ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻ» Պնդում է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Կապի եւ տրանսպորտի նախարարը ապրիլի 14-ին պատասխանել է նրա նամակին՝ Հայաստանում ազատ կապուղիների առկայության վերաբերյալ եւ տեղեկացրել, որ 21-63 դեցիմետրային հեռուստակապուղիները տրամադրված են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, իսկ «64-69 հեռուստակապուղիները դեռեւս մշակված չեն: Միաժամանակ 790-890 ՄՀց հաճախային տիրույթը, համաձայն ՀՀ-ում ռադիոծառայությունների միջեւ հաճախությունների շերտերի բաշխման աղյուսակի, նախատեսված է կառավարական նշանակության կատեգորիայի ծառայությունների համար»: Այս պատասխանը ստանալուց հետո էլ «Ա1+»-ի նախագահը պնդեց. «53-69 տիրույթում կա 15 ազատ կապուղի»: Որոշակի մատնանշված այդ կապուղիների ցանկն «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը ներկայացրել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին եւ նա ասել էր. «Այս կապուղիները կիրառական չեն եւ օգտագործելի չեն: Պարզապես կան էլեկտրամագնիսական համատեղելիության խնդիրներ»: Մեսրոպ Մովսեսյանը սա գնահատեց իբրեւ անհեթեթ հայտարարություն. «Հեռուստաոլորտում անիրազեկ մարդ լինելով՝ պրն Ամալյանը թերեւս համարում է, թե Հայաստանի մնացած քաղաքացիներն իրենից ավելի՞ անիրազեկ են, ու դեմագոգիայով եւ ստախոսությամբ ուզում է մոլորության մեջ գցել ողջ հանրությանը»: Կապի եւ տրանսպորտի նախարարից փորձել էինք հավելյալ պարզաբանումներ ստանալ այն տեղեկության մասին, թե որոշ հաճախություններ նախատեսված են «կառավարական նշանակության կատեգորիայի ծառայությունների համար»: Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, թե խոսքն Ազգային անվտանգության ծառայությանը կամ օդանավակայանին՝ նավիգացիային տրամադրված կապուղիների մասին է: «Ա1+»-ի նախագահն այս առնչությամբ նշեց. «ԱԱԾ-ն որեւէ իրավունք չունի այս տիրույթում կապուղիներ տնօրինելու՝ սա հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված տիրույթ է»: Իսկ չմշակված կապուղիների մասին էլ ասաց. «Ի՞նչ է, մշակելու համար երեւի պարարտանյո՞ւթ պետք է բերեն արտասահմանից, ասենք՝ Ժնեւից»: Ա. Ի.