Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՈՉ ՈՔ ՔԱՐԿԱՊՈՎ ՉԻ ԿԱՊԵԼ»

Ապրիլ 24,2004 00:00

«ՄԵԶ ՈՉ ՈՔ ՔԱՐԿԱՊՈՎ ՉԻ ԿԱՊԵԼ» Երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Երեկ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը ապրիլի 26-ին, ժամը 18-ին ընդդիմությանը հրավիրեց քաղաքական երկխոսության։ «Ինչո՞ւ ապրիլի 12-ին փշալարերը դրվեցին ԱԺ-ի եւ ոչ թե ՍԴ-ի մոտ, դուք մտածե՞լ եք այդ մասին, դե մտածեք»,- երեկ լրագրողներին այսպիսի հարցով դիմեց ԱԺ նախագահը, թերեւս ակնարկելով, որ ապրիլի լույս 13-ի գիշերը կատարվածի համար զուր են մեղադրում ԱԺ-ին։ ՕԵԿ նախագահի հայտարարություններն ու գնահատականները որոշակիորեն տարբերվում են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հայտարարություններից։ Վերջիններիս կողմից բռնությունների վերաբերյալ որեւէ դատապարտող գնահատական առայժմ չի հնչել, բացի «ցավալի» որակումից։ Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ՝ արդեն երկրորդ անգամ հայտարարեց, որ դատապարտում է բռնությունները՝ «ում կողմից էլ դրանք իրականացված լինեն»։ Լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, Ա. Բաղդասարյանը երեկ դատապարտեց նաեւ Աշոտ Մանուչարյանին ծեծի ենթարկելու փաստը. «Ես դատապարտում եմ կատարվածը եւ որեւէ քաղաքական գործչի կամ մարդու նկատմամբ իրականացված բռնությունները։ Այսօր Աշոտ Մանուչարյանն է, վաղը կարող է մեկ ուրիշը լինել»։ Արթուր Բաղդասարյանը ասուլիսի բավականին ինքնատիպ ձեւ էր ընտրել (թերեւս նախկին լրագրողն էր մեջը խոսել). հատուկ հարմարեցված էկրանին պատկերված էր Հայաստանի մեկ տարվա կենսագրությունը՝ 2003-ի նախագահականից, ՍԴ որոշումից մինչեւ մեր օրերը։ Ըստ Արթուր Բաղդասարյանի, առճակատման խորացումը լավ բան չի խոստանում Հայաստանին. «Եթե ընդդիմությունը իր առաջադրած երկու պայմաններից բացի կոնկրետ այլ պայման չի առաջարկում կամ գոնե չի նստում սեղանի շուրջ, ապա պայքարը քաղաքական դաշտից դուրս է գալիս եւ, ցավով եմ դա ասում, որ արդեն ընդդիմության հետ երկխոսության մեջ են մտնում ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավապահ մարմինները։ Ընդդիմությունն ունի ընտրության իրավունք եւ այդ ընտրությունը պետք է կատարվի, որովհետեւ մենք՝ քաղաքական ուժերս, պետք է ընտրենք քաղաքական երկխոսության ճանապարհը»։ ԱԺ նախագահը անհանգստություն հայտնեց, որ իրավիճակի հետագա լարվածության դեպքում չի բացառվում Հայաստանի՝ ԵԽ անդամության հարցի քննարկումը. «Դա Շավարշ Քոչարյանի սրտո՞վ կլինի, Ռոբերտ Քոչարյանի սրտո՞վ է լինելու»,- շարունակեց Արթուր Բաղդասարյանը։ Ելքը, ըստ նրա, «նստենք -խոսենքն» է։ Իսկ ընդդիմությունը նույն օրը հրավիրած իր ասուլիսում բավականին տեղին էր նկատել՝ ո՞ւմ հետ նստենք-խոսենք, երբ մի կողմից կոալիցիան երկխոսության առաջարկ է անում, մյուս կողմից մարդկանց ապօրինի բռնում են ու դատում։ «Առավոտը» ԱԺ նախագահին փոխանցեց ընդդիմության այս հակափաստարկները, նաեւ հետեւյալը՝ ըստ ընդդիմության, Ռ. Քոչարյանը պարզապես արգելք է դրել քաղաքական ուժերի երկխոսության վրա, իսկ ապրիլի 12-ին, երբ չորս պատգամավորներ ցանկացան մտնել ԱԺ՝ իրենց երեք պահանջներով, այն է՝ հանդիպել ԱԺ նախագահի հետ, հանդիպել Հայկ Հարությունյանի հետ, ստանալ ուղիղ եթեր, ԱԺ դռները փակ էին պատգամավորների առջեւ։ Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ ինքը նույն օրը մի քանի անգամ խոսել է Վիկտոր Դալլաքյանի հետ, սակայն վերջինս չի ասել, թե մտադիր է իր հետ հանդիպել։ Իսկ մնացած երկու հարցերի հետ կապված, ըստ Ա. Բաղդասարյանի, պետք էր դիմել այլ տեղ։ Ընդդիմությունը նկատել էր նաեւ, որ, իհարկե, կոալիցիան պատասխանատվություն կրում է կատարվածի համար, սակայն, մյուս կողմից, որեւէ լծակ չունի ազդելու ոստիկանության, իրավապահ մարմինների վրա։ «Այո, հայտնի է, որ դրանք ենթարկվում են ՀՀ նախագահին,- համաձայնեց ԱԺ նախագահը եւ լրացրեց,- ամբողջ իրավական համակարգը այսօր չի ենթարկվում քաղաքական գործընթացներին։ Եվ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ ե՛ւ ՆԳ նախարարը, ե՛ւ ուժային կառույցների ղեկավարները լինեն քաղաքական պատասխանատվության կրողներ»։ Պարոն Բաղդասարյանը հերքեց նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանը դեմ է երկխոսությանը. «Ոչ ինձ հետ, ոչ էլ կոալիցիայի խորհրդի հետ հանդիպումներում նախագահը չի խոսել երկխոսություն չանցկացնելու մասին»։ «Առավոտը» հիշեցրեց Անդրանիկ Մարգարյանի այն միտքը, թե վարչապետի հրաժարականի հարցի բարձրացման դեպքում Հանրապետականը ընդդիմություն կդառնա, եւ փորձեց ճշտել, թե որտեղ կլինի ՕԵԿ-ը, եթե հարց դրվի ԱԺ-ի լուծարման, այսինքն, ԱԺ նախագահի պաշտոնը կորցնելու վտանգի դեպքում։ «Վարչապետը տվել է խիստ պրագմատիկ պատասխան»,- ասաց Արթուր Բաղդասարյանը եւ հավելեց, որ ԱԺ-ի լուծարումը առաջ է բերելու ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթացի սկիզբ եւ հենց այս կապակցությամբ էր ՀՀ նախագահը հայտարարել, որ ինքը մտադրություն չունի լուծարել ԱԺ-ն։ ԱԺ նախագահը շարունակ կրկնում էր երկխոսության իր հրավերը եւ վստահություն հայտնում, որ կգտնվեն կոմպրոմիսային տարբերակներ։ «Մեզ ոչ ոք իրար չի կապել քարկապով, պետք է քննարկենք, փորձենք գտնել կոմպրոմիսային լուծումներ»,- պատասխանելով հարցին՝ ի՞նչ երաշխիք, որ կոալիցիայի եւ ընդդիմության գտած «կոմպրոմիսը» կընդունվի Ռոբերտ Քոչարյանի կողմից, ասաց Արթուր Բաղդասարյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930