Լրահոս
Օրվա լրահոսը

Գծի տերերը պատժվեցին

Ապրիլ 22,2004 00:00

Գծի տերերը պատժվեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 5-ական մլն դրամով տուգանել է 14 երթուղի սպասարկող 9 ընկերությունների: Խոսքը այն երթուղիներին է վերաբերում, որոնք նոյեմբերին ուղեվարձը թանկացրել էին՝ 50 դրամից դարձնելով 100: Տուգանվել են «Երկու ընկեր» (թիվ 4 երթուղի), «Լյուդվիգ եւ որդի» (թիվ 7 երթուղի), «Դավիթ երթուղային տաքսի» (թիվ 8, 31, 78, 109, 16, 33), «Ապարան» (թիվ 11), «Առինջ» (թիվ 14), «Ռանչո» (թիվ 60), «Արարատ Սարգսյան եւ ընկերներ» (թիվ 92), «Պաշա» (թիվ 112), «Կարեն եւ էրիկ» (թիվ 68) ընկերությունները: «Առավոտի» տեղեկություններով, դրանց մի մասը բավականին հայտնի գործիչների է պատկանում: Հիշեցնենք, այդ ընկերությունների համար ուղեվարձի թանկացման առիթ էր դարձել երթուղային տաքսիներից մեկի խոշոր վթարից հետո պետավտոտեսուչների՝ կարգուկանոն հաստատելու նպատակով երթուղային տաքսիները գերբեռնելու արգելքը: Որպես հիմնավորում երթուղիներն սպասարկողները նշում էին, որ չգերբեռնելու եւ 50 դրամով աշխատելու պարագայում չեն «տեղավորվում» ծախսերի շրջանակներում: Այսինքն, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովին որպես երթուղու սպասարկման պայման ուղեվարձի արժեքը 50 դրամ ներկայացնելով, այդ ընկերություններն ի սկզբանե էլ նկատի են ունեցել, որ մարդկանց ճզմած կամ կոնսերվացրած են տեղափոխելու, որպեսզի եկամուտով աշխատեն: Եվ մրցութային հանձնաժողովն էլ բավականաչափ իրատես չի գտնվել տնտեսվարողի հնարավորությունները գնահատելիս: Այս բոլոր երթուղիներում սպասարկող տնտեսվարողներից ոչ մեկը մրցակից չունի եւ նշված ինը սուբյեկտներն էլ իրենց «շուկայում» գերիշխող դիրք ունեն: Հանձնաժողովը համարել է, որ վերոհիշյալ բոլոր սուբյեկտներն էլ չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, միակողմանի, առանց իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու՝ ուղեվարձը կրկնակի թանկացնելով: Այդ ընկերությունները խախտել են ոչ միայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, այլ նաեւ Քաղաքացիական օրենսգրքի մի քանի դրույթներ, որոնցով նախատեսվում է, որ պարտավորության պայմանները միակողմանի փոփոխել չի թույլատրվում: Այդ դրույթի պահպանման անհրաժեշտությունն, ի դեպ, ընդգծված է նաեւ վերոհիշյալ սուբյեկտների եւ քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրում: Ի դեպ, ապրիլի 12-ին քաղաքապետարանը օրինականացրել է ուղեվարձը բարձրացնելու՝ գծի տերերի նախաձեռնությունը կամ, այլ կերպ ասած, համաձայնություն է տվել: Ինչը, ի դեպ, չի խանգարում, որ գծի տերերը պատասխանատվություն կրեն մինչ այդ ընկած ժամանակահատվածում թույլ տված խախտման համար: Ուշագրավ է, որ ընկերությունները տուգանվել են առավելագույն չափով՝ 5-ական միլիոն դրամով: Սրանից բացի, նրանք պարտավոր են ՀՀ պետբյուջե փոխանցել նաեւ նոյեմբեր-ապրիլ ամիսների ընթացքում օրենքի խախտմամբ ստացած շահույթը, որը, ենթադրվում է, ավելին է, քան 5-ական միլիոն դրամները (այսպիսով՝ 14×5000 000=70000000+ապօրինի շահույթ): ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930