ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Երեկ քաղաքապետարանի առջեւ Կոնդ թաղամասի մի խումբ բնակիչներ բողոքի
էին ելել: Նրանք քաղաքապետից 1989-ին վերակառուցման նպատակով քանդած իրենց
բնակարանների դիմաց խոստացված դրամական փոխհատուցումն էին պահանջում: Կոնդեցիների
խոսքերով, դեռեւս խորհրդային տարիներին բնակիչների հետ կնքած պայմանագրերի
համաձայն, երկու տարվա ընթացքում պետությունը պարտավորվել է խարխուլ տների
բնակիչներին կամ բնակարանով ապահովել, կամ դրամական փոխհատուցում տալ: Հետագայում
ՀՀ կառավարությունը թարմացրել է պայմանագրերը՝ պահպանելով հիմնական դրույթները:
Իսկ 2003թ. օգոստոսի 2-ին դատարանն ամրագրել է այդ ամենը: Այսպիսով, պետության
նախաձեռնած բարելավման նպատակով 173 ընտանիքից միայն 29-ի խնդիրն է մինչ
այժմ բավարարվել: Մնացածը, 15 տարի է՝ բնակվում է վարձով: Այդ թվում, օրինակ,
երկու երեխայի մայր Սուսաննա Մանուկյանն ապրում է Կոնդում գործող գրադարանի
մի սենյակում:
Ըստ բնակիչների, 2003 թվականի օգոստոսի 12-ին որոշվել է, որ քաղաքապետարանում գումարվելիք նիստի ժամանակ կքննարկեն բնակարանների դիմաց փոխհատուցում տրամադրելու հարցը: Բանկերից մեկում նույնիսկ հաշվեհամար է բացվել, որտեղ պետք է փոխանցվեին գումարները:
Երեկ բնակիչներն արդեն երրորդ դիմումն էին հղում քաղաքապետին: Նախորդ երկուսին պատասխանել են, որ փաստաթղթերի փաթեթն արդեն պատրաստ է եւ առաջիկա նիստին խնդիրը կլուծվի: Բնակիչները հավաստիացրին, որ այսուհետեւ ձգձգվելու դեպքում մոտ ժամանակներս կդիմեն հարկադիր կատարման ծառայության օգնությանը. նման կարգ է նախատեսված դատարանի վճիռները կամովին չկատարելու դեպքում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ