Էդուարդ
Փաշինյանը 81 տարեկան է
Առաջին վերլուծությունը, որը ես ներկայացրել էի իմ հարմոնիայի դասախոս Էդուարդ Ռուբենի Փաշինյանին, վերաբերում էր Շոպենի մի-մինոր պրելյուդին: 1978 թվականի սեպտեմբերն էր: Իմ այդ վերլուծության մեջ լիքն էին ճռճռան բառերն ու ոչ ադեկվատ մակդիրները: Փաշինյանն ասաց. «Պրելյուդի կերպարը դուք բացահայտեցիք բավարար: Բայց ահա բուն հարմոնիայի հարցում մենք ձեզ հետ պետք է բանավիճենք: Ձեր տեքստում ամեն ինչ սահում է կամ սղում է, բայց մեր նպատակն է որոշել այդ «սահելու» տրամաբանությունը: Եկեք դա՛ քննարկենք»: Որքա՜ն հեռու է այդ ամենը այսօրվա իմ կյանքից՝ գանգստեր-գործարարներով, բութ պաշտոնյաներով եւ ինքնասիրահարված քաղաքական գործիչներով եւ օրումեջ մարդ ծեծելով: Որքա՜ն հաճելի է, որ դեռեւս կան մարդիկ, որոնք պատրաստ են քննարկել Շոպենի պրելյուդի հարմոնիայի տրամաբանությունը: Իսկական մտավորականին վայել մեղմությամբ եւ տակտով:
Քիչ հետո ես իմացա, որ Է.Փաշինյանը ոչ միայն երաժշտագետ է եւ կոմպոզիտոր, այլեւ բժիշկ: Եվ այստեղից է նրա սուր վերլուծական միտքը, տվյալ ստեղծագործության «ախտորոշումը» տալու ունակությունը: Ի դեպ, հետաքրքիր է նրա բժիշկ դառնալու պատմությունը: Նա կոնսերվատորիա էր եկել Մեծ հայրենական պատերազմից, որտեղ Թամանյան դիվիզիայում կռվում էր որպես իսկական զինվոր եւ, ինչպես բոլոր իսկական կռվողները, երբեք գլուխ չի գովում իր սխրանքներով։ Ընդունվեց կոնսերվատորիա եւ սկսեց ստեղծագործել: Բայց 1948-1949 թվականներին կոմունիստական ռեժիմը, փոքր-ինչ անհասկանալի պատճառներով, սկսել էր «զբաղվել» արվեստով: Եվ պաշտոնական քարոզչությունը մեծ եռանդով քարկոծում էր խորհրդային ամենանշանավոր կոմպոզիտորներին՝ Պրոկոֆեւին, Շոստակովիչին, Խաչատրյանին, մեղադրելով նրանց եւ բոլոր անհաճո կոմպոզիտորներին «ֆորմալիզմի» մեջ: Ուսանող Փաշինյանը չուզեց մասնակցել այդ համընդհանուր «ասուժդամսին», թողեց կոնսերվատորիան եւ ընդունվեց բժշկական ինստիտուտ։ Ավարտելով, որոշ ժամանակ նաեւ աշխատում էր որպես բժիշկ-ակնաբույժ: Բայց հետո երաժշտության ձգողական ուժը նրա համար անհաղթահարելի դարձավ: Ի բարեբախտություն մեզ՝ նրա ուսանողների: Որովհետեւ ոչ ոք Փաշինյանից լավ չի կարող ամենաբարդ երաժշտական երեւույթները բացատրել պարզ, մատչելի, նույնիսկ՝ կենցաղային լեզվով: Նրա կյանքի ամենակարեւոր գործը, անշուշտ, կմնա «Հարմոնիայի դասագիրքը»՝ առաջին եւ վերջին հայերեն լեզվով դասագիրքն այս ոլորտում:
Իսկ հարմոնիան ոչ միայն ակորդների կցման ձեւ է, այլեւ մեծ իմաստով ներդաշնակություն է, այսինքն՝ մտածողություն: Ահա այդ մտածողությունն է տվել Էդուարդ Փաշինյանը ինձ եւ ինձ նման հարյուրավոր մարդկանց կոնսերվատորիայում եւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում:
Անցած տարի լրացավ իմ սիրելի դասախոսի 80-ամյակը: Որեւէ պաշտոնական կամ նույնիսկ կիսապաշտոնական մակարդակով դա չնշվեց: Այսօր նրա 81-ամյակն է: Սրտանց շնորհավորում եւ առողջություն եմ ցանկանում նրան:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ