Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ԱՍՊԵՏԸ

Ապրիլ 22,2004 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ԱՍՊԵՏԸ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի փետրվարի 22-ի
հրամանագրով թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանին շնորհվել է ՌԴ
«Բարեկամության» շքանշան՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը շքանշանը հանդիսավոր հանձնեց տիրոջը:
«Սրանով մենք եղբայրանում ենք, որովհետեւ ես էլ ունեմ նման շքանշան»,- կատակեց
դեսպանը:
«Արմեն Արշավիրովիչի ներդրումը դժվար է բնութագրել բառերով, այն ահռելի է»,- ասաց պրն Դրյուկովը՝ անդրադառնալով հայ-ռուսական բարեկամությանը, երկու երկրների հավատի, պատմական ճակատագրերի ընդհանրությանը, անկախացումից հետո ունեցած նույն խնդիրներին: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւս «Բարեկամության» շքանշանը համարեց ոչ միայն Արմեն Հովհաննիսյանի վաստակի, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության, հոգեւոր, մշակութային կամուրջների վերականգնման խորհրդանիշ:

«Առանց կեղծ համեստության ասեմ՝ գոհ եմ ու երախտապարտ, որ տասնամյակների տառապագին աշխատանքս գնահատվեց այսպիսի շքեղ շքանշանով: Եվ դա պատահական չէ, որովհետեւ ես դաստիարակվել եմ երկու մշակույթների վրա, արգասիքն եմ հայ եւ ռուս մշակույթների: Դժվար գործ է թարգմանությունը, մանավանդ, երբ բնագրի համարժեքն ես ստեղծում: Այս շքանշանից հետո էլ ոչինչ չի փոխվել, որովհետեւ աշխատանքս նախկինի նման վաղ առավոտյան շարունակվելու է նույն ձեւով: Բայց ուրախ եմ, որ ըստ արժանվույն գնահատվեցի»,- ասաց հրապարակախոսը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով հատկապես կնոջը, որը «դեկալիտրերով թեյ ու սուրճ է տվել իրեն, ոգեւորել աշխատել՝ ուսերին վերցնելով կենցաղային հոգսերը»: Նա, իբրեւ փորձառու լրագրող, քննադատեց այսօր գործող բոլոր հեռուստաընկերությունների աշխատաոճը. «Բոլորին էլ չի բավականացնում չափի զգացողությունը: Ազատությունը երբեք այն չէ, թե ինչ կարող ես անել: Ազատությունն այն է, թե ինչ չպետք է անես: Ընդհանրապես այսօրվա ժուռնալիստիկային անհրաժեշտ է ավելի շատ խորք, առավել ճշգրտություն եւ մեծ անկեղծություն»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել