Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵՑԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ

Ապրիլ 24,2004 00:00

Մայրաքաղաքի Խուլհամրերի մշակույթի պալատում ավարտվեց կարատեի Հայաստանի 16-րդ առաջնությունը, որին մասնակցող

14 տարեկանից բարձր 100-ից ավելի մարզիկներ ներկայացնում էին 12 կազմակերպություններ՝ Կապանից, Հրազդանից, Եղեգնաձորից, Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Արցախից, Արմավիրից:

Առաջնությունն անցկացվում էր կատա եւ կումիտե ձեւերում՝ պատանիների եւ մեծահասակների միջեւ: Հայաստանի կարատեի ֆեդերացիան (նախագահ՝ Գրիգոր Միքայելյան) ամեն ինչ արել էր առաջնությունն անխափան անցկացնելու համար:

Տպավորիչ հաղթանակ տարավ Հայաստանի բազմակի չեմպիոն Հրաչյա Վարժապետյանը (նկարում՝ աջից առաջինը)՝ հաղթելով մինչեւ 70 կգ եւ բացարձակ քաշային կարգերում դարձավ չեմպիոն, ցուցադրելով գեղեցիկ եւ բազմազան հնարքներ, նա ոչ մի շանս չթողեց մրցակիցներին: Նրա ներկայացրած Հայաստանի Շոտոկան կարատեի ֆեդերացիայի թիմի մարզիկներից երկու ոսկե մեդալ նվաճեց նաեւ Ստեփանյան Գոռը կատա եւ կումիտե ձեւերից եւ մեկ ոսկե մեդալ՝ Գրիգորյան Արթուրը:

Չորս ոսկե մեդալ տուն տարան «Տիգրան Մեծ» ակումբի մարզիկներ, եղբայրներ Գեւորգ եւ Հարություն Խաչատրյանները, Հայկազ Հովհաննիսյանը, Արսեն Վարդանյանը: Հայաստանի յոթակի չեմպիոն Տիգրան Մուրադյանի սաներն առանձնացան կոռեկտ ու գեղեցիկ մենամարտերով: Նրանք մրցակիցներին հաղթեցին առանց նրանց վնասվածքներ հասցնելու, որը շատ բարձր է գնահատվում:

Պետք է ասել, որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը մենամարտերը վարում էր առանց կանոնները խախտելու եւ կոպիտ աշխատանքի: Դա վկայում է մարզիչների՝ հասարակության համար արժանի անդամներ դաստիարակելու ձգտման եւ կարատեի ավանդույթները պահպանելու մասին:

Կատա ձեւը կարատեն առանձնացնում է այլ մենամարտային մարզաձեւերից: Այստեղ մարզիկը կատարում է ֆորմալ վարժությունների շարք, որը ենթադրում է մենամարտ պայմանական հակառակորդի հետ: Տպավորիչ կատարելով վարժությունները՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Օկինավյան Գոջորյու ֆեդերացիայի ներկայացուցիչ, վանաձորցի Հայկ Աբոյանը, մարզիչ՝ Մերուժան Օխիկյան:

Ինչպես նշեց Գրիգոր Միքայելյանը, այս մրցումները լավ ստուգատես էին մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության շեմին:

ԱՇՈՏ ՄԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել