Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Ապրիլ 27,2004 00:00

Երեկ
առավոտյան ԵԽԽՎ բյուրոյի նիստը որոշեց առաջարկել, որ Կիպրոսի եւ Կոսովոյի
խնդիրների հետ միասին՝ հրատապ կարգով նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի
քննարկման հարցն ընդգրկվի օրակարգում:
Ինչպես մեզ հեռախոսով Ստրասբուրգից հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ բյուրոյում հարցը ներկայացվել էր ԵԽԽՎ 5 խմբակցություններից 2-ի նախաձեռնությամբ. «Ավելի ուշ քննարկումների ժամանակ պատկերն այնպիսին էր, թե այնքան էլ միանշանակ չէ տարբեր մարդկանց վերաբերմունքը հարցն օրակարգ մտցնելու առնչությամբ: Հիմնական հարցադրումները հետեւյալն էին, թե սովորաբար նման հապշտապ ձեւով հարց չի ներկայացվում ԵԽԽՎ-ում. անհրաժեշտ է նշանակել զեկուցողներ, որ նրանք լինեն տեղում, պարզեն տեղեկությունները եւ դրանց հիման վրա ներկայացնեն զեկույց, իրենց վերլուծությունները, ու նաեւ բանաձեւ, որ առաջարկում է ինչ-ինչ լուծումներ: Հիմնական հարցադրումները հենց այս հիմքի վրա էին, թե անհրաժեշտ է ժամանակ՝ առավել եւս, որ դիտարկման հանձնաժողովի օրակարգում եւս կա այս հարցը: Ապրիլի 27-ին հանձնաժողովի նիստի ընթացքում իրենք եւս պիտի անդրադառնան Հայաստանի խնդրին: Առաջարկը հետեւյալն էր՝ օրակարգ չմտցնել, հնարավորություն տալ, որ դիտարկման հանձնաժողովը մանրամասնորեն քննարկի խնդիրը, եւ դրանից հետո քննարկվի հարցը»:

ԵԽԽՎ լիագումար նիստում օրակարգի հաստատման ժամանակ նախագծի դեմ վերոհիշյալ առարկություններով ելույթ էր ունեցել Տիգրան Թորոսյանը եւ ասել. «Ես ոչ թե ընդհանրապես դեմ եմ այս հարցի ներառմանը, այլ կարծում եմ, որ դրան պետք է անդրադառնալ իրավիճակի համապատասխան ուսումնասիրությունից եւ նախապատրաստությունից հետո»: Նրա փաստարկներից մեկն էլ այն էր, որ այդ քննարկումը կարող է ավելի սրել եւ բարդացնել իրավիճակը Հայաստանում: Սակայն ԵԽԽՎ բյուրոյի անդամ, հունգարացի Յորշին նշել էր, որ եթե թողնեն Հայաստանում իրավիճակը մնա նույնը՝ այն կարող է վատթարանալ. «Այնտեղ վարչական կալանքներ են իրականացվում, մտնում կուսակցությունների գրասենյակներ, բռնություններ, ահաբեկչություն, փակված ճանապարհներ»: Այս առնչությամբ Տիգրան Թորոսյանն ասաց մեզ. «Այո՛, ասվեցին բավականին կոշտ խոսքեր: Ցավոք, պիտի ասեմ, որ իմ կարծիքով, քանի որ այդ մարդը բացարձակապես չէր կարող որեւէ իրական տեղեկություն ունենալ Հայաստանից, մեր երկրում չի եղել այս օրերին՝ նա կրկնեց այն, ինչ իրեն ասել էին»: Մեր հարցին՝ ենթադրվում է, թե Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր անդամների խոսքե՞րն են կրկնել, պրն Թորոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո՛: Պրն Յորշեն ներկայացրեց մի քանի առանց հիմնավորումների մեղադրանքներ, որոնց հետ կապված բացատրություններ ներկայացնելու հնարավորություն չկար կանոնակարգով, առավել եւս՝ որ դրա համար բավական տեւական ժամանակ էր պետք»:

Մեր հարցին՝ արդյոք իրե՞նց ջանքերով այս հարցը հրատապ ներառվեց օրակարգում, թե՞ Եվրախորհուրդն ինքն էր շահագրգռված՝ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը Ստրասբուրգից հայտնեց. «Դեռ 2 ամիս առաջ «Ազգային միաբանությունն» իր բոլոր հանդիպումները լուսաբանող տեսաժապավենները ներկայացրել էր Եվրախորհրդի անդամ երկրների Հայաստանի դեսպանություններին: Հետագա անցուդարձի մասին էլ էին նրանք չափազանց քաջատեղյակ»: Շավարշ Քոչարյանը եւ Արտաշես Գեղամյանը հանդիպել էին ԵԽԽՎ առանցքային պաշտոնյաների, եւ իրենց նախապատրաստած փաստաթղթերը փոխանցել նրանց: Երեկ առավոտյան նրանց ընդունել էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Ըստ պրն Գեղամյանի՝ «Հանդիպման ժամանակ պրն Շվիմերին մանրամասնորեն իրազեկեցինք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին: Ի զարմանս մեզ՝ շատ եւ շատ հանգամանքների եւ մանրամասների մասին ԵԽ գլխավոր քարտուղարը քաջատեղյակ էր»: Իսկ Շավարշ Քոչարյանն «Ա1+»-ի թղթակցին հայտնել է, թե Շվիմերն ուղղակի վրդովված էր:

Գնահատելով քվեարկության արդյունքները՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Այն ապացուցեց, որ Եվրախորհրդի անդամ երկրների ճնշող մեծամասնությունն անտարբեր չէ այն բռնությունների եւ ապօրինությունների հանդեպ, որի ականատեսն ենք վերջին 2-2,5 ամիսների ընթացքում»: Մեր խնդրանքով կանխատեսելով, թե ինչ բանաձեւ կարող է հետեւել այս քննարկմանը՝ նա ասաց. «Շավարշ Քոչարյանի հետ հայտնել ենք մտավախություն, որ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը ամենեւին չի նպաստի մեր երկրում ժողովրդավարական կառույցների հաստատմանը: Հակառակը՝ ԵԽ-ն հնարավորինս պետք է մոտենա Հայաստանին, որ կարողանա լիարժեք դիտարկում իրականացնել եւ սատարել ժողովրդավարական բարքերին կողմնակից քաղաքական ուժերին: Եվ արդեն իսկ մեծագույն հաղթանակ է այն փաստը, որ 106 պատվիրակներ փաստացի իրենց վճռական «ոչ»-ն ասացին այս բռնություններին, որոնց մասին իրազեկված էին»:

Իսկ Տիգրան Թորոսյանը պատժամիջոցների հնարավորության մասին ասաց. «Այժմ ընդհանրապես որեւէ պատժամիջոց չի կարող լինել, կանոնակարգն էլ չի ենթադրում նման բան: Կարծում եմ, դիտարկման հանձնաժողովի զեկուցողը կներկայացնի մի բավական կարճ փաստաթուղթ, քանի որ մարդիկ տեղում չեն եղել եւ ոչինչ չեն պարզել դեռեւս: Այն թերեւս շատ ընդհանուր գծերով կարող է ներկայացնել իրավիճակը եւ առաջարկել ելքեր: Կարծում եմ, համապատասխան աշխատանքի դեպքում՝ սա օգտակար մի բան կարող է լինել. չմոռանանք, որ Վալտեր Շվիմերի հայտարարության մեջ խոսվում էր երկխոսության եւ ժողովրդավարական կառույցներին վերաբերող բարեփոխումները շարունակելու մասին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը երեկ ասուլիսում հայտարարել
է, թե պատրաստ են հունիսյան նստաշրջանին մասնակցելու համար հրավիրել Ռոբերտ
Քոչարյանին: Սակայն դա կորոշվի ապրիլի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել