Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՊՐՈՂԻՑ ԱՊՐՈ՛Ղ ԴԱՌՆԱԼ

Ապրիլ 24,2004 00:00

1915թ. Մեծ եղեռնի հետեւանքներից ամենաանհանդուրժելին մեր
Հայրենիքի կորուստն էր: Բացի անթիվ զոհերից, մենք կորցրինք ազգիս համար ամենակարեւորը՝
մեր Մեծ Տունը՝ մխիթարվելով այժմյան փոքր հատվածի բարեբաստիկ պահպանմամբ:

Տուն կորցրած 86 հոգանոց մեծ գերդաստանից ողջ մնացած երեք վերապրողներից մեկի թոռն եմ: Այժմ իմ գերդաստանը քանակով 286-ից էլ ավելի է, որոնք, սակայն, սփյուռքի տարբեր գաղթօջախներում պանդուխտի կյանքով են ապրում: Նրանք անՏուն են՝ անՀայրենիք:

Մինչեւ 1990թ. մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանելս, սփյուռքի տարբեր գաղութներում ապրել եմ վերապրողի կարգավիճակով ու հոգեբանությամբ: Ահա եւ ուղիղ 15 տարուց ի վեր, վերագտնելով գերդաստանիս կորցրած հայրենի Տան մի մասը, փորձում եմ դառնալ ապրող: Ազգիս սփյուռքյան հատվածում, ուր որ էլ լինի այն՝ Մերձավոր Արեւելք թե Եվրոպա կամ Հյուսիսային Ամերիկա, 1915թ. արյունոտ ցեղասպանությունը շարունակվում է սպիտակ եղեռնի տեսքով: Սփյուռքում իմ ինքնությունը՝ մայրենի լեզուս եւ մշակույթս պահպանելու ոչ մեկ հնարավորություն չունեի. ես ծնողներիս, երեխաներս էլ՝ ինձ էին օտարանում: Եվ կարծես թե այս դաժանությունը հերիք չէր, օտար պետությունների քաղաքացիներ հանդիսացող հայերս մինչ օրս այդ երկրների իշխանություններին ծնկաչոք աղաչում-պաղատում ենք, որ նրանք ի վերջո բարեհաճեն ասել, որ «1915թ. կատարվածը ցեղասպանություն էր»:

Հիշում եմ ֆրանսահայ հայրենակիցներիս հուզմունքով լացը, երբ 1987թ. հունիսի 18-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրախորհրդարանն առաջին անգամ բառացիորեն օգտագործեց վերոհիշյալ որակումը:

Ես, ի տարբերություն սփյուռքում մշտապես անտեսված, ընկճված, ստորացված, վայրկենապես օտարացող ու շարունակաբար ազգիս անհետանալը ծրագրած մութ ու օտար ուժերին ծառայող, Երկիր մոլորակի երեսից ամեն օր հազարներով վերացող բազմամիլիոն «հայության» գոյավիճակին հակառակ, հայ մնալու, հայ ապրելու, արիացի հայի տեսակին հավատարիմ կյանք շարունակելու նպատակն ունեմ: Իմ նպատակը պայմանավորված է մի շատ պարզագույն պատճառով. ես պապերիս անհայտ գերեզմանից ավելի՝ երեխաներիս եմ սիրում: Հայի ապագան գերադասում եմ անցյալից: Իմ այսօրն ավելի եմ գնահատում, քան անցյալը: Այս մի փոքր հողակտորը, որի վրա ապրում եմ հիմա, շատ ավելի եմ սիրում, քան իմ ծննդավայր, բռնագրավված Կիլիկիան: Ոչ մեկ օտար երկրի բանակում չեմ ծառայել, բայց բարեբախտությունն եմ ունեցել իբրեւ կամավոր զինվորագրվելու մեր փոքրիկ Արցախ աշխարհի հաղթանակած բանակին: Բազմաթիվ զոհված ընկերներ ունեմ, որոնց շիրիմներն են ինձ համար դարձել սրբավայր: Ամեն օր ու ամեն ժամ փորձում եմ նրանց քաջագործություններին համարժեք՝ իմ երկրում գլուխս բարձր եւ մարդկային հպարտությամբ ու պատվով ապրել:

Վերացական հայրենիքի փոխարեն գերադասում եմ իրական Հայաստանում ապրելը: Ապրիլի 24-ն ինձ համար պարզապես ցավի, վշտի, կսկիծի, ցեղասպանության հիշատակի օրը չէ, ընդհակառակը՝ ապրելու, ապրելը սիրելու, վճռականությունը ցույց տալու օր է: Ըստ իս, այսօր երկրագնդի բոլոր մասերում ապրող հայությունը պետք է ոտքի մնալու, ապրելով գոյատեւելու վճռականությունը ցույց տա ողջ մարդկությանը: Հայի ապրելու ցանկությամբ միայն կարող ենք արժանի հակահարված տալ մարդկության դեմ գործված այս ամենաստոր հանցանքին:

Շատ մեծ դառնությամբ ու ափսոսանքով եմ փորձում հանդուրժել վերջին տարիներին 1,5 միլիոնից ավելի հայության՝ Հայաստանից արտագաղթի ցավոտ փաստը: Մի՞թե չենք կարողանում գիտակցել, որ «Հայաստանն առանց հայերի» ծրագրի հեղինակների հետնորդներն այժմ էլ դավադրորեն գործում են ի վնաս հայության:

Հայությունից դատարկվելով՝ Արցախն ու Հայաստանն այժմ մի նոր դրսեւորմամբ ցեղասպանության դեմ հանդիման են գտնվում: Սա եւս հայության հանդեպ գործվող անմարդկային հանցագործություն է՝ 1915թ.-ի քստմնելի շարունակությունը:

Կարծես թե բավական չեն մեր ժողովրդի կրած չարչարանքներն ու եղեռնազոհ դառնալը՝ այժմ էլ սփյուռքում օրըստօրե մահացող վերապրողների հոծ բանակին միանալու են գնում Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքացի հանդիսանալով ապրելու բախտն ունեցող մեր հայրենակիցները:

Մարդկային արժեքները ոչ մի տեղ չեն կարող այս աստիճան անբարոյական, աղավաղված ու այլասերված լինել. 1915թ. տեսած հայն իր Հայրենիքում՝ իր Պետությունում արժանավայել հպարտությամբ ապրելու իրավունքից չպետք է այսքան հեշտորեն հրաժարվի:

Կյանքն է հաջորդում մահվան եւ ոչ թե մահը կյանքին:

Կարծում եմ, որ հարատեւման համար եւ հարատեւման գիտակցությամբ պետք է բոլորս ապրենք Հայաստանում. սա՛ է ամենամեծ ապտակը, որ կարող ենք տալ բոլոր ժամանակների ցեղասպանների ամենատարբեր տեսակի դրսեւորումներին:

Վերջ տանք ազգային ինքնասպանությանը: Սիրենք միմյանց ու մեր երկիրը:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել