Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ

Ապրիլ 22,2004 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ Կոալիցիայի վիրտուալ կյանքը Ապրիլի լույս 13-ի արյունոտ գիշերվա բռնություններն ու ծեծուջարդը դատապարտել են միջազգային կառույցներն ու ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների մի մասը։ Կոալիցիոն կուսակցություններն առայժմ պաշտոնապես չեն անդրադարձել երեւույթին, գոնե՝ իրենց պաշտոնական web-site-րում։ ՀՀԿ եւ ՀՅԴ սայթերում ներկայացված են կուսակցությունների՝ տարբեր առիթներով արած հայտարարությունները։ Ապրիլի լույս 13-ի գիշերը «վրիպել» է այս կուսակցությունների աչքից։ Թեեւ բռնությունը դատապարտող կիսաակնարկներ ու ցրողական արտահայտություններ եղել են, սակայն՝ բացառապես ի պատասխան լրագրողների հարցերի։ Կուսակցությունների այս խուսանավող կեցվածքը կմնա ԶԼՄ-ների արխիվում եւ ոչ կուսակցական պատմության մեջ։ Պաշտոնական անդրադարձի բացակայության պատճառների մասին կարելի է միայն ենթադրել։ Ասենք, ՀՀԿ-ի դեպքում կարող է լինել անցյալի «դառն ու դաժան» դասը։ 2000թ. մարտի 3-ին ՀՀԿ-ն նախագահից պահանջեց աշխատանքից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, որը հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարն էր եւ մեղքի իր բաժինն ուներ ահաբեկչությունը չկանխելու հարցում։ Հայտարարությունից երկու ամիս անց, նույն ՀՀԿ-ն սիրահոժար համագործակցեց նույն նախագահի հետ, նույն Սերժ Սարգսյանին կարգելով ուժային՝ պաշտպանության նախարար։ Ի դեպ, այս հայտարարությունը ներկայացված է կուսակցության սայթում։ Համաձայն ՀՀԿ սայթի, 2000-03թթ. ժամանակահատվածում կուսակցությունը չի արել այնպիսի հայտարարություն, որ արժեր հավերժացնել կուսակցության պատմության մեջ։ Զարմանալի է երեւույթների կարեւորության դաշնակցական չափանիշը։ ՀՅԴ-ի սայթից կարելի է տեղեկանալ Հայաստանի կենսոլորտի ապականվածության մասին կուսակցության կարծիքին կամ, ասենք, Եգիպտոսի դեսպանի, ուկրաինացի սոցիալ-դեմոկրատների հետ կուսակցության հանդիպումների վերաբերյալ հայտարարություններին։ Սակայն վիրտուալ դաշնակցությունը չի փայլում Հայաստանում արձանագրված ցավոտ ու անցանկալի երեւույթների վերաբերյալ հայտարարություններով։ Երկու կուսակցություններն էլ դատապարտել են հոկտեմբերի 27-ի ոճիրը։ «Օրինաց երկիրը» ետ է մնացել ժամանակից եւ իր կոալիցիոն գործընկերներից՝ պաշտոնական սայթ չունի։ Սակայն վերջիններիս հետ նույն մակարդակի վրա է ցրողական արտահայտություններով խոսելու եւ նախագահից «մրսելու» առումով։ Իսկ ԱԺ եւ ՕԵԿ նախագահի վերջին հայտարարությունը շնորհավորանք է եղել։ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Ֆադեյ Սարգսյանին՝ ԳԱԱ նախագահ վերընտրվելու առիթով։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930