Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՇԱԼԱՐ ՋՐԱՑԱՆԻ ՄԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ

Ապրիլ 22,2004 00:00

Կառավարության շենքը, որի մոտով երեկ երթով անցան ցուցարարները, պահպանում էին ընդամենը մի քանի ոստիկաններ: Իսկ նախագահի նստավայրի մոտ դարձյալ զինվորներով լեցուն բազմաթիվ ավտոբուսներ կային ու փշալարի մեքենա: Սակայն ցուցարարները չգնացին այդ կողմ:

Երեկվա հանրահավաքի «գլխավոր հերոսը» Ռոբերտ Քոչարյանն էր, որի նախօրեին արտահայտած մտքերին էր նվիրված ելույթների զգալի մասը:

Խախտելով հաստատված ավանդույթը՝ այս անգամ առաջինը ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ազդարարեց. «Բռնություններին ապավինող իշխանությունը դատապարտված է»: Անդրադարձավ նաեւ երկխոսության անհրաժեշտության մասին պնդումներին. «Երկխոսություն կարող է լինել այն դեպքում, երբ բոլորը գործում են օրենքի շրջանակում. ոչ թե իրենց դնում են օրենքից դուրս եւ կոչ անում երկխոսության»:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը նշեց, թե անգամ այնքան զարհուրելի չէ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածը, որքան որոշ մեծահարուստների եւ Քոչարյանի մեկնաբանությունները. «Նա ազնվորեն հավասարության նշան դրեց «Կոլցո» օպերացիայի եւ լույս 13-ի «Կոլցո» գործողության միջեւ: Համաձա՛յն եմ, եւ բոլորովին էլ չեմ առարկում, քանի որ իր բարբարոսությամբ, կազմակերպման կեղտոտ ոճով այն ոչնչով չէր տարբերվում «Կոլցո» օպերացիայից: Մի տարբերություն կար՝ այնտեղ ջարդում էին օտարազգի զինվորները, իսկ այստեղ ջարդում էին հայ երիտասարդները եւ ոստիկանները»: Ի դեպ, պրն Քոչարյանի մեկ այլ պնդման առնչությամբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը հիշեցրեց, թե ատոմակայանը փակվել է ոչ թե իրենց պահանջով, այլ «Մոսկվան վախեցավ» Չեռնոբիլի եւ Սպիտակի աղետներից հետո:

ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանն անդրադարձավ մոսկվաբնակ գործարար Լեւոն Չախմախչյանի հեռուստաելույթներին. «Նա վաղուց մոռացել է մայրենի լեզուն, մոռացել, թե ինչ է հայ ժողովուրդն ու Հայաստանը եւ մեզ բոլորիս անվանում է թալիբներ: Ուզում եմ հարց տալ՝ մոր ներկայանալու համար 16 տարեկան աղջկան պատանդ տանողն ի՞նչ ազգ է: Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան ներխուժողը, նրա նամակները ոտնատակ տվողը եւ ցուցանմուշներ առգրավողն ի՞նչ ազգ է (լեփ-լեցուն հրապարակից լսվեցին բազմաթիվ պատասխան բացականչություններ. «Թո՛ւրք»): Ուզում եմ հարցնել՝ Բաղրամյան պողոտայում «Կոլցո» օպերացիա իրականացնելու հրաման տվողն ի՞նչ կուսակցությունից է: Այստեղ ազգությունը կարեւոր չէ՝ չեմ կարծում, թե դա հայ ժողովրդի մենթալիտետն է»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականով՝ Ռոբերտ Քոչարյանի ելույթը չէր համապատասխանում ո՛չ քաղաքական, ո՛չ պետական, ո՛չ ազգային գործչի չափանիշների, այլապես պիտի խնդիրների լուծումներ առաջարկվեին երկրում լարված իրավիճակը հաղթահարելու համար, եւ ոչ թե դրսեւորեր «բետոնե պատի» անհաղորդություն. «Եվ ընդհանրապես՝ մենք անընդհատ դա տեսնում ենք. վերցնում ես մի փոքր մարդ, նստեցնում հսկա պետական մեքենային ու իրեն փի՜ղ է զգում, Նապոլեո՜ն, որն ինքը պիտի որոշի՝ երկիրն ինչպես է պտտվելու, մենք ոնց ենք ապրելու»: Վազգեն Մանուկյանը նաեւ զգուշացրեց, որ պայքարը տեւելու է երկար. «Մի՛ տրամադրվեք հեշտ հաղթանակների»:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ վարչապետի առաջարկին՝ դադարեցնել հանրահավաքները, որ ինքը կարողանա քաղաքական իրադրության փոփոխման հիմքով միջնորդել Քոչարյանին ազատ արձակել կալանավորվածներին: «Համաձա՞յն եք, որ մենք դա անենք»,- դիմեց նա բազմահազար հանրահավաքին, եւ ստացավ բացասական պատասխան, իբրեւ ապացույց նրա հետագա պնդման, թե 25-30 պատգամավորները չեն կարող լարվածություն առաջացնել երկրում, եթե չլինի «ժողովուրդ, որը մեզնից պահանջում է այս գործողությունները»: Բնութագրելով ապրիլի 12-ից հետո ստեղծված իրավիճակը՝ Արամ Սարգսյանն ասաց. «Երկրում մոլեգնում է ոստիկանական տեռորը»: Անգամ հավաքական անուն առաջարկեց. «Փշալար Ջրացանի Մահակյան կամ Մահակ Փշալարի Ջրացյան»: Դատախազությանը կոչ արեց պատասխանատվության կանչել նրանց, ովքեր հրահանգել էին միջազգային համաձայնագրերով արգելված հատուկ միջոցներ՝ մասնավորապես էլեկտրաշոկ կիրառել ցուցարարների դեմ:

«Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը ապրիլի 12-ի գիշերվա մասին ոստիկանության հաղորդագրությունից «բացահայտել» էր, թե «Ջերմուկը» պայթուցիկ խառնուրդ է: Ակնարկելով նախարար Անդրանիկ Մանուկյանի բացահայտումները, թե հանրահավաքին մասնակցողները 2-3 հազար դրամ են ստանում, դա գնահատեց իբրեւ վիրավորանք ժողովրդի հասցեին: «Մեզ քաղաքացիական բախումներ պետք չեն,- նաեւ ասաց պրն Բազեյանը:- Կա ռուսական ասացվածք, թե վատ նավապետից ազատվելու համար չարժե խորտակել նավը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մի զուգահեռ տարավ, թե երբ Ֆրանսիայի Սենատը քննարկում էր Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայերը շրջափակել էին Սենատի շենքը, երգում էին եւ արտասանում, փակվել էին 4 փողոցներ,- «Սակայն եւ ոչ մի ֆրանսիացի ոստիկանի կամ Ֆրանսիայի նախագահի մտքով չանցավ, որ հրահանգեր նրանց բացել ճանապարհները կամ փշալարերով շրջափակեին Սենատը, որը վերջիվերջո փակել էր օտար ժողովուրդ»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը խոսեց վերջում եւ Ռոբերտ Քոչարյանին բնորոշեց իբրեւ «Մարդ, որը ժողովրդի հետ խոսում է միայն փշալարերի ետեւում թաքնված, մարդ, որը միայն եւ միայն ապավինում է բիրտ ուժին»:

Ամփոփելով հանրահավաքը՝ նշենք, որ այն առատ նյութ մատակարարեց գլխավոր դատախազությանը՝ հարստացնելու ընդդիմության դեմ հարուցված իրենց քրգործի նյութերը: Թեեւ, նաեւ նշենք, որ Ռաֆայել Ղազարյանը նախապես էր ասել. «Ես իշխանությանը չեմ վիրավորում: Ես իշխանությունը հարգող մարդ եմ: Բայց նրանք իշխանություն չեն: Ես վիրավորում եմ իշխանությունը զավթածի՛ն»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, հանրահավաքից առաջ երաժշտություն էր միացված:
Ու գուցե ոմանք պարեին էլ, սակայն Սմբատ Այվազյանն «առարկեց», թե նախ պետք
է Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հարցնել՝ արդյոք պարելու տե՞ղ է Ազատության
հրապարակը: Պարզաբանումը թերեւս հնարավոր լինի ստանալ մինչեւ ապրիլի 27-ի
ժամը 16-ի հանրահավաքը, որն անվանվեց «վճռական» եւ ակնարկներ հնչեցին, թե
այդ օրը երթ է արվելու Բաղրամյան պողոտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել