Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ն. ՎՈՒՏՈՎԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ»

Ապրիլ 23,2004 00:00

Եվ հենց այդ պատճառով է, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, քննադատում հանրահավաքների մասին օրինագիծը:

Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր կլոր սեղան, որտեղ քննարկվում էր առաջին ընթերցմամբ ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ամենայն հավանականությամբ առաջիկա եռօրյային կներկայացվի երկրորդ ընթերցման: Քննարկման սկզբում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ հրաշալի օրինագիծ է դարձել քննարկվելիք նյութը՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Հետո նրան երկրորդեց Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ հավելելով, որ իր կարծիքով, օրինագծի լրամշակված տարբերակը լրիվ պատրաստ է երկրորդ ընթերցման ներկայացվելու համար:

Սակայն այն երեք փորձագիտական եզրակացությունները, որ ներկայացվեցին քիչ ավելի ուշ, առանց այդ էլ օրինագծի «փայլուն» լինելուն կասկածող ներկաներին համոզեցին, որ նույնիսկ «բարելավված» տարբերակով այս օրինագիծը չի համապատասխանում ժողովրդավարական ընդունված նորմերին: ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ փորձագետ Ջերոմի ՄաքԲրայդն՝ իր ծավալուն եզրակացության մեջ կետ առ կետ անդրադարձել էր օրինագծի բոլոր խնդրահարույց կետերին: Կարդալով փորձագետի եզրակացությունը, բազում անգամ հանդիպում ենք «անընդունելի» է կամ, առնվազն, «խնդրահարույց» է բնորոշումներին, որով նա գնահատական է տալիս օրինագծի որոշ դրույթներին: Մասնավորապես, ՄաքԲրայդի համար անընդունելի են տարբեր ենթադրությունների հիման վրա հավաքներն ավտոմատ կերպով արգելող կետերը: Նա գտնում է, որ ոստիկանության աշխատանքների դժվարացումը, կապված, ասենք՝ միեւնույն վայրում միեւնույն ժամանակ երկու միջոցառումների անցկացման հետ, չի կարող հիմք հանդիսանալ միջոցառումների անցկացումը ավտոմատ կերպով մերժելու համար: Կամ այն կետը, որի համաձայն «երթն արգելվում է, եթե այն կազմալուծում է կոնկրետ բնակելի տարածքի կամ միջազգային մայրուղիների երթեւեկությունը», անընդունելի է, քանի որ «ժողովրդավարության համար այնպիսի կարեւոր արժեքը», ինչպիսին «հասարակական բողոքն է», որոշ դեպքերում կարելի է մարդկանց անհարմարություն պատճառել, եթե այն շատ ծանր չէ, ինչպես ասենք, պետության ղեկավարի կամ բարձրաստիճան հյուրերի պատճառով փակվում են որոշ ճանապարհներ:

ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան ներկայացրեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի երկու փորձագետների եզրակացությունը, նշելով, որ դա դեռեւս հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը չէ: Բավականին կտրուկ ձեւակերպումներով տրված գնահատականը հետեւյալն էր. այս օրինագիծն, անգամ իր լրամշակված տարբերակով չի համապատասխանում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածին: Փորձագետները նշել էին, որ չնայած որոշ փոփոխություններ արվել են, սակայն «ֆունդամենտալ պրոբլեմները մնում են»: Իսկ դրանցից գլխավորն այն էր, որ ժողովի, հանրահավաքի կամ երթի մասին «իրազեկման» իրականացումը չափից դուրս ծանրացված է, եւ բյուրոկրատացված: Բացի այդ, ըստ Վենետիկյան հանձնաժողովի փորձագետների, օրինագծում ձեւակերպումները խրթին են, եւ պարզ չէ, թե ո՞ւմ են ուղղված: Սահմանափակումները չափից դուրս շատ են, եւ չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Ինչպես ձեւակերպեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, սա «ավտորիտար օրինագիծ» է, որն ավելի շուտ կարելի է համարել օրինագիծ՝ «հանրահավաքների, երթերի, ժողովների խոչընդոտման մասին»:

Իրավաբան Վարդան Պողոսյանն էլ ներկայացրեց գերմանական հեղինակավոր փորձագիտական մի խմբի նույնպես բացասական եզրակացությունը:

Սակայն ամենահատկանշականը Տիգրան Թորոսյանի վրդովմունքն էր՝ Նատալյա Վուտովայի ներկայացրած նյութի կապակցությամբ. «Սա քաղաքական դիրքորոշում է, որը ես անընդունելի եմ համարում: Եթե աշխատանքային հանդիպումների ժամանակ այլ բաներ են ասվում, իսկ հրապարակային միջոցառման ժամանակ՝ այսպիսի բաներ, սա նշանակում է, որ քաղաքական շահեր են հետապնդվում: Ուղղակի հայտարարությունը, թե չի համապատասխանում Մարդու իրավունքների կոնվենցիայի 11-րդ կետին, ես անընդունելի եմ համարում»: ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին քաղաքական շահեր հետապնդելու մեջ մեղադրելուց հետո, պարոն Թորոսյանը հեռացավ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել