Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձերբակալություններ՝ երթից առաջ եւ հետո

Ապրիլ 22,2004 00:00

«Ժողովուրդ՝ գնացե՛ք խաղաղությամբ, հենց մեկին կբռնեն՝ ձայն կհանեք»

Ալբերտ Բազեյանի այս խոսքերով ավարտվեց երեկ ընդդիմության հանրահավաքից հետո տեղի ունեցած երթը, որը սկսվեց ու ավարտվեց «Ազատության» հրապարակում՝ շրջանցելով Բաղրամյան պողոտան։

Մեզ հետ զրույցում անդրադառնալով հանրահավաքի եւ երթի խաղաղ ընթացքին (իշխանությունները, համենայնդեպս, ուժի ցուցադրում չկազմակերպեցին), «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը նկատեց, որ «բռնությունները շարունակվում են, ուղղակի նորացված՝ 13-ի իրադարձությունների ֆոնի վրա, դրական բնութագիր ձեռք բերելու ակնկալիքով»։ Ապա կանխատեսեց, որ երթի «100-ավոր մասնակիցների նստեցնելու են»։

Ի դեպ, ձերբակալությունների հերթական ալիքն արդեն առավոտից սկսվել էր։ Այս անգամ ոստիկաններն աչքի էին ընկել մարզային գործունեությամբ։ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Դուստրիկ Մխիթարյանից ստացած տվյալներով՝ ամսի 19-20-ին ձերբակալվել են 7-8 մարդ։ Մասնավորապես, երեկ ձերբակալվել է Արարատի մարզի Ազատավան համայնքի ՀԺԿ կառույցի ղեկավար Արամ Արմենյանը։

«Հանրապետություն» կուսակցությունից տեղեկացրին, որ երեկ վաղ առավոտյան ձերբակալվել է նաեւ Արմավիրի մարզի իրենց կառույցի ղեկավար Ազատ Գրիգորյանը։ Ոստիկաններն առավոտ կանուխ հայտնվել են նրա տանը եւ հայտարարել, որ Ա. Գրիգորյանին ձերբակալելու հրահանգ ունեն։ Վերջինս, ի դեպ, թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է, իսկ կիրակի օրը Արմավիր քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Ձերբակալվել է նաեւ նույն կուսակցության Փարաքարի սկզբնական կառույցի ղեկավար Էդիկ Կարապետյանը։ Նրան բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենան։ «Հանրապետություն» կուսակցությունից տեղեկացրին նաեւ, որ մինչ հանրահավաքի սկսվելը մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում ոստիկանները կանգնեցրել են համայնքի բնակիչներին «Ազատության» հրապարակ տեղափոխող երկու ավտոբուսներ, վարորդներին ծեծի են ենթարկել, ուղեւորներին՝ հրահանգել վերադառնալ իրենց բնակարաններ։

Ուշ երեկոյան ՀԺԿ գրասենյակից տեղեկացրին, որ հանրահավաքից հետո, Մաշտոցի պողոտայում ձերբակալվել են Արմավիրի Առատաշեն գյուղի 25 բնակիչներ։ «Ազգային միաբանության» գրասենյակից տեղեկացրին, որ նույնպես հանրահավաքից ու երթից հետո ձերբակալվել են Երեւանի 3 բնակիչներ՝ Մանուկյան Արմեն, Աբրահամյան Վարդան, Մելքումյան Նարինե։ Աշտարակ քաղաքի եւ շրջանի գյուղերի 8 բնակիչ՝ Բաղդատյան Իշխան, Ավետիսյան Գագիկ, Ավետիսյան Նուրիջան, Զարգարյան Շեքսպիր, Նանյան Գրիգոր, Ավետիսյան Լեւոն, Խաչիկ, Արամ (վերջիններիս ազգանունները ճշտված չէին) եւ Արմավիրի մարզի 3 բնակիչներ՝ Վարդան Վարդանյան, Գեւորգ Սարգսյան, Գեւորգ (ազգանունը ճշտված չէր)։ Իսկ մինչեւ հանրահավաքը ձերբակալություններ են եղել «ԱՄ»-ի Մաշտոցի, Էրեբունու եւ Հարավ-Արեւմտյան թաղամասի գրասենյակներից։

Ըստ՝ «Արդարությունը» ներկայացնող Դուստրիկ Մխիթարյանի, այս անգամ փոխված է եղել ճանապարհները փակելու մարտավարությունը։ Այս անգամ, ինչպես ասում են, բռնել են կոկորդից։ Մայրաքաղաք մտնող մայրուղիները բաց են եղել, փոխարենը հսկողություն է սահմանվել գյուղերից եւ քաղաքներից դուրս եկող ճանապարհների վրա։ Ոստիկանների ակտիվությունը դրսեւորվել է հատկապես Արմավիրում, Վանաձորում, Գյումրիում, Թալինում։

Կուսակցությունների գրասենյակներից տեղեկացրին, որ ձերբակալությունները շարունակվում էին։ Ի դեպ, մարդու իրավունքների թիվ մեկ պաշտպան Լարիսա Ալավերդյանը գիշերը գրասենյակում պետք է անցկացներ՝ իր առաքելությունը կատարելու համար։ 22:30-ի դրությամբ, ինչպես մեզ փոխանցեց տիկին Ալավերդյանը, ինքը դեռեւս ոչ մի բողոք չէր ստացել։ Ընդառաջելով օմբուդսմենի խնդրանքին՝ մեր ունեցած վերոբերյալ տեղեկությունները փոխանցում ենք նրան։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել