Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվածների եւ տուգանվածների

Ապրիլ 24,2004 00:00

Ձերբակալվածների եւ տուգանվածների ցուցակը երկարում է Երթուղային տաքսիները՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ համակարգված ձեւով իրականացվում է տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։ Ասուլիսի մասնակիցները (Ռուզան Խաչատրյան, Գրիգոր Հարությունյան, Ալբերտ Բազեյան) ներկայացրին ձերբակալվածների, անհայտ կորածների եւ դատապարտվածների մի երկար ցուցակ։ Ըստ այդ ցուցակի ապրիլի 21-ի հանրահավաքից հետո անհայտ կորել է հարյուր մարդ։ Քաղաքական հետապնդման են ենթարկվել, ձերբակալվել կամ տուգանվել 300-ից ավելի մարդիկ։ Ասվեց նաեւ, որ այսօր 12 մարդ քաղաքական բանտարկյալ է։ Ալբերտ Բազեյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմության գործողությունները կատարվում են Սահմանադրության 26-րդ հոդվածին համապատասխան եւ ընդդիմության նպատակը նույնն է՝ սահմանադրական կարգի վերականգնում եւ երկրում օրինական իշխանության հաստատում։ Պրն Բազեյանը կարծիք հայտնեց, որ «ոչինչ հավերժ չէ, բռնություններն էլ հավերժ չեն եւ ոչ էլ իշխանությունները։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է հաստատվելու եւ փոշման են լինելու այն լրագրողները, որոնք այսօր պատվեր են կատարում»։ Լրագրողներին կոչով դիմեց նաեւ Վիկտոր Դալլաքյանը, որը նկատեց. «Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այս բռնությունները վաղը իրենց հետ կարող են կատարվել։ Մենք պայքարում ենք այդ բռնությունների, այսինքն՝ քոչարյանիզմի դեմ»։ Գրիգոր Հարությունյանը նշեց, թե իշխանությունները գիտեն, որ հասարակությունն իրենց դեմ է եւ «մտածում են, թե այս ալիքը կարող են կանխել միայն բռնությամբ եւ դա մեկ նպատակ է հետապնդում՝ ճնշել հասարակությանը։ Սակայն սա չի ազդի, որովհետեւ մարդիկ դարձյալ մասնակցում են հանրահավաքներին, ժողովրդի մեջ արթնացել է ընդհանուր վտանգին դիմագրավելու գիտակցությունը»։ Ռուզան Խաչատրյանը նկատեց, թե կոալիցիան շարունակ խոսում է գործընթացները իրավական դաշտ տեղափոխելու մասին եւ խուսափում է քաղաքական հարթությունում խոսելուց. «երեւի քաղաքական դաշտում միայն պորտֆելներ եւ երթուղային գծեր են բաժանում»,- ասաց տիկին Խաչատրյանը։ Նա հրապարակեց մի տեղեկություն, ըստ որի թիվ 13, 9, 50 եւ 7 երթուղային տաքսիների գծերի մեքենաները ապրիլի 21-ի հանրահավաքի օրը եւ դրանից հետո զբաղված էին «մարդաորսով»՝ իրենց դուր չեկած մարդկանց քաղաքացիական հագուստով անձինք համոզելով կամ խաբելով մտցնում էին այդ երթուղային տաքսիների մեջ եւ տանում ոստիկանատներ։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930