Հանդիպում են պահանջում Անհնար է տարանջատել սպանությունը ինքնասպանությունից Երեկ «Առավոտում» էին գտնվում բանակում սպանված զինծառայողների ծնողները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նրանք 4 ամիս առաջ դիմել էին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներ, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին եւ պաշտպանության նախարարին։ Սպանված զինծառայողներ Արմեն Ղարախանյանի (սպանվել է 1999թ. օգոստոսի 3-ին), Վահան Մանուկյանի (սպանվել է 2000թ. հունվարի 27-ին), Արթուր Հարությունյանի (սպանվել է 2000թ. հունվարի 6-ին), Աղասի Ադամյանի (սպանվել է 2000թ. հոկտեմբերի 26-ին), Արայիկ Ավետիսյանի (սպանվել է 2001թ. հոկտեմբերի 30-ին), Անդրանիկ Սիլակյանի (սպանվել է 2002թ. սեպտեմբերի 19-ին), Գարիկ Խաչիկյանի (սպանվել է 2002թ. հուլիսի 17-ին), Սուրեն Մուրադյանի (սպանվել է 2002թ. օգոստոսի 4-ին), Արտյոմ Սարգսյանի (սպանվել է 2002թ. փետրվարի 25-ին), Հովհաննես Բալագյոզյանի (սպանվել է 2003թ. փետրվարի 13-ին), Աշոտ Մանուկյանի (սպանվել է 2003թ. սեպտեմբերի 25-ին) ծնողները պահանջել էին հանդիպում գլխավոր դատախազի, պաշտպանության նախարարի, ԱԺ նախագահի հետ, սակայն 4 ամիս է անցել եւ որեւէ մեկը հարկ չի համարել ընդունել նրանց։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ամեն տարի սպանվում եւ հաշմանդամ են դառնում հարյուրավոր զինվորներ։ Զրկված լինելով որեւէ իրավունքից, հայ զինվորը ստրուկ է դարձել բանակի ցածր, միջին եւ բարձրաստիճան սպայակազմի ձեռքին»,- ասում էին ծնողները։ Իրավապաշտպան, պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռուբեն Մարտիրոսյանի գնահատմամբ, անհնար է տարանջատել սպանությունը ինքնասպանությունից, ինքնասպանությունը՝ անզգույշ սպանությունից։ Ռ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք ստեղծել են ոչ ֆորմալ «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը եւ մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն գրանցել այն, պատասխանեց. «Իմաստազուրկ է դառնում կազմակերպության օրինական գրանցումը, քանզի ողջ երկիրը թաղված է իրավական քաոսի մեջ»։ Ծնողները մտահոգված էին իրենց երեխաների քրեական գործերի ճակատագրերով եւ պահանջում էին, որ անհապաղ իրենց ընդունի ՀՀ գլխավոր դատախազը եւ իրենց որդիների սպանության գործերը զինդատախազության վարույթից տեղափոխվի գլխավոր դատախազություն։ «Սպանությունները պետական գաղտնիք համարվել չեն կարող, ուստի պահանջում ենք բանակում տեղի ունեցած բոլոր դեպքերի մասին, դրանց կատարումից անմիջապես հետո, տեղեկություններ հրապարակել «Հայ զինվոր» թերթում»,- ասում էր իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ գյումրեցի սպանված զինվորի հայր Հենրիկ Մալխասյանը պատրաստվում է դատի տալ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, քանի որ վերջինս երկու ամիս առաջ Գյումրիում հրապարակավ խոստացել էր լսել նրա բողոքները, «սակայն խաբել է որդեկորույս հորը»։ Ի դեպ, 4 ամիս առաջ «Առավոտը» անդրադարձել է այս 11 ծնողների պահանջներին, որոնցից մեկն էլ այն էր, որ թերթի միջոցով հարց բարձրացվի, որպեսզի դատաքննությունները տեղի ունենան ծնողների բնակության վայրին մոտ, քանի որ դատաքննությանը մասնակցելու համար սպանվածների ծնողները չունեն ֆինանսական միջոցներ։ Հարազատ բնակավայրից հեռու ապահովված չէ նաեւ սպանված զինվորների հարազատների անվտանգությունը։ Չեն մոռացվել նաեւ դատավորները, «ովքեր անօրինականություններ են թույլ տվել զինվորների սպանությունների գործերով դատաքննությունների ընթացքում»։ «Առավոտին» ծնողները հայտնեցին, որ իրենց ձեռքին ունեն անհերքելի փաստեր, որոնց, ըստ օրենքի, անհրաժեշտ է ընթացք տալ։ Խոսք եղավ զինդատախազության այն աշխատակիցների մասին, ովքեր «ոչնչացնում են ցուցմունքները, վկաներին պարտադրում կեղծ ցուցմունքներ տալ, նախաքննությունը տանում են իրենց ցանկալի ուղղությամբ»։ Ծնողների պահանջը, հավանաբար, պետք է բավարարի գլխավոր դատախազը, քանի որ խոսք է գնում հանցագործությունը իմանալու եւ չհայտնելու մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ