Ալբերտ Բազեյանը երեկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Ապրիլի լույս 13-ի գիշերը «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա կատարված հարձակման եւ թույլ տրված «հանցավոր գործողությունների» առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Ըստ «Նոյյան Տապան» գործակալության, դիմումում ասված է, որ ապրիլի լույս 13-ի գիշերը ժամը 2:00-3:00-ի սահմաններում անհայտ անձինք Մաշտոցի 37 հասցեի 30 բնակարանում գտնվող «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի պատուհանի փեղկը կոտրելով ներխուժել են գրասենյակ, «առանց որեւէ օրինական հիմք ներկայացնելու, հայհոյանքով ու բռնությունների գործադրմամբ տեղում եղած-չեղածը անխնա տակնուվրա անելուց հետո, նրանք գրասենյակում ներկա գտնվող բոլոր անձանց (այդ թվում օժանդակ տեխնիկական անձնակազմի երիտասարդ աշխատակցուհիներին) բերման են ենթարկել Էրեբունու ոստիկանության բաժին եւ 24-48 ժամ ապօրինաբար պահելով՝ ենթարկել են ծեծի, վիրավորել ու նվաստացրել են նրանց մարդկային արժանապատվությունը»:
Համաձայն դիմումի, «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում խուզարկությունը, որը, ըստ իրենց տեղեկությունների, ղեկավարել է գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ Հ. Ղարախանյանը, ընթացել է ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 225-231 հոդվածների, բազմաթիվ դրույթների կոպիտ ոտնահարումներով:
Ալբերտ Բազեյանը մասնավորապես նշում է, որ՝ խախտելով ՀՀ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի 9-րդ կետը, խուզարկություն կատարողներն առանց անհրաժեշտության կոտրել են երկաթյա պահարանի, մյուս պահարանների ու դարակների փականները, մինչդեռ ցանկության դեպքում նրանք կարող էին պահանջել եւ ստանալ դրանց բանալիները: Գրասենյակից բացակայում են հեռախոս, աթոռներ, բաճկոն, սննդամթերք եւ այլն, որոնք, ինչպես նշված է դիմումում, հազիվ թե գործի քննության առումով որեւէ արժեք ներկայացնեին:
Խուզարկության ավարտից հետո գլխավոր դատախազություն մեկնելու ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, գրասենյակում որպես հեռախոսավարուհի աշխատող Գոհար Յանիկյանից վերցրել են բջջային հեռախոսը եւ պայուսակը, որում, Բազեյանի հավաստմամբ, եղել է 14500 դրամ (շուրջ 25 ԱՄՆ դոլար), սակայն հաջորդ օրը վերադարձվել է միայն պայուսակը, որի մեջ մնացած է եղել ընդամենը 500 դրամ:
«Հանրապետության» քաղխորհրդի նախագահը խնդրում է բացահայտել հանցագործությունները, պատժել մեղավորներին եւ վերականգնել կուսակցությանը պատճառված նյութական վնասները: Նա խնդրում է նաեւ կարգադրել ետ վերադարձնել «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակից առգրավված գույքն ու փաստաթղթերը՝ «հնարավորություն տալով կուսակցությանը շարունակել իր, հարկադրաբար դադարեցված, բնականոն գործունեությունը»:
Սեփ. լր.