Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծել են Աշոտ Մանուչարյանին

Ապրիլ 23,2004 00:00

Սափրած գլուխների հերթական «օպերացիան»

Երեկ ժամը 13:00-ի սահմաններում դաժան ծեծի է ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Ինչպես մեզ տեղեկացրեց «Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման խմբի» անդամ Գայանե Մարկոսյանը, դեպքը տեղի է ունեցել «Մտավորականների ֆորումի» Թումանյան նրբանցքում գտնվող գրասենյակի մատույցներում: Երեք սափրած գլուխ, թիկնեղ, ատլետիկ՝ թիկնապահի կազմվածքով, մարզական բաճկոններով եւ կապյուշոնները գլխներին քաշած երիտասարդ Ա. Մանուչարյանին են սպասել շենքի տակ գտնվող կամարի մուտքի մոտ: Երբ վերջինս փորձել է անցնել կամարի տակով, «դարանակալածները» առաջարկել են խոսել: Ի պատասխան՝ Աշոտ Մանուչարյանը, շարունակելով քայլել, առաջարկել է բարձրանալ գրասենյակ եւ այնտեղ խոսել, ինչին էլ հետեւել է սափրած գլուխների ծեծը: Աշոտ Մանուչարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է Նորքի զանգվածի հիվանդանոց: «Մտավորականների ֆորումի» գրասենյակից դեպքի մասին ահազանգել են ոստիկանության բաժին ու ստացել առավել քան զարմանալի պատասխան. «Մենք այդտեղ գալու ժամանակ չունենք: Եկեք եւ հայտարարություն տվեք»:

Այժմ Աշոտ Մանուչարյանը գտնվում է Շտապ օգնության թիվ երկրորդ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռուբեն Օրգուսյանից տեղեկացանք, որ տուժածին օգնություն են ցույց տվել շատ օպերատիվ, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: Աշոտ Մանուչարյանը ստացել է վերին ծնոտի երկկողմանի կոտրվածք, կարեր են դրվել աչքի տակ եւ բերանի աջ կողմում եղած վերքերին, դադարեցվել է քթի արնահուսությունը: Իրականացվել է գլխի ռենտգեն եւ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ըստ գլխավոր բժշկի, հիվանդը գիտակցությունը չի կորցրել եւ կշարունակի ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Լրագրողներին արգելված էր մտնել Աշոտ Մանուչարյանի մոտ:

Երեկ Աշոտ Մանուչարյանին ծեծելու վերաբերյալ իրենց տեսակետները լրագրողներին փոխանցեցին «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամները: Ըստ Էդուարդ Սիմոնյանցի, վերջին երեք օրերի ընթացքում, վատառողջ լինելու պատճառով, պրն Մանուչարյանը տնից դուրս չի եկել: Ֆորումի գրասենյակ այցելելու մտադրությունը եղել է հանպատրաստից: Այս որոշումը ընդունելուց քառորդ ժամ առաջ, այդ մասին Էդ. Սիմոնյանցին Ա. Մանուչարյանը տեղեկացրել է հեռախոսազրույցի ժամանակ: «Մասնավոր զրույցից ո՞վ կարող էր իմանալ այդ լուրը, որոշեք դուք»,- փոխանցեց պրն Սիմոնյանցը: Ի դեպ, պրն Սիմոնյանցի խոսքերով, Աշոտ Մանուչարյանը Ֆորումի գրասենյակում պետք է հանդիպեր մտավորականներից մեկին: Վերջինիս անունը չհրապարակվեց՝ մտավախությամբ, որ հաջորդ ծեծվողը նա կլինի: Լրագրողների տարակուսանքը, գուցե լրատվության արտահոսքը հենց այդ անձի՞ց է եղել, Սիմոնյանցը բացառեց: Սիմոնյանցի համար զարմանալի էր նաեւ ոստիկանների պահվածքը. ժամը 13:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքին նրանք արձագանքել են 16:00-17:00-ի սահմաններում, ընդ որում ներկայացել են հանրապետական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: «Մենք չենք վստահում ոստիկանությանը, ուստի սեփական ուժերով կանցկացնենք համապատասխան աշխատանքները եւ հուսով ենք, որ կգտնենք հարձակվողներին եւ նախաձեռնողներին»,- հայտարարեց Էդուարդ Սիմոնյանցը:

Պրն Սիմոնյանցը անսպասելի չհամարեց դեպքը, եւ այն պայմանավորեց «Մտավորականների ֆորումի» գործունեությամբ: Ինչպես հայտնի է, Ֆորումը ստանձնել է ընդդիմություն – իշխանություն արդյունավետ երկխոսություն կազմակերպելու առաքելությունը, ինչը, ըստ Սիմոնյանցի, դուր չի գալիս «կոնկրետ իշխանությանը»՝ նախագահին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել