Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմի՞ն, թե՞ հանցավոր խումբ

Ապրիլ 23,2004 00:00

Ովքե՞ր են կազմակերպում մարդկանց առեւանգումը

Ապրիլի 21-ին «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից եւ երթից հետո իրավապահները սովորության համաձայն հերթական մարդաորսի էին դուրս եկել: Այս անգամ երթի ավարտից անմիջապես հետո նրանք քաղաքացիական հագուստներով եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսներով եկել ու տեղավորվել էին հիմնականում Մաշտոցի պողոտայի կանգառներում եւ հանրահավաքին մասնակցածներին հենց կանգառներից կամ դրան հարակից տարածքներից էին առեւանգում եւ տանում անհայտ ուղղությամբ:

Երեկ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներով, ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել 76 հոգի: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության մատուցմամբ, բերման ենթարկվածներից 20-ը «Վարչական իրավախախտումների մասին» գործող օրենսգրքի 182 հոդվածի համաձայն ենթարկվել են վարչական կալանքի, 52-ը՝ վարչական տուգանքի, 1-ի վերաբերյալ, որի անունը պաշտոնական աղբյուրը դժվարացավ ասել, դեռ որոշում կայացված չէ: Ըստ ոստիկանության, նրա մոտ սառը զենք է հայտնաբերվել:

Պաշտոնական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, թե բերման ենթարկված 76 հոգուց 36-ը Երեւանից են, 8-ը՝ Արմավիրից, 2-ը՝ Արարատից, 12-ը՝ Գեղարքունիքից, 9-ը՝ Արագածոտնից, 2-ը՝ Կոտայքից եւ 7-ը՝ Տաուշից:

Միաժամանակ դարձյալ ոստիկանությունից ստացված, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով, բերման ենթարկվածների թիվը եղել է 200, որոնցից 65-ի վերաբերյալ կայացվել են վարչական կալանքի եւ տուգանքի որոշումներ, ընդ որում, բերման ենթարկվածներից 60-ը «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ են: «Հանրապետություն» կուսակցությունից եւ ՀԺԿ-ից հենց փողոցում առեւանգվածների թիվը փաստացի՝ անուն եւ ազգանուններով, 75-ն էր, որոնցից շուրջ երեք տասնյակը՝ «Հանրապետություն» կուսակցությունից: Մյուսների անունները ընդդիմադիր այս կուսակցություններին ճշտել չի հաջողվել: Ի դեպ, երեկ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, թե իրենք «անհայտ կորած» են համարում իրենց անդամներ Ահարոն եւ Արմեն Սարգսյաններին, Վալոդ Ավետիսյանին, որոնցից որեւէ տեղեկություն չկա:

Ա. Զեյնալյանի ասելով, իշխանությունները բերման ենթարկվածներին պատժելու նոր մարտավարություն են ընտրել, թերեւս, միջազգային կառույցների ճնշման տակ եւ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար: Այսպես, ոստիկանական բաժիններ տարված հանրահավաքի մասնակիցներն այլեւս մեղադրվում են ոչ թե Վարչական օրենսգրքի 182/1 հոդվածով՝ չարտոնված հանրահավաքի եւ երթի մասնակցելու, այլ՝ նույն օրենսգրքի 172 եւ 182 հոդվածներով՝ մանր խուլիգանության, զազրախոսության կամ՝ «իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու» մեջ:

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որ համակարգում է ՀԺԿ-ում ձեւավորված եւ իրավապահների անօրինական գործողություններից տուժած քաղաքացիներին իրավական աջակցություն ցույց տալու աշխատանքները, երեկ խոստովանեց, թե նույնիսկ փաստաբաններին կամ իրավապաշտպաններին չի հաջողվում սպառիչ տվյալներ կորզել համապատասխան մարմիններից բերման ենթարկվածների թվի, առավել եւս, ինքնության վերաբերյալ: Խոսքն այս դեպքում փողոցից առեւանգվածների, անկուսակցական քաղաքացիների մասին չի էլ կարող լինել: Ինչպես պարոն Սարգսյանն ասաց, նրանց առեւանգում եւ տանում են ոստիկանություն, «մշակում» են, հետո, եթե այդ քաղաքացին խոստանում է այլեւս հանրահավաքների չգնալ, դատարանը նրա մասով վարչական տույժի որոշում է կայացնում, եթե «մշակման օբյեկտը» համառ է դուրս գալիս, «համարժեք» է լինում նաեւ դատարանի որոշումը՝ վարչական կալանք:

Ծիծաղելի է անգամ մեկնաբանություն խնդրել որեւէ իրավապաշտպանից կամ փաստաբանից՝ մարդկանց առեւանգելու հետ կապված, որովհետեւ պատասխանը միանշանակ է ստացվում՝ «ոստիկանական պետություն»: Սա դեռ ամենամեղմ գնահատականն է այն իրավիճակի, որում հայտնվել ենք: Իրավապաշտպաններից մեկի ասելով, ոստիկանությունն, ըստ էության, վերածվել է հարյուրավոր անդամներով համալրված քրեական հանցախմբի, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ, քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու, առանց բերման ենթարկելու համապատասխան սանկցիայի փողոցներից մարդիկ է առեւանգում եւ տանում անհայտ ուղղությամբ: Եվ ամենեւին պետք չի լինի զարմանալ, եթե առաջիկայում որեւէ քրեական հանցագործ իր զոհի հետ ճիշտ այդպես վարվի՝ ձեռքերը ոլորի, նստեցնի ավտոմեքենա եւ տանի անհայտ ուղղությամբ՝ լավագույն դեպքում բավարարվելով միայն՝ «ոստիկանությունից եմ» հայտարարությամբ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել