Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԿԱՆԱՆՑ

Ապրիլ 22,2004 00:00

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԿԱՆԱՆՑ Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ ոստիկանությունը ներխուժել էր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, Էրեբունու ոստիկանական բաժին բերման էին ենթարկվել նաեւ այդ պահին կուսակցությունում եղած կանայք ու աղջիկները՝ մոտ 13 հոգի: Նրանց ամբողջ գիշեր հերթով հարցաքննել էին՝ հարցաքննությունը համեմելով դաժան ծեծով: Ոչ բոլորին, բայց գերակշիռ մեծամասնությանը: Կուսակցության գրասենյակում փորձեցինք հանդիպել ծեծվածներից որեւէ մեկին՝ ապարդյուն: Քաղմասում անցկացրած սարսափ-գիշերից հետո նրանց մեծ մասը կուսակցություն չէր եկել. ապաքինվում էր: Փոխարենը «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ հատկապես դաժան ծեծի էին ենթարկվել Անի Կիրակոսյանը (ի դեպ, Անիին մեր նախորդ համարներից մեկում թյուրիմացաբար ներկայացրել էինք Խաչատրյան ազգանունով), Վարդուհի Շահբազյանը՝ երկուսն էլ լրատվական բաժնի եւ «Հանրապետություն» էլեկտրոնային թերթի աշխատակիցներ: Ծեծի էր ենթարկվել նաեւ Գայանե Աշուղյանը: Կուսակցության աշխատակազմից մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի են ենթարկվել Նաիրա Աղաբաբյանը, Գոհար Կուռազյանը, Անի Կիրակոսյանն ու այլք: «Նրանք բոլորը հիմա գտնվում են դեպրեսիվ վիճակում: Մենք, անշուշտ, հայցադիմում ենք պատրաստում ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով»,- երեկ հավաստիացրեց պարոն Զեյնալյանը: Կուսակցության գրասենյակում եղած եւ այդ օրը Էրեբունու ոստիկանություն բերման ենթարկված կանանցից մեկը՝ Գոհար Կուռազյանը պատմեց այդ գիշերն իրենց հետ կատարվածի մասին: «Մեկ էլ այն տեսա, որ զինվորական համազգեստով մարդիկ լցվել են գրասենյակ՝ Հովիկ Թամամյանի գլխավորությամբ: Նրան, ի դեպ, ես չէի ճանաչում, բայց հետո իմացա, որ բաց գույնի կամուֆլյաժովը հենց նա էր: Նրանք մտան կուսակցության խորհրդի սենյակ, որտեղ Վաղարշակ Հարությունյանն էր եւ հրահանգեցին բոլոր տղամարդկանց, այդ թվում նաեւ՝ Վ.Հարությունյանին, դուրս գալ: Կանանց ոչինչ չասացին: Տղամարդկանց տանելուց հետո մենք վախից դուռը փակեցինք. գրասենյակում երիտասարդ աղջիկներ կային, որոնք սթրեսի մեջ էին: Դուռը կարծեմ ես փակեցի բանալիով, բայց թե հետո բանալին ինչ արեցինք, խառնաշփոթի մեջ ոչ մեկս չհասկացանք: Մի 10 րոպե անց սկսեցին դուռը թակել, թե՝ բացեք: Ու մինչ մենք բանալին էինք փնտրում, ոստիկանները սկսեցին դուռը ջարդել: Մեկ էլ էն տեսանք, որ Արտակ Զեյնալյանի առանձնասենյակի պատուհանի ապակիները ջարդվեցին եւ մեկը «սպեցնազի» սեւ համազգեստով ներս մտավ եւ իրեն գցեց դեպի դուռը: Բանալին էր ուզում: Հետո նա ներսից, ուրիշը դրսից ոտքով խփեցին ու մուտքի դուռը կրնկի վրա բացվեց, զինվորները ներս լցվեցին՝ թե հավաքվեք, ձեր պայուսակները վերցրեք եւ դուրս եկեք: Գրասենյակում մեզ չեն հրմշտել, չեն խփել: Մեզ լցրեցին մեծ մեքենայի մեջ, որով, ի դեպ, տանում էին Նաիրի Հունանյանին: Սոսկալին այն էր, որ մենք դուրս եկանք ու տեսանք, որ մեզ՝ մի քանի երիտասարդ աղջիկների եւ մի քանի կանանց, տանում են ոստիկանների երկու կողմից կազմած շարքի՝ արգելափակոցի միջով, կարծես՝ մենք քրեական հանցագործ էինք: Թե ուր են տանում, հետո ինչ է լինելու՝ մենք դեռ չգիտեինք: Տեղ հասանք եւ նոր միայն իմացանք, որ Էրեբունու ոստիկանությունում ենք: Մի մասին տեղավորեցին հերթապահ բաժնի խցերում, մյուսը մնաց կանգնած: Հետո հերթով տարան հարցաքննության: Հարցնում էին՝ մենք հանրահավաքներին մասնակցե՞լ ենք, թե՞ ոչ, թռուցիկ բաժանե՞լ ենք, թե՞ չենք բաժանել, ովքե՞ր են ելույթներ ունեցել, ի՞նչ կոչերով»,- պատմեց տիկին Գոհարը: Ինչ վերաբերում է ոստիկանական բաժնում իրենց ծեծի ենթարկելուն, ապա Գ.Կուռնազյանն ասաց. «Այո, ծեծել են: Ես հերթապահ բաժնում էի, ինձ դեռ չէին տարել հարցաքննության, բայց ամեն անգամ, երբ դուռը բացվում-փակվում էր, ես կանանց ճչոց էի լսում, բայց չգիտեի, թե վերեւում կոնկրետ ում էին ծեծում: Դա տեղի էր ունենում քննիչների սենյակում, ուր մեզ հերթով տանում էին առանձին սենյակներ հարցաքննության: Միայն առավոտյան, արդեն 10-11-ի կողմերը, երբ կարողացանք իրար տեսնել իմացանք, որ գրեթե բոլորին էլ ծեծել են: Անձամբ ինձ եւ աղջկաս չեն ծեծել: Շատ է ծեծվել Անի Կիրակոսյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց, հետո նորից բաժին բերել: Բայց այդ օրն Անին, որ 22-23 տարեկան է, այնպիսի դողէրոցքի մեջ էր, չէր կարողանում բան խոսել: Նա ուղղակի փաթաթվել էր ու դողում էր: Ընդհանրապես ծեծի ենթարկված աղջիկներն այդ օրը համարյա ոչինչ չէին խոսում: Ես չգիտեմ, թե կոնկրետ Անիի նկատմամբ էլի ինչ միջոցներ են կիրառվել»,- պատմեց Գ.Կուռնազյանը: Երեկ տեղեկացանք, որ Ա. Կիրակոսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկություններ կային, թե նրան վիրահատելու խնդիր է առաջացել, բայց երեկ մինչեւ երեկո հնարավոր չեղավ դա հստակեցնել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել