Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Ապրիլ 24,2004 00:00

ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Երեկ «Հայոց տուն» իրավապաշտպան կազմակերպությունը նախաձեռնել էր
հանդիպում՝ ապրիլի 12-13-ի դեպքերի արդյունքում կալանավորված մարդկանց հետ։
Կազմակերպության ղեկավար Վարդան Պետրոսյանը այդ ամենի առիթով իր դիրքորոշումները
շարադրեց եւ հանգեց. «Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից, բայց ոչ երկրից։
Նա պետք է մնա երկրում՝ ամբաստանյալի կարգավիճակով»։
Այնուհետեւ ներկա տուժողներն առանձին-առանձին ներկայացրին իրենց պատմությունները։ 21-ամյա Մարինե Հակոբյանին ամսի 14-ին, ժամը 12-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել Օպերայի շրջակայքից։ Փողոցն անցնելիս նրան մոտեցած սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենայում քաղաքացիական հագուստով անձինք առաջարկել են նստել մեքենան։ Աղջիկը հրաժարվել է, քաշքշուկի արդյունքում այդ անձինք ներկայացել են Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներ, աղջկան բռնի ուժով եւ հայհոյախառն արտահայտություններով նստեցրել են մեքենա եւ տարել Կենտրոնի ոստիկանություն։ Ոստիկանապետը բարոյախրատական թեմաներով զրույց անցկացնելուց հետո գործ է կազմում ՀՀ քրօր.-ի 172 հոդվածով (խուլիգանություն)։ Դատարանի որոշմամբ աղջիկը երեք օր անց է կացնում ժամանակավոր պահման մեկուսարանում։ «Ոստիկանությունում շատ վատ էին վերաբերվում, մեկուսարանում՝ ոչինչ»,- ասաց աղջիկը։ «Հանցագո՞րծ էի, ի՞նչ էի՝ չիմացա»,- շարունակում է նա, հարկ համարելով անպայման հայտարարել. «Չեմ վախեցել, չեմ էլ վախենում։ Ոստիկաններն իրենց վախկոտությունը ցույց տվեցին։ Նորից եմ միտինգների մասնակցելու, ուզում են՝ թող էլի նստեցնեն»։

Յուրաքանչյուրն իր պատմությունը ներկայացնելուց հետո, այսօրինակ ոգով էր եզրափակում ասելիքը։ Այնպես որ, ինչպես նկատեց տուժող Գայանե Աշուղյանը. «Սենց բռնելով, վախեցնելով շատ ավելի են ժողովրդին ոտքի հանում»։

Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել