Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդի ջուրը վտանգավոր է դարձել

Ապրիլ 24,2004 00:00

Դեբեդի ջուրը վտանգավոր է դարձել Ալավերդիի բարձրադիր հատվածի կոյուղագծերը երբեք միացված չեն եղել կոյուղու մաքրման կայանին: Նույնն է քաղաքի Սանահին ու Շահումյան թաղամասերում, սակայն մեկ տարբերությամբ. այստեղ ջրվեժի նման թափվող կոյուղաջրերի փոխարեն գոյացել են «նույն բաղադրության» ջրակույտեր, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ: Նման վիճակում է ոչ միայն Ալավերդին, այլ նաեւ մարզի գրեթե բոլոր քաղաքները: Սպիտակից դեպի Վանաձոր տանող ճանապարհին՝ գետի ափին դեռ պահպանվում է Սպիտակի կիսակառույց կայանը: Սպիտակի կոյուղու ողջ պարունակությունը (ամիսը 27 հազ. խմ ) հայտնվում է Փամբակ գետում: Կոյուղաջրերի քանակը Վանաձորում ավելի քան 20 անգամ գերազանցում է մնացած քաղաքների նույն ցուցանիշը՝ օրական հասնելով 22 հազ. խմ-ի: Մաքրման կայանի կոյուղաջրերը ենթարկվում են միայն մեխանիկական մաքրման: Կայանի կենսաբանական ու քիմիական մաքրում ապահովող սարքերը վաղուց արդեն չեն ծառայում իրենց նպատակին: Կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանի կարծիքով, 20 միլիոն դրամ է հարկավոր կայանը գործարկելու համար: Ժամանակին խորհրդային իշխանությունները որոշել էին մարզում կառուցել կոյուղաջրերի կենսաբանական, քիմիական ու մեխանիկական մաքրման կայաններ: Սակայն միության փլուզումից հետո մաքրման կայանների կառուցման գաղափարը մնաց թղթի վրա: Լոռու մարզում յուրաքանչյուր ամիս Դեբեդ գետի ավազան է լցվում շուրջ 800 հազ. խմ կոյուղաջուր, որը կազմում է գետի ջրերի 0.1%-ը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գետավազանի 100 լիտր ջուրը պարունակում է 2 լիտր կեղտաջուր: Լոռու բնապահպանական տեսչության լաբորատորիայի վարիչ Մելանյա Ստեփանյանի պարզաբանմամբ. «1988թ. նոյեմբերին «Վանաձոր» մաքրման կայանից 100 մետր հեռու Փամբակ գետից վերցրած ջրի հետազոտությունից պարզվել է, որ մեկ լիտր ջրում կա 26 միլիգրամ ամոնիակ, իսկ նորմայով այն չպետք է գերազանցի 0,5 միլիգրամը: Այդ ժամանակ քաղաքի բոլոր գործարաններն աշխատում էին: Իսկ 2001թ. ուսումնասիրության արդյունքներով, մեկ լիտր ջրում ամոնիակի պարունակությունը 3,5 մգ է: 2003-ին ամենաբարձր ցուցանիշը եղել է 4,5 մգ»: Այս տարիների ընթացքում գործարանները չեն աշխատել, եւ լաբորատորիայի վարիչը գտնում է, որ ջրի մեջ ամոնիակի պարունակության բարձրացումը կոյուղաջրերի հետ է կապված: Նրա տվյալներով, «գետի ջրերում քլորի, սուլֆատների եւ մնացած աղերի պարունակությունը չի գերազանցում սահմանված նորմերը, սակայն կոյուղաջրերի առկայությունը անուղղակի ձեւով չնչին, աննշան ազդեցություն է ունենում դրանց քանակի ավելացման վրա: Այսինքն՝ կոյուղաջրերը միայն նպաստում են ամոնիակի քանակի ավելացմանը, ինչն էլ ջրում թթվածնի պակաս է առաջացնում»: Բնապահպանները հաշվառել են Փամբակ, Ձորագետ եւ Դեբեդ գետերի երկայնքով տեղակայված այն բոլոր օբյեկտները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն աղտոտում են գետավազանի ջրերը: Դրանց թիվը հասնում է 238-ի, որոնց շարքում մեծ տեղ են գրավում կենցաղային-կոմունալ աղտոտման աղբյուրները (գետի երկայնքով տեղադրված զուգարաններ, խորովածանոցներ): Կոյուղաջրերին խառնվում է նաեւ մարզի տարբեր բնակավայրերի կենցաղային աղբը: «Քանի դեռ տնտեսական-կենցաղային եւ որոշ չափով արտադրական հոսքաջրերը հիմնականում առանց նախնական-սպեցիֆիկ եւ կենսաբանական մաքրման ու վնասազերծման թափվում են Դեբեդ, գետի ջրերով ոռոգում կատարելը կարող է առանձին հիվանդությունների, վարակների աղբյուր հանդիսանալ գյուղմթերքների միջոցով»,- նշում է Բնապահապանական տեսչության Լոռիի տարածքային բաժինը: Կոյուղաջրերից ազատվելու ու դրանք մաքրման կայան ուղղորդելու համար պետք է խողովակաշար կառուցել: Ըստ Ալավերդու քաղաքապետարանի՝ հարկավոր է շուրջ 180 միլիոն դրամ, ինչի հնարավորություն այս պահին չկա: Եթե նույնիսկ տեղական իշխանությունները կարողանան լուծել խողովակաշարերի կառուցման խնդիրը, ապա դրանով գետը կոյուղաջրերից փրկել չի լինի: Կպահանջվի եւս 50 միլիոն դրամ՝ գործարկելու կոյուղու մաքրման կայանը, որը վերջին անգամ աշխատել է 13 տարի առաջ: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930