է գնահատել իբրեւ բնակավայրի երթեւեկության կազմալուծում, նախարարը պատասխանեց. «Նայած ո՛ր ժամին, ինչքա՛ն ժամանակահատվածով, որքա՛ն մասնակիցներով՝ այդ ամենը պետք է վերլուծել եւ հասկանալ՝ կկազմալուծվի՞ բնականոն ճանապարհային երթեւեկությունը, թե՞ ոչ: Եվ շեշտում եմ՝ պետք է հաշվի առնվեն երթեւեկության հնարավոր այլ լուծումները»: Օրենքի նախագծում ավելացվել է նոր դրույթ, թե արգելվում է ցույցեր անցկացնել «մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում եւ այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա՝ դրանցում այլ միջոցառումների անցկացման ժամանակ, եթե դրանով խախտվելու է այլ միջոցառման կազմակերպման կամ անցկացման բնականոն ընթացքը»: Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, երբ ՀՅԴ խմբակցության ղեկավարը համանման դրույթ առաջարկեց, որով օրենքով պիտի արգելվեր Մատենադարանի մոտ հանրահավաքների անցկացումը՝ արդարադատության նախարարը դեմ արտահայտվեց: Մեր հարցին, թե ի՞նչ փոխվեց իր մտածելակերպում անցած մեկ ամսում, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ոչի՛նչ: Այսօր էլ եմ նույնն ասում, թե չպետք է մտցնենք արհեստական որեւէ սահմանափակում: Իսկ անկախ նրանից, թե այդ համալիրում միջոցառում ընթանում է կամ ոչ՝ 150 մետր հեռավորության վրա արդեն կարելի է անցկացնել ցույցը: Բացի այդ՝ տվյալ սահմանափակումը վերաբերում է միայն այն ժամանակահատվածին, երբ այդ համալիրներում անցկացվում է այլ միջոցառում: Եվ երրորդը՝ կարգելվի, եթե այդ միջոցառումները կարող են խանգարել իրար»: Նոր տարբերակի թերեւս ամենակարեւոր դրույթներից մեկը՝ նախատեսել են, որ եթե արգելում են ցույցի կամ հանրահավաքի անցկացումը՝ պարտավոր են առաջարկել այլ վայր, օր կամ ժամ: Ընդ որում՝ առաջարկվող այլ վայրը պետք է «ապահովի համապատասխան քանակի մասնակիցների մասնակցության հնարավորությունը» եւ չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքից դուրս վայրեր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Օրինագծում պահպանվել է այն դրույթը, ըստ որի արգելվում է հրապարակային միջոցառումների կազմակերպումը պետական հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներում եւ «դրանցից 150 մետրից պակաս հեռավորության վրա»: Կառավարության որոշման համաձայն, նման օբյեկտներ են, ասենք, ԱԺ-ն, կառավարությունը, նախագահի նստավայրը եւ Մատենադարանը: Դավիթ Հարությունյանը հայտնեց մեզ, որ նախապատրաստել են նախագիծ՝ փոփոխելու այդ որոշումը, որն արդեն այս շաբաթ կքննարկվի կառավարության նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930