Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է

Ապրիլ 22,2004 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ Է Պետք է սահմանափակվի անմիտ որոշումների հնարավորությունը Ռուսաստանը շարունակում է միավորներ հավաքել վրացական հեղաշրջումից հետո ստեղծված անկայուն վիճակով: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդների հետ ՌԴ-ն սկսել է քննարկել Ռուսաստանի հետ նրանց՝ որպես «պրոտեկտորատ» միավորվելու խնդիրը: Ինչ մնում է սեպարատիստական Աջարիային, ապա հնարավոր է, որ Ռուսաստանը մտմտում է վերջինիս ուղղակի տարածքային բռնազավթման տարբերակը: Աջարիայի անեքսիայի համար Ռուսաստանին հարկավոր է ընդամենը նրան Թբիլիսիից անվտանգության երաշխիքներ տալ: Միաժամանակ Ռուսաստանը ձգտում է Վրաստանի ռազմավարական նշանակությունը՝ որպես կասպիական էներգիայի տեղափոխման տարածք, հնարավորինս փոքրացնել: Քանի որ միասնական Վրաստանը միշտ ոսկորի նման կանգնած կլինի ՌԴ կոկորդին, ապա հարկավոր է անել ամեն ինչ՝ այն մասնատելու համար: Իր կողմից Վրաստանն ու իր ՆԱՏՕ-ական գործընկերներն ամենայն հավանականությամբ կպնդեն, որ երեք տարին ռուսական զորքերը դուրս հանելու համար բավարար ժամկետ է: Բացի այդ, նրանք կանեն ամեն ինչ, որ ցանկացած պայմանագիր իր մեջ ներառի զորքերի պարտադիր դուրսբերման մասին դրույթ: Եվ, ի վերջո, կառաջարկեն ստորագրել մի նոր պայմանագիր, որը թույլ կտա վերահսկել ԵԱՀԿ պայմանագրի կատարումը, իսկ չկատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառել: Դումայից երաշխիքներ կպահանջեն ԵԱՀԿ պայմանագիրն անմիջապես վավերացնելու մասին կամ ծայրահեղ դեպքում կպահանջեն հրաժարվել այդ պայմանագրի պառլամենտական վավերացման պարտադրանքից, հաշվի առնելով, որ Կրեմլը կարող է ուզածի չափ ձգձգել դա: Ինչ խոսք, դեռ վաղ է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու մասին, բայց Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի մեծաքանակ խաղաղապահ ուժերի հայտնությունը լրիվ հնարավոր է այն դեպքում, եթե Մոսկվան սկսի լուրջ օժանդակություն ցուցաբերել սեպարատիստներին: Ընդ որում, այդ ուժերը ՆԱՏՕ-ի դրոշի տակ հանդես կգան, բայց կազմված կլինեն թուրքական զորամիավորումներից: Այդ ժամանակ Անդրկովկասի պետությունների համար պարզ կդառնա, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է ու ժամանակն է ընտրություն կատարել: Այս ընտրությունը ամենացավոտ ձեւով կկանգնի թերեւս Հայաստանի առջեւ, հատկապես, երբ նա շրջապատված կլինի թուրքական զորքերով: ՀՀ ներկա ղեկավարությունը կողմնորոշվում է հիմնականում դեպի ՌԴ եւ Իրան, իսկ Արեւմուտքի համար դա անընդունելի է, եւ հեռու չէ պահը, երբ նրանք ՀՀ-ից կպահանջեն ընտրել՝ ում հետ է: Ադրբեջան կատարած իր այցելության ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Բաքվին անվանեց ԱՄՆ-ի «ռազմավարական գործընկերը»: Իսկ դա արտացոլում է Ադրբեջանի դերի աճն ամերիկյան ռազմական հեռահար պլանների մեջ, որոնք ներկայումս ուղղված են ԱՄՆ-ի եվրոպական բազաները դեպի արեւելք տեղափոխելուն: «Կասպից ծովի պահպանության նախաձեռնության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ172ն ձգտում է ավելի շոշափելի դարձնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Ի պատասխան, Մոսկվան առաջարկեց ԼՂ հակամարտության լուծման նոր պլան, որի իրագործման դեպքում ՌԴ-ն կդառնա ՀՀ եւ Ադրբեջանի մեջ տարածաշրջանային կայունության երաշխիք: Միաժամանակ ՌԴ-ն Ադրբեջանի նոր նախագահ Իլհամ Ալիեւին ցուցադրեց դիվանագիտական «գաթաների ու մահակների» մի ողջ հավաքածու՝ առեւտրա-ռազմական համագործակցության ընդլայնման խոստումներից մինչեւ գրեթե անթաքույց սպառնալիքներ՝ օտարերկրյա ռազմական ներկայությանը դիմակայելու համար ռազմական գործողությունների ձեռնարկման հնարավորություն: Ռուսաստանը ընդլայնում է իր ներկայությունը նաեւ Հայաստանում: 2003-ի նոյեմբերին կնքված համաձայնագրերի արդյունքում Մոսկվան վերահաստատեց Գյումրիի 102-րդ ռազմական բազայում ռուսական զորքերի տեղակայման իրավունքը, ամրապնդեց Երեւանի հետ ռազմարդյունաբերական կապերը եւ խոստացավ մատչելի գներով բարձրտեխնոլոգիական ռազմական համակարգեր մատակարարել: Այդ ամենն Ադրբեջանին դնում է տարածաշրջանում գլխավոր հակառակորդի կողմից ահագնացող ռազմական սպառնալիքի փաստի առջեւ: Հնարավոր է, որ ՀՀ-ին հաջողվի էֆեկտիվ կերպով մտնել Արեւմուտքի, նախեւառաջ ԱՄՆ-ի, ազդեցության ոլորտի տակ: ԱՄՆ-ը Իրաքի օկուպացիայից հետո իրականացնում է Իրանի շրջափակման եւ այնտեղի հակաամերիկյան կառավարության տապալման ռազմավարություն: ՀՀ մուտքը Եվրամիություն եւ ՆԱՏՕ՝ կապահովեր նրա տնտեսական, ռազմական եւ արտաքին քաղաքականության կանխատեսելիությունը: Առայժմ երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացումը դարձել է իշխանությունների եւ ամբողջ քաղաքական դասի ոչ ադեկվատության պատանդը: ՀՀ քաղաքական էլիտան քաղաքական ռիսկերի առումով լուրջ պատնեշ է ստեղծել առաջին հերթին ազգային տնտեսության մեջ խոշոր ներդրումների համար: Եվ այդ էլիտայի անգործունակությունը պետք է ճանաչվի ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի անգործունակությունը: Համապատասխանաբար, պետք է սահմանափակվի նաեւ անմիտ որոշումների հնարավորությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանային դերը վերջերս ավելի է լրջացել որպես Միջին եւ Մերձավոր Արեւելքի թիկունքային շրջան՝ իրավիճակին տիրապետելու, եւ առաջին հերթին՝ Իրանի շրջապատումն իրականացնելու նպատակով: Վաշինգթոնը Մոսկվայի հետ կցանկանար պայմանավորվել, բայց տարածաշրջանում, հատկապես Վրաստանում իրավիճակի ապակայունացում թույլ չի տա: Իրականում ՆԱՏՕ-ի խաղաղարարները կարող են հայտնվել եւ Ախալքալաքում, եւ Բաթումում, եւ Աբխազիայում: Ընդ որում, խաղաղարարների դերում նախ եւ առաջ հանդես կգան թուրքերը, որոնք հավանաբար ընդունելի կլինեն ե՛ւ աջարների, ե՛ւ աբխազների համար, բայց ոչ՝ հայերի: Եվրամիությունը կարող է Անդրկովկասի երկրներում քաղաքացիական հասարակություն կառուցելու մեջ յուրօրինակ դեր խաղալ: ԵՄ-ն պետք է մտցնի ՀՀ-ն, Ադրբեջանը եւ Վրաստանը «The Wider Europe» ծրագրի մեջ, իսկ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է վավերացնեն Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, առանց հասնելու հարավային տարածքից իր զորքերը դուրս բերելու ՌԴ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել