Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ»

Ապրիլ 27,2004 00:00

«ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ» Կոալիցիայի հետ երեկվա հանդիպումը ընդդիմությունն այսպես որակեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը անցած շաբաթ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին երկխոսության հրավիրեց՝ բաց օրակարգով։ «Նստենք-խոսենքը» պարոն Բաղդասարյանը որակեց որպես միակ ելք ստեղծված իրավիճակից։ «Արդարություն» խմբակցությունը իր երեկվա նիստում որոշեց գնալ հանդիպման։ Հանդիպմանը մասնակցեցին խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, Սմբատ Այվազյանը եւ Արշակ Սադոյանը։ «Ազգային միաբանությունը» չէր մասնակցում հանդիպմանը, քանի որ խմբակցության լիդերները՝ Արտաշես Գեղամյանը եւ Ալեքսան Կարապետյանը հանրապետությունում չեն։ «Արդարությունը» երեկ կոալիցիային ներկայացրեց հետեւյալ առաջարկությունները. «1. դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնությունները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, 2. վերացնել (կարճել) «Արդարություն» դաշինքի եւ նրա համախոհների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը, 3. ապահովել երկրի բոլոր քաղաքացիների հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, 4. ապահովել խաղաղ հանրահավաքների եւ ցուցարարների նկատմամբ պետության անունից ուժ չգործադրելու իրական երաշխիքներ, 5. ապահովել Հանրային հեռուստատեսության եթերով իրավիճակին համարժեք հավասարակշռված տեղեկատվության եւ քարոզչության հեռարձակումը, ուղիղ եթերաժամ տրամադրել ընդդիմության տեսակետները ներկայացնելու համար»։ Առաջարկները թվով 10-ն են, որոնք ներառում են նաեւ պատասխանատվության ենթարկել 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծիքներ եւ անօրինականություններ իրականացրածներին, ինչպես նաեւ՝ ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանական բռնարարքների կազմակերպիչներին եւ իրագործողներին։ Մինչ հանդիպումը զրուցեցինք խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ո՞ր կետերում են պատրաստ գնալ զիջման. «Մենք որեւէ կետից չենք հրաժարվի։ Սրանք բանակցությունների հիմք կարող են լինել։ Մեկ անգամ չէ, որ հանրահավաքներում հնչել է այն միտքը, թե իշխանությունները պետք է վերադառնան օրենքի դաշտ։ Մեր առաջարկությունները հենց իշխանություններին հնարավորություն են տալիս վերադառնալ այդ դաշտը։ Իսկ օրենքի դաշտում մենք պատրաստ ենք ցանկացած երկխոսության»։ Մեր հարցին՝ եթե հանդիպման ժամանակ առաջարկվի այսօրվա հանրահավաքը չանցկացնել մինչեւ որոշ հարցերի շուրջ պայմանավորվելը, ընդդիմությունը ի՞նչ վճիռ կկայացնի, պրն Դալլաքյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք չենք ընդունի նման առաջարկություն, քանի որ հանրահավաքները սահմանադրական իրավունք են։ Այսօրվա հանրահավաքը հայտարարված է եւ տեղի կունենա ժամը 16-ին, Ազատության հրապարակում»։ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ քաղաքական խնդիրը հստակ է ձեւակերպված. «Ռ. Քոչարյանը պետք է հրաժարական տա, սա է մեր եւ հասարակության պահանջը։ Այդ պահանջից մենք չենք պատրաստվում ոչ մի քայլ ետ կանգնել։ Այն ներկայացնում ենք Ռ. Քոչարյանին, իսկ կոալիցիոն քաղաքական ուժերին, եթե նրանք դերակատարություն ունեն, մենք այլ պահանջներ ենք ներկայացնում»։ Մինչ հանդիպումը Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, թե այն կլինի փորձնական, եւ՝ դիրքորոշումների ներկայացման եւ հստակեցման հանդիպում։ Իսկ հանդիպումից հետո պրն Դալլաքյանն ասաց. «Մենք ներկայացրել ենք 10 առաջարկ եւ եթե դրանք ընդունվեն, մենք էլ կընդունենք կոալիցիայի չորս առաջարկությունները, որ արվել են վերջին հայտարարության մեջ։ Մասնակցությունը այսօրվա խորհրդակցությանը (երեկվա) կարող է հիմք հանդիսանալ հետագա երկխոսության համար»։ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական արտահայտվեց հանդիպման մասին. «որովհետեւ պայմանավորվածություն ձեռք բերեցինք այսօր եւս հանդիպելու մասին։ Երկուստեք դրական վերաբերմունք կար նաեւ հետագայում հանդիպումները մշտական դարձնելու հարցում»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ընդունելի՞ են լինելու ընդդիմության բոլոր 10 առաջարկությունները։ Գալուստ Սահակյանն ասաց, թե առաջարկությունները չեն քննարկվել, սակայն «ըստ մեզ, արձանագրային մասում կան կանխակալ որակումներ, որոնք պետք է փոխվեն»։ Պարզեցինք, որ խոսքը «շինծու գործ» արտահայտության մասին է, որը ըստ Արշակ Սադոյանի. «եթե բովանդակությունը մնում է նույնը եւ խոսքը բառերի մասին է, մենք դրանք կարող ենք փոխել, խնդիր չկա»։ Գալուստ Սահակյանին հարցրինք նաեւ, թե «Հանրաքվեի մասին» օրինագծի փոփոխության մասով ինչպիսի՞ վճիռ է կայացվել. «Մենք այդ հարցը չենք քննարկել, իսկ իմ կարծիքը, բնականաբար, «ոչ»-ն է։ Կարելի է երեւի ընդունել, եթե կոնցենսուսով մասնակցեն Սահմանադրության մշակմանը։ Եվ եթե կարողանան ապացուցելի դարձնել՝ Սահմանադրության խնդիր է»։ «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը չուզեց կանխատեսել, թե ինչ կունենան երկխոսության արդյունքում, բայց վստահեցրեց, որ ընդդիմությունը պահպանելու է՝ «Ժողովուրդը՝ որպես գերագույն իշխանություն» սկզբունքը։ Ժողովուրդը պետք է տեղյակ լինի ամեն ինչին։ Այս երկրին պակասում է ժողովրդի իշխանությունը իշխանության վրա»։ Կոալիցիա-ընդդիմություն հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր, ժամը 13.30-ին, ԱԺ-ում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել