Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՆԱՅՆԱԳՈՐԾ» ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Ապրիլ 23,2004 00:00

Հայաստանում տարբեր հիվանդություններից տարբեր մեթոդներով բուժման առաջարկներ են գովազդում բազմաթիվ «տնայնագործ» բժիշկներ։ Այդ մեթոդները եւ նրանց բուժական գործունեությունն ընդհանրապես առողջապահության նախարարության վերահսկողությունից դուրս են։

Լիցենզավորման մասին կառավարության սահմանած կարգում ինքնագործ բուժողների գործունեության պարտադիր լիցենզավորման դրույթ չկա։ Բնականաբար, եթե պարտադրանք չկա, ապա «հեքիմներն» ինքնակամ լիցենզավորման չեն գնա։ Առավել եւս, որ մի քանի տարի առաջ վերացվել է բուժսպասարկման ոլորտում ֆիզիկական անձանց գործունեության արտոնագրումը։ Իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ստանալ, հետեւաբար եւ՝ լիցենզավորվել, ոչ մեկն էլ, բնականաբար, չի շտապում։ Այսպիսով, իր քաղաքացիների առողջության պահպանման այս ոլորտը պետության ուշադրությունից դուրս է։ Չկա հեքիմների եւ նրանց մոտ բուժվողների թվի մասին որեւէ տվյալ։

Նախարարության կրթության եւ գիտության վարչության պետ Արտաշես Ջավադյանն այս խնդրի շուրջ «Առավոտին» տված հարցազրույցում խոստովանեց, որ «դաշտը բաց է, չկան հստակ մեխանիզմներ», նաեւ՝ «ճիշտ կլինի ունենանք ընդհանուր պատկերը, բայց նախարարությունն այդ բժիշկներին հայտնաբերելու-հաշվառելու եւ վերահսկելու գործառույթ չի իրականացնում»։ Պարոն Ջավադյանը դեմ չէր, որ «ժողովրդական բժիշկները որոշակի հիվանդությունների բուժման ժամանակ ունեն որոշակի հաջողություններ, բայց ճիշտ կլինի, որ մինչեւ բուժման նոր մեթոդ կամ դեղամիջոց օգտագործելն այդ մասին մեզ տեղյակ պահեն»։ Վերջին եռամսյակում վարչությանն այդ հարցով դիմել է ընդամենը մեկը՝ էլեկտրամեխանիկ Գեւորգ Հարությունյանը, որի գիտական նախագիծն իրենից ներկայացնում է բրգային կառույցների միջոցով քաղցկեղի եւ որոշ վիրուսային հիվանդությունների բուժում։ Նա բողոքով դիմել էր նաեւ «Առավոտին», թե «նախարարությունը չի թույլատրում գիտափորձեր կատարել»։ Սակայն այս նախագիծը նախարարության հատուկ հանձնաժողովը քննել է դեռեւս 2001-ին եւ մերժել, որովհետեւ հեղինակը քննարկման ժամանակ չի կարողացել հիմնավորել իր մեթոդն ու չի հավաքել անհրաժեշտ միավորների քանակ։ Մի նրբություն էլ կա՝ Գ. Հարությունյանը չունի բարձրագույն կրթություն եւ անհրաժեշտ մասնագիտական որակավորում։ Իսկ «Բնակչության բուժսպասարկման մասին» ՀՀ օրենքով, մասնագիտական կրթություն կամ համապատասխան որակավորում չունեցող անձինք իրավունք չունեն զբաղվելու բուժական գործունեությամբ, հետազոտություններով՝ նույնպես, ինչի թույլտվությունը տալիս է նախարարությունը՝ իր գիտական բազաներից մեկում։

Այս պարտադիր պայմանները կարող են լուրջ պատճառ հանդիսանալ, որպեսզի «տնայնագործ» բժիշկները չներկայացնեն նախարարությանը բուժման իրենց մեթոդները։ Նախ, որ նրանցից շատերը չունեն պահանջվող կրթությունը եւ բուժում են տատից-պապից փոխանցված «շնորհներով»։ Այս դեպքում ոչ մեկը չի կարող երաշխավորել նրանց օգնության դիմած հիվանդների անվտանգությունը։ Զարմանալի չէ, որ դատական բազմաթիվ գործեր կան ընդդեմ այս կամ այն անբուժելի (նույնիսկ՝ քաղցկեղ) հիվանդություններ բուժող անհատների դեմ, որոնք հսկայական գումար շորթելով, ոչնչով չեն թեթեւացրել հիվանդի վիճակը։ Հիվանդին խոստումներ տալն էլ, ըստ մեր հետազոտությունների, կախված է բժշկի բարոյականությունից եւ զգուշությունից։ Հիմնական մասն իրեն ապահովագրում է՝ «100 տոկոսանոց» բուժում չխոստանալով, ինչը նույնպես չի խանգարում ամեն ինչի գնով առողջանալ ցանկացողին վճարել եւ խաբվել։ Կրթության եւ գիտության վարչության պետ Ա. Ջավադյանն, անկախ օրենքի պահանջներից, մեծ ցանկություն հայտնեց, որ բոլոր գյուտարարները դիմեն իրենց, իրենք կքննարկեն եւ կտան համապատասխան ընթացք։

Ինչ վերաբերում է գյուտարարին համահեղինակ դառնալու՝ մեր իրականության մեջ արդեն արմատացած պրակտիկային, պարոն Ջավադյանն այդ երեւույթը չբացառեց նաեւ իրենց ոլորտում. «Դա նշանակում է բացառել մարդկային էությունն ընդհանրապես»։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել