Երեկ
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել բնապահպանության նախարարության
ներկայացրած 13 ծրագիր՝ ընդհանուր մոտ 90 մլն դրամի: Ծրագրերը ֆինանսավորվելու
են պետբյուջեից: Նախորդ տարի բնապահպանության ոլորտում պետական միջոցներով
իրականացվել է հինգ ծրագիր:
Կառավարության նիստից հետո ներկայանալով լրագրողներին, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մանրամասնեց ծրագրերի էությունը. երկրաբանա-հետախուզական աշխատանքներ, բնության հատուկ պաշտպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ, մետաղական հանքավայրերի համար չափիչ սարքավորումների ձեռքբերում, ձկան պաշարների համալրում, Սեւանի ձկան եւ խեցգետնի պաշարների ուսումնասիրություն, ջրի աղբյուրների գույքագրում, լքված հանքավայրերի ուսումնասիրություն, տեխնիկական աջակցություն «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներին եւ այլն:
Ծրագրերի մի մասը իրականացվում է առաջին անգամ եւ ըստ նախարարի, դրանց քանակական
աճը պայմանավորված է երկրի տնտեսական աճով: Աճ կա նաեւ բնապահպանության ոլորտում:
Միայն 2004-ի առաջին եռամսյակում բնօգտագործման վճարների ծավալը աճել է 30
տոկոսով: Ըստ Վարդան Այվազյանի, Սեւանի ձկան պաշարը կհամալրվի մրցույթի արդյունքում
ընտրված ընկերության կողմից։ Տեսականին էլ՝ կողակ, իշխան եւ այլն, կբուծվի
բացառապես Սեւանի ափամերձ հատվածներում: Կստեղծվեն նոր արգելոցներ՝ Ջերմուկ,
Արփի, Որոտան, եւս երկուսը՝ յուրաքանչյուրի համար կտրամադրվի 0,5 միլիոն
դրամ: Լքված հանքավայրերի ուսումնասիրությունը կսկսվի Կոտայքի մարզից: Մարզերում
կստեղծվեն ջրային պաշարների կառավարման մարմիններ եւ ՀՀ ջրային ողջ ռեսուրսի
հաշվառումից հետո կիրականացվի Ջրի ազգային ծրագիրը:
Երեկ կառավարությունը հավանություն է տվել նաեւ 2003 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությանը, որը կներկայացվի ԱԺ: Մանրամասներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Եկամուտները սպասվածից ավելի են. 286,9 միլիարդի փոխարեն՝ 292 միլիարդ դրամ, ծախսերը՝ նախատեսվածից քիչ. 347-ի փոխարեն 313 միլիարդ դրամ, ինչը հիմնականում տնտեսումների արդյունք է: «2003 թվականի պետական բյուջեն, ինչպես եւ 2002-ինը, կատարվել է առանց ծախսերի գծով պարտքերի կուտակման: Բացի այդ, մարվել են նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում արձանագրված պարտքերը: 2004թ. մուտք ենք գործել առանց բյուջետային պարտքերի»,- տեղեկացրեց գլխավոր գանձապետը:
2003-ի պետբյուջեի առանձնահատկությունները, ըստ Ատոմ Ջանջուղազյանի. 19,5 միլիարդ դրամ տնտեսում, ոչ արտոնյալ վարկերի գծով Ռուսաստանին եւ Թուրքմենստանին ունեցած արտաքին պետական պարտքի ամբողջությամբ մարում: ՀՀ արտաքին պետական պարտքն այժմ 19,7 միլիարդ ԱՄՆ դոլար է՝ Հայաստանի ՀՆԱ 39,3 տոկոսը եւ գնահատվում է նվազ կամ միջին ծանրաբեռնվածություն: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, 2004 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները հուսադրող են եւ այս բյուջեն էլ կկատարվի նախորդից ոչ վատ պայմաններով:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ