Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Ապրիլ 27,2004 00:00

Հայաստանցի ծանրորդներն անհաջող հանդես եկան Կիեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում

69 կգ քաշայիններ Արթուր Դանիելյանի եւ Արմեն Ղազարյանի մրցելույթների մասին արդեն տեղեկացրել ենք: Եվս երկու ներկայացուցիչ ունեինք 77 կգ քաշում՝ Գեւորգ Ալեքսանյան եւ Արսեն Մելիքյան: Առաջինը պոկում վարժությունում բարձրացրեց 155, հրումում՝ 185 կիլոգրամ եւ երկամարտի 340 կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Գեւորգից 2,5 կգ պակաս արդյունք՝ 337,5 կիլոգրամ ցույց տվեց Սիդնեյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Մելիքյանը (155+185,5), որը նրան բերեց ընդամենը 10-րդ տեղը: Արսենի համեստ արդյունքը ինչ-որ բացատրություն կարող է ունենալ: Հիշենք, որ նա Թուրքիայում որակազրկվելով, երկու տարի խոշոր մրցման չէր մասնակցել:

Մրցավայր մեկնելուց առաջ երկու հոգու մասնակցություն էր նախատեսված 85 կգ քաշային կարգում՝ Տիգրան Մարտիրոսյան եւ Տիգրան Քամալյան: Բայց Քամալյանը Սոչիում անցկացված հավաքից չմեկնեց Կիեւ, այլ ՀԱՕԿ-ի նախագահի պահանջով վերադարձավ Երեւան: Բանն այն է, որ ընդունված կարգի համաձայն, դեռ Երեւանում ծանրորդներից դոպինգային ստուգման անալիզ էր վերցվել եւ ուղարկվել Քյոլնի լաբորատորիա: Մինչ պատասխանը կստացվեր, նախապատրաստությունը չընդհատելու նպատակով հավաքականը լրիվ կազմով մեկնել էր Սոչի: Սակայն այդ ընթացքում Քյոլնի լաբորատորիայից պատասխան ստացվեց, որ Քամալյանի արյան մեջ տեստոստերինի պարունակությունը գերազանցում է 6.0 թույլատրելի նորման: Եվ մարզիկն անմիջապես ետ կանչվեց: Ինչ վերաբերում է Տիգրան Մարտիրոսյանին, նա 360 (162,5+ 197,5) կգ արդյունքով եզրափակեց տասնյակը:

Հատկապես լուրջ սպասելիքներ կային գերծանր քաշային Աշոտ Դանիելյանից, որին Ուկրաինայում +105 կգ-ում ընկերակցում էր Սոս Խաչատրյանը: Սոսը 175+200=375 կգ-ով ճանաչվեց տասներորդը: Աշոտը պոկումում կարողացավ սանձել միայն 190կգ, որն ամենեւին էլ նրա ուժերի սահմանը չէ, իսկ երկրորդ վարժությունում ընդհանրապես տապալվեց՝ չբարձրացնելով իր իսկ պատվիրած 230 կգ նախնական քաշը, ծանրություն, որի հետ, ինչպես իրենք՝ ծանրորդներն են ասում, մարզումների ժամանակ «խաղում էր»:

Եթե Կիեւում իրական հնարավորություններից թույլ հանդես գար մեկը կամ երկուսը, կմտածեինք, թե դա նրա մեղքն է: Բայց երբ ամբողջ թիմն է վատ հանդես գալիս, պատճառը պետք է որոնել մարզչական շտաբում: Ուրեմն նրանք չեն կարողացել նախապատրաստության ճիշտ ծրագիր կազմել, առաջնության օրերին մարզավիճակի գագաթնակետին չեն եղել: Եվ դա այն դեպքում, երբ ծանրորդների ներկայացրած բոլոր ծրագրերը ժամանակին ֆինանսավորվել են, հավաքականը, համեմատած այլ մարզաձեւերի հետ, արտոնյալ ուշադրության է արժանացել:

Իսկ օլիմպիական խաղերին մնացել է չորս ամիս։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել