Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՑՆԵՆՔ ՄԵԶԱՆՈՎ ԲԱՆՏԵՐԸ»

Ապրիլ 24,2004 00:00

Մարտին
Լյութեր Քինգի այս կոչը կրկնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– Ամեն անգամ, երբ հայաստանյան ընդդիմությունը փորձում է օրինական իշխանություններ ձեւավորելու պահանջ բարձրացնել՝ իր շուրջը համախմբելով հասարակության մի ստվար հատված, իշխանությունները սկսում են դրան հակադրել բիրտ ուժ, ձերբակալություններ, ինչպես ապրիլի 13-ի գիշերը, դրանից առաջ եւ հետո նույնպես:

– Կարծում եմ, այդ օրվա դեպքերը կարելի է բեկումնային համարել այն իմաստով, որ այդ օրվանից հետո մարդիկ շատ ավելի ըմբոստ դարձան, քան՝ էին: Ես հանրահավաքներին մասնակցում եմ եւ շատ հաճախ եմ զրուցում մարդկանց հետ: Ապրիլի 13-ից հետո հանրահավաքների եկած մի հսկայական մաս մասնակցում է դրանց ոչ միայն այն պատճառով, որ կիսում է ընդդիմության այս կամ այն կարգախոսը, գաղափարական միտքը, այլ՝ որովհետեւ, ինչպես իրենք են ասում՝ «մեզ փորձեցին ծեծել»: Սա այն դեպքն է, երբ բռնությունը, որ գործադրվեց մարդկանց նկատմամբ, տվեց բռնություն գործադրողի համար շատ անսպասելի, բայց ընդհանրապես սպասելի եւ դրական արդյունք: Մարդիկ հասկացան, որ լռելով, վախենալով, սեփական պրոբլեմներով ամփոփվելով ավելի շատ են կորցնում, քան եթե ըմբոստ լինեն:

Երկրորդ. ընդհանրապես ժողովուրդը, հասարակությունը պետք է ըմբոստանա՝ անկախ ամեն ինչից, երբ խոսքը վերաբերում է հասարակության առանձին անհատների, մարդու արժանապատվությանը, որը շատ ավելի բարձր արժեք է, քան՝ անգամ Հայրենիքը, հայրենասիրությունը, Ղարաբաղը, Հյուսիսային, Հարավային Օսիան, Հյուսիսային եւ Հարավային բեւեռները միասին վերցրած: Եթե մարդիկ տեսնում են, որ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը, նրանք իրավունք ունեն մոռանալ մնացած բոլոր արժեքներն ու չափանիշները: Այսօր մեր ժողովուրդը կանգնած է այդ շեմին:

Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա՝ կարծում եմ, դրանք անխուսափելի են: Բայց մեր իրականության մեջ այդ ամենը այլ դսրսեւորում ունի: Ձերբակալում են հիմնականում ոչ նրանց, ում, իրոք, պետք է ձերբակալել: Եթե համեմատենք կատարված, այսպես կոչված, «հանցագործությունների»՝ հանրահավաքներին մասնակցելու համար տեղի ունեցած ձերբակալությունները՝ մինչ այդ ու դրանից հետո տեղի ունեցածի հետ, այդ ձերբակալությունները ծիծաղելի են: Եթե ոստիկանությունը փորձեր շշով ոստիկանի գլխին խփած մարդուն հայտնաբերելու համար կատարված «տիտանական» աշխատանքի գոնե 2 տոկոսը տրամադրել ապրիլի 5-ի հանրահավաքի տեսագրությունը նայելուն, կգտնեին այն մարդկանց, ովքեր ձվեր էին նետում, ովքեր հարձակվեցին լրագրողների վրա: Սա ցանկության խնդիր է միայն: Այստեղ նույնիսկ երկակի ստանդարտի մասին խոսելը տեղին չէ: Գործում էր այլ ստանդարտ. բռնում են բոլոր նրանց, ովքեր յուրային չեն եւ ամեն ինչ կարող են անել նրանք՝ ովքեր յուրային են: Ընդ որում՝ յուրայիններ ընտրվում են մի չափանիշով՝ որքան սրիկա ես, այնքան յուրային ես: Եվ Միքայել Դանիելյանի, եւ Վիկտոր Դալլաքյանի, եւ լրագրողների, եւ Աշոտ Մանուչարյանի դեմ կիրառված բռնարարքները շատ ավելի ծանր հանցագործություններ էին, քան՝ հանրահավաքին մասնակցած որեւէ մեկը կարող էր թույլ տված լինել:

– Բայց ավելի վաղ եղած բռնարարքները եւ դրանք ի հայտ չբերելու փաստն, ի վերջո, ամփոփեցին իշխանություններն իրենք՝ ապրիլի 12-ի գիշերը: Իրավապաշտպաններն ի՞նչ են պահանջելու իշխանություններից այս անգամ:

– Անկախ նրանից՝ իշխանությունները հանձն են առնում, որ Մ. Դանիելյանի, Վ. Դալլաքյանի, Ա. Մանուչարյանի կամ լրագրողների դեմ եղած բռնարարքներն իրենք են հրահանգել, թե ոչ, նրանք պարտավոր են ապահովել մարդկանց անվտանգությունը: Բայց կոնկրետ բռնարարքների վերաբերյալ որեւէ տեղ ես չեմ գրել, թե իշխանություններից պահանջում եմ ի հայտ բերել եւ պատժել հանցագործներին մի պարզ պատճառով. ումի՞ց ենք պահանջում եւ ովքե՞ր են մեղավորները: Ես ի սկզբանե գիտեմ, որ սափրած գլխով բթամիտը չի հանցագործը, նա գործիք է ընդամենը: Եվ ես, եւ ձեր ընթերցողները գիտենք, թե ովքեր են հանձնարարողները: Ումի՞ց պահանջես: Հարցն այլ կերպ պետք է դրվի. սա արժանապատվության պաշտպանության խնդիր է: Յուրաքանչյուրն այս դեպքում իր հասարակական ակտիվությամբ պետք է նպաստի, որ՝ ե՛ւ հանցագործությունները բացահայտվեն, ե՛ւ հանցագործները պատժվեն:

– Եվ նման ամեն մի պահանջին կհետեւեն նոր ձերբակալություններ:

– Այս դեպքում ես ուզում եմ կրկնել Մարտին Լյութեր Քինգի կոչը նեգրերին՝ «Լցնենք մեզանով բանտերը»: Եվ Ամերիկայում նրանք հաղթեցին:

-Այդուհանդերձ, ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են: Ուստի՝ պետք է ենթադրել, որ բռնությունների ցիկլն էլ կշարունակվի: Երբեւէ դա ավարտ ունենալո՞ւ է:

– Անկասկած: Այլ կերպ չի կարող: Ամեն ինչ մի օր ավարտվում է, երկրորդ՝ այսօր արդեն բանտերը լցվում են, եւ այդ ժամանակ իշխանությունները, միանշանակորեն, պարտություն են կրելու: Նրանք հիմա արդեն պարտված են, որովհետեւ 13-ի դեպքերից հետո հանրահավաք են գալիս այն մարդիկ, ովքեր անգամ ընդդիմադիր չեն եւ հանրահավաքի երբեւէ չեն մասնակցել: Մարդիկ ավելի ու ավելի են ստվարացնում հանրահավաքի մասնակիցների շարքերը՝ ցույց տալու համար, որ վրդովված, վիրավորված եւ ըմբոստացած են բռնությունների, ձերբակալությունների դեմ: Մի բան ակնհայտ է, որ բոլոր նրանք, ում ձերբակալել են հանրահավաքներին մասնակցելու համար՝ անմեղ մարդիկ են, եւ նրանց ձերբակալությունը որեւէ հիմք չունի: Դրանք հակասում են ՀՀ-ում գործող բոլոր նորմերին եւ օրենքներին: Այլ խնդիր է, որ դրանք ոչ թե իրավական, այլ՝ կամայականության դաշտում են կատարվում եւ դա այդպես էլ պետք է գնահատվի:

Զրուցեց՝
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել