Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է»

Ապրիլ 23,2004 00:00

«ԱՅՍՕՐ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է» ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համեմատում է առաջին եւ երկրորդ նախագահների ռեժիմները Ընդդիմությունն ու իշխանությունը՝ 96-ին եւ այսօր Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, 96-ի եւ 2003-ի նախագահական ընտրությունները բոլորովին համեմատելի չեն։ 96-ին ընտրությունները, ըստ Վազգեն Մանուկյանի, ընթացել են մինչեւ վերջ մաքուր եւ միայն քվեաթերթիկները հաշվելու ժամանակ են իշխանություններն իրար անցել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ ժողովուրդը իրեն սիրում է, եւ որքան էլ մարդիկ լինեն իրեն դեմ, միեւնույն է, ինքն ընտրվելու է մաքուր ընտրություններով։ Կողքիններն էլ նույնն էին համոզում իրեն։ Բացի դրանից, նա հասկանում էր, որ միայն մաքուր ընտրված նախագահը կարող է լուծել Ղարաբաղի հարցը եւ երկիրն առաջ տանել։ Այդ պատճառով էր, որ ընտրությունների ընթացքը ինքնին ազատ թողնվեց եւ գիշերվա կեսից խառնվեցին իրար։ Այսինքն, մենք փաստացի ապացույց ունենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրված չէր։ Սա արդեն ամենակարեւոր տարբերությունն է ե՛ւ 1998-ի, ե՛ւ 2003-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ»։ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, իշխանություն-ընդդիմություն ընդհարման տարբերությունը եւս բավականին ակնառու է. «96-ին ժողովուրդն ինքը անցավ դարպասը, նախաձեռնողը ժողովուրդն էր եւ ընդդիմությունը։ Այս անգամ՝ 2003-ին, նման դեպքեր տեղի չունեցան։ Պատճառն այն էր, որ անմիջապես սկսվում էին ԱԺ ընտրությունները։ Եվ ՍԴ-ի հայտնի որոշումը հնարավորություն էր տալիս հետաձգել ժողովրդական վճռական քայլերը։ Նաեւ իշխանությանը մեկ տարի ժամանակ էր տրված։ Եթե այդ ընթացքում նորմալ քայլեր կատարվեին բոլոր ուղղություններով, ապա, հավանաբար, ժողովուրդը այսքան ցասումով չէր վերաբերվի իշխանությանը, չնայած այդ իշխանությունը լեգիտիմ չէր։ Սակայն իշխանության քայլերն ուղղված չէին ժողովրդի ցասումը մեղմելուն։ Ընդդիմությունը միավորվեց ու, փաստորեն, այս անգամ այդ միավորված ընդդիմության դեմ հարձակվեց իշխանությունը»։ Սիրել-չսիրել նախագահին Ըստ Վազգեն Մանուկյանի, այս հարթությունում եւս զգալի տարբերություններ կան։ Եվ առաջին տարբերությունն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզված էր ու սովոր էր, որ ինքը ժողովրդի սիրելին է։ Նման բան Ռոբերտ Քոչարյանը չի կարող ասել։ «Ու երբ 96-ին Տեր-Պետրոսյանը տեսավ, որ ինքը չի ընտրվել, կոտրվեց հոգեպես եւ նրա մեջ իշխանության պահպանման համար պայքարի կամքը հենց այդ պահին նվազեց։ Ի տարբերություն նրա, Ռոբերտ Քոչարյանը երբեք ժողովրդի սիրելին չի եղել, երբեք հույս չի դրել, որ ժողովուրդն իրեն պետք է սիրի, նույնիսկ մի փոքր արհամարհանքով է վերաբերվել ժողովրդին։ Եվ երբ 2003-ին ժողովուրդը նրան չընտրեց, դա նրա համար հոգեբանական տեսանկյունից մեծ հարված չէր։ Դա ինքը ավելի հեշտ տարավ։ Եվ այդ պատճառով իշխանության պահպանման կամքը իր մոտ ավելին էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ»։ Նախագահի շրջապատը՝ 96-ին եւ այսօր Վազգեն Մանուկյանի կարծիքով, այսօր իշխանությունն ավելի կարծր է, քան 96-ին, «որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին հակադրված էի ես, որ նույն հեղափոխության մեջ էի եղել, նույն պատերազմին էի մասնակցել, նույն համակարգն էի ղեկավարել։ Այդ պատճառով համակարգի աշխատողների համար իմ՝ իշխանության գալը այնքան հիվանդագին չէր։ Եվ սա էր պատճառը, որ 96-ին դաժանությունն ավելի քիչ էր։ Այս անգամ ընդդիմության մեջ մեկ ղեկավար չէ, կան ղեկավարներ եւ նրանք, ովքեր հավակնում են նախագահ դառնալ՝ համակարգի համար խորթ են։ Նրանք միասին նույն հեղափոխության մեջ չեն եղել, միասին չեն պատերազմել։ Եվ բնական է, որ համակարգի՝ վանելու ձգտումը ավելի ուժեղ է ու դաժանությունը՝ ավելի մեծ»։ Ըստ Վազգեն Մանուկյանի, այնուամենայնիվ, «մի ամպ կա», որը եղել է միշտ, նաեւ այսօր. «Մարդկանց մի խումբ ամպի պես անընդհատ գոյություն ունի, անընդհատ փող է աշխատում, իր անձնական շահն է հետապնդում եւ զոռբայություն է անում։ Այդ «ամպի» համար ցանկացած արդար ղեկավարություն անցանկալի է»։ Միջազգային կարծիքը՝ 96-ին եւ այսօր 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին ընդունված էր, եւ միջազգային կառույցները կանխատեսում էին, որ նա անպայման կվերընտրվի. «Ես այդ բանն էլ հաշվի առա եւ մերոնց ասում էի՝ մենք կհաղթենք, բայց իրենք վերջում դա կհասկանան։ Սա վերաբերում էր ոչ միայն Տեր-Պետրոսյանին, այլեւ արտաքին դիտորդներին։ 96-ին գործընթացներն այնքան արագ տեղի ունեցան, որ նրանք չկողմնորոշվեցին։ Ինքս չէի ուզում ձգձգել, հաշվի առնելով, որ սահմանների վրա անհանգիստ էր։ Փաստորեն, 96-ի նախագահական ընտրությունների կեղծ արդյունքներին միջազգային հանրության կողմից անմիջական արձագանք չեղավ։ Սակայն բռնություններին արձագանքեցին եւ բավականին օգնեցին մարդկանց բանտերից ազատելու եւ արդար դատավարությունների հարցում։ 2003-ին միջազգային հանրությունը ի սկզբանե տեսավ, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվելու պրոբլեմ ունի։ Եվ եթե արտաքին աշխարհը այդքան ուշադիր չհետեւեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա իշխանությունները ընդդիմությանը կթաթախեին արյան մեջ։ Արտաքին աշխարհի կարծիքը շատ մեծ նշանակություն ունի։ Մի եզր կա, որից այն կողմ իշխանությունները չեն կարողանում անցնել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել