Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԳՈՐԾԸ ԸՆԹԱՆՈՒՄ Է

Ապրիլ 27,2004 00:00

Այս տարվա փետրվարի 19-ին, առավոտյան 4.45-ին Բուդապեշտում դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի շրջանակներում դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը։

Բուդապեշտ էր մեկնել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը, որը երեկ փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ ռադիոտանը հրավիրել էր մամուլի ասուլիս։ Տեղեկացնենք, որ Ն. Վարդանյանը Բուդապեշտում ներկայացնելու է այս գործով անցնող մեկ այլ տուժողի՝ Հայկ Մակուչյանի շահերը։ Ասուլիսի ընթացքում Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Բուդապեշտից, ծանոթացել է նախաքննության ընթացքին, որը կավարտվի երկու շաբաթից։ Փաստաբան Ն. Վարդանյանը Բուդապեշտում հանդիպումներ է ունեցել տեղի իրավաբանների, ինչպես նաեւ գործը վարույթ ընդունած քննիչի հետ։ Նա չբացառեց նաեւ, որ գործի ծավալի հետ կապված, հնարավոր է ընդգրկվի մեկ այլ փաստաբան եւս։ Ադրբեջանական կողմը գտնում է, որ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանության շարժառիթը կենցաղային է, ինչը չեն կիսում հայ իրավաբանները, քանի որ նրանք շարժառիթ տեսնում են ազգային գործոնը։ Փաստաբան Տիգրան Ջանոյանը տեղեկացրեց, որ իրենք հանդիպումներ են ունենում պատմաբանների, ազգագրագետների հետ։ «Արդյո՞ք նախաքննության ընթացքը բավարարում է հայ փաստաբաններին» հարցին Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ Ռ. Սաֆարովին մեղադրանք է առաջադրվել Հունգարիայի քրեական օրենսգրքի 116 հոդվածով՝ դաժանաբար սպանություն նախապես ծրագրված, առանձնակի դիտավորությամբ։ Ի դեպ, մեղադրանքը դատարանում հաստատվելուց հետո պատժաչափը սպառնում է 15 տարի ազատազրկում կամ ցմահ։ Այն համապատասխանում է Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասին։ Չի բացառվում, որ դատավարությունը լինի դռնփակ, ինչի կապակցությամբ Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ այն կորոշի դատարանը։ Մի բան հաստատ է, որ դատավարությունը ընթանալու է Հունգարիայում եւ չի տեղափոխվի Ադրբեջան։ Փաստաբան Տիգրան Ջանոյանը հավելեց, որ «նախաքննությունը չունի որեւէ տվյալ, որ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, ինչպես փորձում են ներկայացնել թուրքերը»։ Հատկանշական է, որ սպանություն կատարելուց հետո ոճրագործը կացինը ձեռքին փորձել է ջարդել Հ. Մակուչյանի դուռը, որի վրա կացնի հետքեր կան։ Սա եւս հաստատում է, որ կենցաղային դրդապատճառ լինել չէր կարող։ Իրեղեն ապացույց ճանաչված կացինը, ըստ գործի նյութերի, ձեռք էր բերվել սպանությունից 2 շաբաթ առաջ, 12 սմ կտրող մասն էր, 17 սմ՝ բարձրությունը, ընդհանուր չափը 65 սմ է։ Ռ. Սաֆարովը հայտարարել էր, թե այն որպես հուշանվեր տանելու է հորը։ Տեղեկացնենք, որ Ն. Վարդանյանին օգնում են մի խումբ հայ փաստաբաններ։

Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ արդեն գործում է դատապարտյալներին փոխանակելու մասին միջպետական կոնվենցիան, որը, ըստ մեր փաստաբանների, որեւէ կաշկանդող դեր չի կարող խաղալ մինչդատական պրոցեսում։ Ինչ վերաբերում է հայ լրագրողների մտահոգությանը, թե հնարավո՞ր է կոնվենցիան ճնշող դեր խաղա եւ արդյունքում ոճրագործը իբրեւ հերոս դատավճռից հետո վերադարձվի Ադրբեջանին, Ն. Վարդանյանը բացառեց. մայիսի 1-ին Հունգարիան պատրաստվում է Եվրամիության անդամ դառնալ եւ խնդիր ունի ապացուցելու աշխարհին, որ ինքը քաղաքակիրթ երկիր է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել