Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդ են, թող կանչեն՝ զրուցենք»

Ապրիլ 22,2004 00:00

«Ալամ-աշխարհի չեմպիոնը» նեղացած է, որ իրեն ուղիղ եթեր չեն տալիս

«Թողնես մեծ-մեծ կխոսեն՝ անկախ ենք, տղամարդ ենք, ազատ ենք, չենք վախում…Բա ինչի՞ եք վախում ինձ ուղիղ եթեր կանչեք, մի քիչ խոսենք: Էս մի տարի է, անընդհատ ղզիկ-ղզիկ խաբում են՝ էսօր, էգուց… Էն օրվանից, ինչ «Ա1+»-ը փակվեց, ոչ մի ազատ ալիք չկա, բոլորը վախկոտի մեկն են»,- աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին ոչ մի կերպ չի հաջողվում հայ ժողովրդին իր մտահոգությունները հայտնել:

Ըստ նրա, այսօր ժողովրդի հիմնական մասը թերթ չի կարդում, քանի որ չունի այդ հնարավորությունը, իսկ ինքն ասելիք ունի հայկական սպորտի, եւ ընդհանրապես՝ կյանքի վերաբերյալ. «Հեսա օլիմպիադան է, թող կանչեն, ասեմ մի երկու խոսք: Մի փոքր ես էս սպորտի մեջ դեմք եմ եղել, համաձայն չե՞ս: Էսօրվա պատմություն գրողները էնքան դաժան են իրենց ազգի հանդեպ, որ ուզում են ինձ դուրս գցեն պատմությունից, վերցրել են արխիվներից իմ բոլոր մրցամարտերը ջնջել են»: Ըստ «ալամ-աշխարհի չեմպիոնի», առաջիկա օլիմպիադայում «ինչի որ պիտի հասնեինք, արդեն հասել ենք՝ մի քանի մասնակից: Դրանից ավելի չի լինի: Հոգեբանորեն պատրաստ չեն: Կան տղերք, որ կարող են արդյունք ցույց տալ, բայց էդ տղերքի հանդեպ մոտեցումը բերել է նրան, որ էդ երեխեքը տուրիստի պես գնալու են, ֆռֆռան, գան»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ չի համաձայնվում տեսագրված հաղորդման մասնակցել, նա պատասխանեց. «Ես հո հարիֆ չեմ, գնամ զապիս անեն, հետո իրենց ուզածի պես մոնտաժ անեն, որ նայեմ՝ գլուխս բռնեմ, գժվեմ՝ վա~յ, ախպեր, էս ե՞ս եմ: Թող կանչեն՝ ուղիղ նստենք, խոսենք: Կան, չէ՞, «Ար»-ով, «Կենտրոնով», «ԱԼՄ»-ով տենց հաղորդումներ՝ ում ասես, բերում են, զրուցում: Գոնե մի կարգին մարդ խոսի, որ էս ազգին մի օգուտ տվել է, ասենք, մի գիտնական, մի դերասան, մի բժիշկ, թե չէ՝ բերում են, նստացնում, կուսակցական են, բազե են, ագռավ են, ինչ են, ու դրանք մեզ խելք են սովորացնում՝ ազգ, երկիր, հայրենիք… Տո, դու շատ գիտես, թե ազգն ի՞նչ է, երկիրն ի՞նչ է, այ ջահել: Իսկ ինձ մի տարի է, խաբում են: Էդքան վա՞տն եմ, թող կանչեն, մի հատ լավ խայտառակ անեն ինձ, որ էս ժողովուրդն ինձնից զզվի, էլ չուզի երեսս տեսնի: Մարդիկ կան, հարգում են, փողոցում տեսնում են, ասում են՝ մեր ազգի պարծանք, մեր ազգի հպարտություն, թող տեսնեն ինձ ուղիղ եթերում, զզվեն, ինձնից երես թեքեն»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել