«Հանրապետության» քաղխորհրդի անդամներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սուրեն Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը բողոք է ներկայացնելու գլխավոր դատախազին՝ առաջարկելով որոշակիացնել եւ հիմնավորել իր պաշտպանյալներին ուղղված մեղադրանքները կամ՝ ընդհանրապես հրաժարվել դրանցից:
Վաղարշակ Հարությունյանին առաջադրված են մեղադրանքներ, ըստ որոնց՝ նա թեեւ յուրացրել է պետական իշխանությունը, բայց «չի վայելել յուրացրածը» (փաստաբանի նկատառումն է), այլ իր հրապարակային ելույթներով վիրավորել է իշխանության ներկայացուցիչներին: Ըստ Ռոբերտ Գրիգորյանի՝ Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ. «Քանի որ գտնում է, թե մեղադրանքները որոշակիացված չեն»: Պարզ չէ, թե այդ գործողությունները Վաղարշակ Հարությունյանը որտե՞ղ է կատարել, ե՞րբ, ո՞ր պաշտոնատար անձին է վիրավորել, ի՞նչ արտահայտություններով եւ այլն: «Այս ամենն իրոք չի երեւում նրան մեղադրանք առաջադրելու որոշումից: Այն շատ անորոշ է, խիստ ճապաղ եւ դեկլարատիվ բնույթ ունի: Մոտավորապես այսպիսին է, թե կատարել ես այս հոդվածներով նախատեսված հանցագործություն, բայց թե ինչպե՞ս է արտահայտվել այդ կատարումը, որո՞նք են գործողությունները՝ չի բխում որոշումից»,- ասում է պրն Գրիգորյանը:
Մամուլում հրապարակում եղավ, թե ՊՆ նախկին նախարարին առաջադրված իշխանությունը յուրացնելու մեղադրանքը վերաբերում է 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ նա զորք էր տեղաշարժել առանց գլխավոր հրամանատարի հրամանի: «Վաղարշակ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը սահմանափակված է 2004-ի փետրվար-ապրիլ ամիսների նրա գործունեությամբ,- այս առնչությամբ ասաց նրա պաշտպանը:- Եվ այն, ինչ մամուլում նշվել է, թե իբր 1999-ի ինչ-ինչ գործողություններն են դրվել մեղադրանքի հիմքում՝ իրականում չկա: Նախաքննական մարմինն իմ պաշտպանյալին նման մեղադրանք չի ներկայացրել, եւ նրան չեն արվել այդպիսի հարցադրումներ»: Իշխանությունը յուրացնելու մեղադրանքը մոտավորապես այսպես է հիմնավորվել, թե ցույցերի եւ հրապարակային ելույթների ժամանակ հնչել են «Քոչարյա՛ն, հեռացի՛ր» եւ նման կոչեր, որոնցով հոգեբանական եւ բարոյական ճնշում է գործադրվել իշխանության ներկայացուցիչների վրա, իսկ դա բռնության մի տեսակ է: Ճիշտն ասած, իր վերջին հարցազրույցներում երկրի ղեկավարը բոլորովին էլ ճնշվածի տպավորություն չէր թողնում, եւ հակառակը՝ առանց բարդույթների հայտարարում էր, թե հնարավորություն ունի սանձել ապակայունացման քայլերը: Ուստի մեր հարցին՝ կա՞ Ռոբերտ Քոչարյանի դիմումը դատախազությանը, թե ինքն իրոք հոգեբանորեն եւ բարոյապես ճնշվել է նման կոչերից՝ Ռոբերտ Գրիգորյանը պատասխանեց. «Մեր բողոքի կետերից մեկն էլ դա է: Նախաքննական մարմինը խոսքի ուժը հավասարեցրել է ավտոմատի կրակոցին: Իսկ խոսքի եւ հրազենի տարբերությունները շատ ակնառու են եւ մեծ: Այն կարծիքին եմ, որ նախաքննական մարմինն ինչքան հնարավորություն է ունեցել՝ մեղադրանք է առաջադրել. որը կանցնի՝ կանցնի, ինչ կմնա՝ կմնա: Եվ այստեղ Քոչարյանի կամ մեկ այլ պաշտոնատար անձի բողոքը պետք չի նման արարքները գնահատելու համար՝ երեւի դա անհրաժեշտ է անձնական վիրավորանքի պարագայում»: Սակայն իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու մեղադրանքի պարագայում էլի դիմում չկա. «Բացի այդ՝ իմ պաշտպանյալը հրապարակային ոչ մի ելույթ չի ունեցել, չի մասնակցել ոչ մի հանրահավաքի եւ այլն: Համենայն դեպս, մեզ չեն ներկայացվել այդպիսի ապացույցներ: Ավելին ասեմ՝ նա Հայաստանում էլ չի եղել այդ շրջանում»: Իսկ հարցին՝ արդյոք բողոքներ կա՞ն Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, Հայկ Հարությունյանից եւ Աշոտ Գիզիրյանից, թե փետրվարի 28-ին Շենգավիթում հանրահավաքի ժամանակ Սուրեն Սուրենյանցն ասելով, թե «պիտի նրանց ոտքի տակ հողը այրվի»՝ վիրավորել է իրենց, պաշտպանն ասաց, որ իրենց չեն ներկայացրել այն ապացույցները, թե որոշակի պաշտոնատար անձին ինչպես է վիրավորել Սուրենյանցը. «Իսկ նա ասել է, թե հողը ոտքի տակ այրվելը երբեք էլ չի նշանակում, թե մարտական ջոկատներով գրոհելու են նախագահի նստավայրը կամ կառավարությունը»:
Ռոբերտ Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Սուրեն Սուրենյանցին առաջադրված այն մեղադրանքին, թե սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կոչեր է արել. «Սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ սահմանադրական կարգը պետական իշխանության այն կարգն է, որն այսօր գործում է, եւ որեւէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն չի հայտարարել, թե նպատակ ունի փոխել այն, եւ, ասենք, նախագահականից մեր երկիրը բռնությամբ դարձնել միապետական կամ խորհրդարանական պետություն»: Մեր հարցին, թե արդյոք կարելի՞ է սահմանադրական կարգը վերահաստատելու հաստատակամության մասին խոսքերը, որով հանդես են գալիս ընդդիմության ներկայացուցիչները՝ գնահատել իբրեւ այդ կարգը բռնությամբ փոխելու կոչեր, պաշտպանն արձագանքեց այսպես. «Եթե նրանք գտնում են, թե խախտված է սահմանադրական կարգը եւ պահանջում են պահպանել այն՝ չի՛ կարող սրա համար առաջադրվել մեղադրանք: Մանավանդ որ՝ որեւէ մեկը չի արել բռնության կոչ: Ընդդիմությունն անընդհատ շեշտել է «սահմանադրական եղանակով», «խաղաղ ճանապարհով» արտահայտությունները: Իսկ մնացածն արդեն խոսքի եւ կարծիքի ազատություն է, որը չպետք է հետապնդվի»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ