Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսյան տարակույսներ

Ապրիլ 22,2004 00:00

Կիպրոսյան տարակույսներ Ապրիլի 24-ին Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածներում տեղի է ունենալու հանրաքվե, որի ժամանակ կիպրացի հույներն ու թուրքերն իրենց վերաբերմունքն են արտահայտելու կզղու վերամիավորման՝ ՄԱԿ-ի առաջարկած ծրագրին: Հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում մայիսի 1-ին Եվրամիություն կմտնի միայն Կիպրոսի հունական հատվածը, ինչի արդյունքում կղզու բաժանված մասերի միջեւ եղած անջրպետն է՛լ ավելի կխորանա: «Առավոտն» իր նախորդ համարներում հանգամանորեն անդրադարձել է այս խնդրին: Վերջին օրերին, սակայն, Ադրբեջանի նախագահի հայտնի հայտարարության լույսի տակ, կիպրոսյան թնջուկը մեզ համար անսպասելի հնչեղություն եւ հետաքրքրություն ձեռք բերեց: Հիշեցնենք ադրբեջանական մի շարք հեղինակավոր քաղաքագետների կողմից «սենսացիոն» գնահատված այդ հայտարարությունը. եթե Կիպրոսի վերամիավորման հարցով անցկացվող հանրաքվեն տապալվի, ապա Ադրբեջանը կճանաչի Կիպրոսի թուրքական հատվածի անկախությունը: Մինչ Ադրբեջանի քաղաքագիտական շրջանակներում Ալիեւի այս «նորարարության» հարուցած ամենաթարմ արձագանքներին անդրադառնալը, ներկայացնենք կիպրոսյան եւ ղարաբաղյան զուգահեռներին առնչվող՝ մեր փոքրիկ զրույցը ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, «Մուսավաթ» կուսակցության գաղափարախոս Ռասիմ Մուսաբեկովի հետ: Զրույցը կայացել է Իլհամ Ալիեւի հայտարարությունից մի քանի շաբաթ առաջ: «Առավոտ». «Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում Կիպրոսի եւ Ղարաբաղի խնդրների միջեւ»: Ռասիմ Մուսաբեկով. «երկու դեպքում էլ գործ ունենք պետության ներսում ինքնահռչակ պետական կազմավորումների հետ: Երկու դեպքում էլ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ համընդհանուր ճանաչված սկզբունքների շրջանակներում կարգավորելու ուղղությամբ: Իհարկե նմանություններ շատ կարելի է թվել, բայց կան նաեւ բնորոշ տարբերութ յուններ»: «Առավոտ». «Ի՞նչ կանխատեսումներ ունեք կիպրոսյան կարգավորման վերջին զարգացումների հետ կապված, եւ արդյո՞ք հաջողության դեպքում այդ փորձը կիրառելի կարող է լինել նաեւ ԼՂ պարագայում»: Մուսաբեկով. «Ցանկացած դրական փորձ, որ երբեւէ որեւէ տեղ կարձանագրվի, օգտակար կարող է լինել մեր եւ ձեր ընդհանուր հոգսի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Հատուկ կանխատեսումներ չունեմ, հուսով եմ, որ կիպրացիները, անկախ ազգային պատկանելությունից, կքվեարկեն հանուն իրենց համատեղ եվրոպական ապագայի»: Այժմ տեսնենք, թե Ռասիմ Մուսաբեկովն ինչպես է արձագանքել Իլհամ Ալիեւի վերոհիշյալ հայտարարությանն ընդամենը մի քանի օր առաջ. «չափազանց հանդուգն եւ ոչ ժամանակին արված քայլ էր մի երկրի համար, որն ունի ԼՂ խնդիր: Դա ջուր կլցնի ԼՂ անկախության կողմնակիցների ջրաղացին»: Գրեթե նույն կարծիքին է նաեւ ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն: Ըստ նրա. «ամենեւին պետք չէ շտապել թուրքական Կիպրոսի ճանաչման հարցում: Թող դա նախ անեն ուրիշները: Իսկ եթե այդպես վարվում է Ադրբեջանը, ապա հենց ինքն էլ նախադեպ է ստեղծում ԼՂ անկախության ճանաչման համար: Մինչդեռ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանը»: Այսուհանդերձ, Բաքվում քիչ հավանական են համարում, որ Ալիեւը հետեւողական կլինի իր խոստման կատարման հարցում, իսկ բուն հայտարարության շարժառիթները փորձում են տեսնել Ադրբեջան-Թուրքիա ոչ այնքան միանշանակ հարաբերությունների ենթաշերտերում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել