Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՔՈՏԱՆԻ ՎԿԱՅԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Ապրիլ 24,2004 00:00

Ապաքինվելուց
հետո, մարտի 30-ին ծեծի ենթարկված Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ
Միքայել Դանիելյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ։
Ինչպես հայտնի է, այս դեպքի առիթով նախագահ Քոչարյանն անձամբ էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին քննություն սկսելու հրահանգ իջեցրել։ Ապրիլի 1-ին իրավապաշտպանին է այցելել Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Բաբայանը եւ հայտարարել, որ քրգործ է հարուցված, ինքն էլ պետք է զբաղվի այդ գործով։ Քննիչի հաջորդ հանդիպումը տուժողի հետ եղել է ամսի 14-ին (տուժողն այդ ժամանակ ապաքինվում էր տանը)։ Ամենակարեւորն այն է, որ այդ օրը (դեպքից 15 օր անց) քննիչն այցելել է տուժողին դատական բժշկի հետ։

Վերջինս տեղեկացվել է ապրիլի 8-ին՝ դեպքից տասը օր հետո։ «Ինձ զննելու արդեն ոչինչ չկար»,- ասաց իրավապաշտպանը։ Առանձնակի հետաքրքրությամբ է ընթացել քննիչի հետ զրույցը։ Վերջինիս հատկապես հետաքրքրել է, թե տուժողի շունն ընդհանրապես հաչո՞ւմ է, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ շունն այս գործի գլխավոր վկան է, քանի որ իրավապաշտպանը շան հետ էր զբոսնել։ Հուսանք, որ վկայի կյանքին վտանգ չի սպառնում։ 14-ից առայսօր քննիչի եւ տուժողի միջեւ այլ հանդիպումներ չեն արձանագրվել։ «Այս ամենն ինձ թույլ է տալիս մտածել, որ գլխավոր դատախազին նախագահի տված հրամանն օդի մեջ մնաց։ Դա ինձ հիմք է տալիս կարծել, որ կատարվածը պետական պատվեր էր»։ Մ. Դանիելյանը բացառում է անձնական մոտիվները եւ «գողական կռիվը», որովհետեւ վերջինիս ժամանակ՝ «ասում են, թե ինչի համար են ծեծ տալիս։ Ինձ ոչինչ չի ասվել»։ «Հիմքը ո՞րն է պետական պատվեր որակելու» հարցի պատասխանը եղավ. «Եթե ես լինեի «Նաիրիտի» բանվոր, կհասկանայի, որ դատողությունս ճիշտ չէ։ Իմ գործունեությունն ինձ թույլ է տալիս այդպիսի կարծիք հայտնելու։ Ի վերջո պիտի դրան հանգեր։ Իմ կարծիքով, քննությունը տեղից չի շարժվի եւ ահաբեկիչները չեն գտնվի»։

Այս դեպքի առիթով մեծ աղմուկ բարձրացրին միջազգային կազմակերպությունները եւ առանձին հեղինակավոր անձինք։ Մ. Դանիելյանը տեղեկացրեց, որ Միջազգային հելսինկյան ֆեդերացիան նորից բաց նամակ է պատրաստել ՀՀ նախագահին ու գլխավոր դատախազին, որում հիշեցնում են, որ դեպքի առիթով քննություն անցկացնելու միջազգային հանրության պահանջը չի իրականացվում։ Նամակում, որն ուղարկվելու է ՄԱԿ-ում մարդու իրավունքների պաշտպանին, ԵԽ ԽՎ ղեկավարին եւ Եվրախորհրդի տարբեր հասցեներով, հիշատակված են նաեւ ապրիլի 5-ին եւ 13-ին ծեծված լրագրողները։ «Հայաստանի իշխանությունները չեն ուզում փոխել իրենց վարվելակերպը եւ կատարել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները»,- ըստ Մ. Դանիելյանի՝ գրված է նամակում։

Դեպքը հիմք չի ծառայի Մ. Դանիելյանի՝ իրավապաշտպանի գործունեությունը դադարեցնելու համար։ Ավելին՝ «ի տարբերություն Լարիսա Ալավերդյանի, ես չեմ սպասելու, որ ինձ դիմում գրեն»։ Իսկ վերջին զարգացումների առիթով, ըստ իրավապաշտպանի, ամենակարեւորը, որ պետք է իր գործընկերներն անեն՝ միջազգային հանրությանը ահազանգելն է։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել