ՀԵՐԹԱՊԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ
Հիմնականում կիսելով «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի՝
Արմեն Դարբինյանի հետ ունեցած զրույցի ընթացքում արտահայտած կարծիքները՝
համոզված եմ. ավելի վաղ եւ շոշափելի կլինեն մեր ձեռքբերումները, եթե ոչ ոք
չգերագնահատի իր դերը:
Ամենալայն իմաստով՝ ով ասես փիլիսոփայում է ժողովրդավարության եւ նրա դերի մասին, սակայն բնական զուգադիպությամբ՝ ոչ ոք չի նկատում, որ նույն պահին հենց ինքն է մտնում հասարակական գործընթացներ վարողի դերի մեջ՝ մոռանալով, որ այդ դերը ժողովրդին թողնելն է ժողովրդավարությունը:
Ուզում եմ Արմեն Դարբինյանին, Խոսրով Հարությունյանին, նույնիսկ իշխանական կոալիցիայի առաջնորդներին (շարքերը երբեք ոչինչ չեն որոշել) ու նաեւ այդ թեմայով երեսպաշտությամբ զբաղված մնացածներին ասել՝ բավակա՛ն է, ազատեցեք մեզ ձեր բարությունից ու ողորմածությունից, փորձեք այսօրվա ԱԺ-ից եւ Սահմանադրության երաշխավորի բարձրագույն դերը ստանձնած նախագահից պահանջել՝ հարգել մեր Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդին թույլ տալ-չխոչընդոտել ազատորեն արտահայտել իր կարծիքն ու ցանկությունները եւ ամեն ինչ կգտնի իր ճիշտ ու բնական տեղը: Հերթապահ դատապարտումներից անցեք կոնկրետ գործողությունների եւ հուշեք ձեր իսկ տվյալներով 23 հազար մարդուն` ինչպե՞ս արտահայտեն իրենց բողոքն ու պահանջները, որ չձերբակալվեն ու դաժանորեն չծեծվեն:
Խնդրում եմ նաեւ պարզաբանեք մի շատ էական հարց: Դուք գտնում եք, վարչապետն էլ պատրաստվում է Նախագահին առաջարկություն ներկայացնել Վաղարշակ Հարությունյանին ու մյուսներին ազատ արձակելու մասին: Այդ ինչո՞ւ: Եթե նրանք հանցագործություն են կատարել, ինչու՞ չպետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե հանցագործություն չեն կատարել եւ պետք է ազատ արձակվեն՝ ինչու՞ չեք պահանջում ոչ թե վերացական պատասխանատվության ենթարկվեն, այլ կալանավորվեն նրանց դեմ սանձազերծված քաղաքական հալածանքի բոլոր կազմակերպիչներն ու իրագործողները: Թե՞ բոլորդ եք կողմ, որ օրենքները գործեն քաղաքական նպատակահարմարության սկզբունքով:
Մի՛ հապաղեք, եւ մարդիկ ձեզ էլ կսկսեն հավատալ: Ընտրությունը ձերն է:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ