ՆԳՆ նախկին աշխատակից Էմմա Կարապետյանին տարիներ շարունակ չեն տրամադրում իր դատավարությանն առնչվող փաստաթղթեր:
2002թ. ապրիլի 11-ին Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան դիմեց 1974 թվականից ՆԳՆ հրավերների եւ արտասահմանյան քաղաքացիների բաժնի նախկին տեսուչ Էմմա Խաչիկի Կարապետյանը։ Նրա հայցն ուղղված էր ՀՀ ՆԳ նախարարության դեմ եւ պահանջում էր իրեն վերականգնել աշխատանքում, ՆԳՆ կադրերի տրամադրության տակ 7 տարի գտնվելը համարել անօրինական եւ փոխհատուցել բարոյական ու նյութական վնասը։ Մենք չենք անդրադառնա, թե ինչ զարգացումներ ունեցավ սույն քաղաքացիական վեճը, կարող ենք միայն տեղեկացնել, որ Է. Կարապետյանի գործը շրջեց տարբեր ատյանների դատարաններում եւ նա դեռեւս «պահեստային նստարանին է»։ Սակայն այդ տարիների ընթացքում Է. Կարապետյանը հայտնվեց մեկ այլ փակուղու առաջ՝ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ դատական գործընթացների ժամանակ իրեն առնչվող փաստաթղթերը ձեռք բերելու։ Տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, ցանկացած քաղաքացի ունի «Տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու իրավունքի իրականացում»։ Է. Կարապետյանը տանուլ տալով առաջին ատյանի դատարանում, դիմել էր ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարան՝ իրեն առնչվող գործից ստանալու փաստաթղթերի պատճենները։ Մերժել էին հետեւյալ պատճառաբանությամբ. «Դատարանը նման պարտականություններ եւ հնարավորություններ չունի»։ Այս «մի կաթիլ մեղրը» համտեսվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը դիմեց Վերաքննիչի նախագահ Մարատ Կատվալյանին, թե «հաշվի առնելով այն իրողությունը, որ Է. Կարապետյանի ընտանիքը գտնվում է նյութական ծանր կացության մեջ, ուստի խնդրում ենք հնարավորության սահմաններում ընդառաջել եւ փաստաթղթերի պատճենները տրամադրել առանց վճարի»։ Սակայն զարմանալի է, որ ԱԺ-ն փորձում է լավամարդ ձեւանալ այն դեպքում, երբ քաղաքացին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28 հոդվածի համաձայն ուներ այդ իրավունքը։ Ըստ այդ հոդվածի. «Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները»։ Ավելին, ըստ նույն Օրենսգրքի 149 հոդվածի, դատավարության մասնակիցները իրավունք ունեն մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը։ Է. Կարապետյանին չեն տվել նույնիսկ հնարավորություն ծանոթանալու այդ արձանագրությանը։ Տեղեկացնեմ, որ ռուսական կրթություն ունեցող այս կնոջը իսկապես հետաքրքրում էր, թե ինչ են արձանագրել իր հետ կապված։ Կռվով-դավով ստանալով մի կարճ հնարավորություն, ծանոթացել էր իր գործին եւ պարզվել էր, որ նա, օրինակ, ոչ մի անգամ որեւէ մեդալով չի պարգեւատրվել։ Սակայն մեր ձեռքի տակ գտնվող վկայականից տեղեկանում ենք, որ նա 1988-ի հոկտեմբերին պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով։ Մի քիչ էլ խորանալով, քաղաքացին իմացել էր, որ ինքը փաստաթղթեր ստացել է դատարանից։ Սակայն եթե ստացել էր, ապա անհրաժեշտություն չէր առաջանա, որ ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետը կրկին դիմեր Վերաքննիչ դատարանի նախագահին, թե խնդրում է աջակցել դիմողին՝ իր մասնակցությամբ քննված քաղաքացիական գործից առանձին փաստաթղթերի պատճենների տրամադրման կապակցությամբ։ Կապիտան Է. Կարապետյանը դիմել է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին, որպեսզի ստանա իր նկատմամբ կայացված հրամանների պատճենները, սակայն դրանք չեն տրամադրվում համակարգում մոտ 18 տարվա աշխատանքային ստաժ ունեցող նախկին աշխատակցին՝ անհասկանալի պատճառներով։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ